Դանիայում ստեղծել են օրիգամիի ոճով օձակերպ ռոբոտ, որը կկիրառվի հետազոտական ​​և փրկարարական նպատակներով (տեսանյութ)

13 մարտի, 2024  22:28

Հարավային Դանիայի համալսարանի գիտնականների թիմն ստեղծել է օրիգամիի ոճով օձակերպ ռոբոտ, որն ունակ է օձի պես շարժվել և պատրաստված է նորարարական կոմպոզիտային նյութից: Այս ռոբոտը նոր հնարավորություններ է բացում որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու և Երկրի ու այլ մոլորակների վրա անհասանելի տարածքների ուսումնասիրության համար։

Երբ մարդկանց մեծամասնությունը պատկերացնում է, որ օձը սահում է գետնի վրայով, նրանք հավանաբար մտածում են այն մասին, որ այն ծալվում է S-աձև շարժումներով: Իրականում շարժման այս ձևը, որը հայտնի է որպես սերպանտին, մեկն է այն չորս ձևերից, որ սովորաբար օգտագործում են օձերը։ Դանիացի գիտնականների մշակած ռոբոտը շարժվում է ուղղագիծ շարժման մեթոդով, որն օձերն օգտագործում են՝ հաղթահարելու համար նեղ տարածությունները, որտեղ հնարավոր չէ կիրառել շարժման մյուս մեթոդները։  

Ուղղագիծ շարժումը չի ներառում մարմնի ծռմռում, այլ ենթադրում է մկանների հաջորդական կծկում և թուլացում՝ սկսած գլխից մինչև պոչ: Մարմնի փորային կողմի մաշկի ճկունության շնորհիվ այս մեթոդը օձին թույլ է տալիս արդյունավետ բռնվել գետնի մակերեսից և մարմինը քաշել առաջ:

Ռոբոտը կառուցված է այնպես, որ կարողանում է այս սկզբունքը կիրառել իր մոդուլային հատվածներով, որոնք պատրաստված են կոմպոզիտային նյութից՝ թեթև գերբարձր մոլեկուլային քաշի պոլիէթիլենի (UHMWPE) հիման վրա։ Այս նյութը, որը համարվում է աշխարհի ամենաուժեղ սինթետիկ մանրաթելը, լազերով կտրվում և ծալվում է օրիգամիի պես, այնուհետև ջերմության միջոցով սեղմվում է ծալքավոր հատվածներ ձևավորելու համար:

Ռոբոտն առաջ է շարժվում օդի կիսաթափանցելի պարկերի շնորհիվ, որոնք պատրաստված են նույն նյութից և գտնվում են յուրաքանչյուր հատվածի ստորին մասում։ Ռոբոտի ներսի երկայնքով անցնող սիլիկոնե խողովակն իմպուլսներ է հաղորդում և օդ է մղում այս պարկերի մեջ, ապա դուրս հանում օդը, ինչի արդյունքում պարկերն ընդարձակվում են և այնուհետև կծկվում։

Այս մշակումը մի շարք առավելություններ ունի ավանդական օձակերպ ռոբոտների նկատմամբ. այն արտադրելը համեմատաբար էժան է, և շնորհիվ իր թեթևության և ճկունության՝ ռոբոտը կարողանում է արդյունավետորեն թափանցել դժվար հասանելի վայրեր՝ պահպանելով մարմնի ուղիղ դիրքը: Գիտնականները ներկայումս աշխատում են ռոբոտ օձի ինքնավար տարբերակի վրա, որի ներսում օդային պոմպ կա, և որը, ինչպես ակնկալվում է, կավելացնի նրա արագությունն ու մանևրելու ունակությունը:

 


 
 
 
 
  • Արխիվ