Ինչպե՞ս է Հայաստանում մշակված BeeGraphy հարթակը բարելավում դասավանդման գործընթացը Նանտի ճարտարապետության բարձրագույն դպրոցում. հարցազրույց Լորան Լեսկոպի հետ

11 ապրիլի, 2024  19:28

Նախապես սահմանված պարամետրերի վրա հիմնված բարդ ձևեր և կառուցվածքներ ստեղծելու իր ունակությամբ հաշվողական/ալգորիթմիկ դիզայնը զգալիորեն առաջ է մղել 3D մոդելավորման ոլորտը: Այս մոտեցումը վերջին տարիներին հսկայական տարածում  է գտել: Շարժման առաջնագծում կանգնած է BeeGraphy հարթակը, որը մշակվել է Հայաստանում: Հարթակի նորարարական լուծումները լայնորեն կիրառվում են աշխարհի բազմաթիվ  հեղինակավոր ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ հայտնի Նանտի ճարտարապետության բարձրագույն դպրոցում  (ENSA Nantes), որը գտնվում է Ֆրանսիայում: Դպրոցի պրոֆեսոր Լորան Լեսկոպն  ընդգծում է BeeGraphy-ի նշանակալի առավելությունները հաշվողական  դիզայնի մեջ։ Նա մանրամասնում է, թե ինչպես է հարթակը բարելավել դասավանդման գործընթացը՝ ուսանողներին հնարավորություն տալով ավելի արդյունավետ  ընկալել կոնցեպտները: Լեսկոպը նաև պատմում  է, թե ինչպես է տեղի ունեցել ծանոթությունը Հայկական  այս թիմի հետ:

Ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր «առաջին ծանոթությունը» BeeGraphy-ի հետ, և ինչպե՞ս որոշեցիք ներառել այն Նանտի ճարտարապետության բարձրագույն  դպրոցի ուսումնական ծրագրում:

Ես մշտապես փնտրում եմ արդյունավետ գործիքներ՝ ուսանողներին խրախուսելու, որպեսզի ավելի շատ խորանան թվային գործիքների օգտագործման մեջ: Ես խորապես համոզված եմ, որ առաջադեմ ծրագրերին, մասնավորապես ալգորիթմիկ գործիքներին տիրապետելը մեզ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ լուծել բարդ հարցերը: Ինչո՞ւ։ Քանի որ այն համապատասխանում է մեր մտքերի բնական ընթացքին: Ես օգտագործում էի Grasshopper-ը [տեսողական ծրագրավորման պլագին CAD-ում, որը կոչվում է Rhino 3D], սակայն ի հայտ  եկավ BeeGraphy-ն, որն ապահովում է էրգոնոմիկ և մատչելի մուտք դեպի տեսողական ծրագրավորման աշխարհ: Ուստի որոշեցի փորձել այն:

Կարո՞ղ եք մանրամասնել, թե կոնկրետ ինչպես եք օգտագործում BeeGraphy-ն Ձեր պրակտիկայում: Արդյոք այս ինտեգրումն ազդե՞լ է դասավանդման գործընթացի վրա:

BeeGraphy-ն ծառայում է երկու հիմնական նպատակի. նախ՝ այն գործում է որպես «վիրտուալ ալգորիթմիկ էսքիզավորման» գործիք: Սա նշանակում է, որ մենք կարող ենք ուսումնասիրել ձևերը, կառուցվածքները կամ կոնցեպտները՝ օգտագործելով պարամետրիկ գործառույթներ: Մենք կարող ենք ձգել, փոխել ձևը կամ օգտագործել պատահական գործառույթներ անսպասելի և ոգեշնչող արդյունքներ ստեղծելու համար: Օրինակ՝ ես կարող եմ BeeGraphy-ից պատկեր ներբեռնել Stable Diffusion՝ պատկերացնելու համար նախագծի հետագա զարգացումները՝ տեքստուրայի, նյութերի և շրջակա միջավայրի պարամետրերով: Ես կարող եմ նաև տպել մասշտաբային մոդել և կազմել տարբերակներ այլոց հետ կիսվելու համար:

Ալգորիթմիկ հավելվածները սովորական ծրագրերի նման չեն, դրանք այլ տրամաբանությամբ են գործում: Օրինակ՝ Word կամ AutoCAD ծրագրերում գործառույթները ներառված են մենյուներում, որոնց օգտվողները պետք է ծանոթ լինեն, իսկ ծրագրաշարը կատարում է նախապես սահմանված առաջադրանքները: Այնուամենայնիվ, BeeGraphy-ի համանման ալգորիթմիկ հավելվածների դեպքում օգտվողները պետք է ձևակերպեն իրենց տրամաբանական մտքերը և իրականացնեն դրանք: Հետաքրքիր է, որ BeeGraphy-ում սահմանումները վերլուծելիս այն տեսողականորեն արտացոլում է դրա ստեղծման հիմքում ընկած մտածողության գործընթացը: Սա բացահայտում է, թե արդյոք մտքերը տատանողական են եղել, թե մտածված, արդյոք հենց սկզբից հստակությունն ակնհայտ է եղել, թե միտքը աստիճանաբար է զարգացել՝ նախագծման ընթացքում: Այս ամենը դասավանդման գործընթացը դարձնում են գրավիչ և արդյունավետ:

Որո՞նք են BeeGraphy-ի հիմնական առանձնահատկությունները, որ բերեցին Ձեզ այն ինտեգրելու որոշմանը։

Նախ՝ BeeGraphy մուտք գործելն ավելի հեշտ է քան Grasshopper, որը պահանջում է Rhino արտոնագիր, և որը կարող է թանկ լինել ուսանողների համար: Երկրորդ՝ BeeGraphy-ն ապահովում է միատեսակություն, քանի որ բոլորին հասանելի են միևնույն տարբերակը և ծրագրային ապահովման թարմացումները, ինչը կարևոր է ուսուցման գործում հետևողականության համար: Երրորդ՝ դրա էրգոնոմիկ դիզայնը շատ լավն է. այն նման է Grasshopper-ին, բայց տեսողական առումով ավելի գրավիչ միջերես ունի: Գույների օգտագործումը օգնում է հասկանալ բաղադրիչների միջև կապը: Բացի դրանից՝ BeeGraphy-ն առաջարկում է հնարավորություններ արդյունքները ցուցադրելու և իրական միջերեսներ ստեղծելու համար: Այն նաև տրամադրում է կիսվելու բազմաթիվ տարբերակներ՝ օգտվողներին հնարավորություն տալով այլոց հետ կիսվել սահմանումներով և հեշտությամբ ներբեռնել մոդելները:

Կարո՞ղ եք նշել որևէ զգալի ձեռքբերում կամ հաջողված նախագիծ, որոնք Ձեր ուսանողները իրականացրել են BeeGraphy-ի միջոցով։

Ուրախալի է, երբ սկսնակներն ասում են, որ առաջին անգամ են կարողացել հաջողությամբ ավարտել ալգորիթմիկ դիզայնի նախագիծը: Նրանցից շատերը նախկինում փորձել են Grasshopper-ը և, սահմանափակ հաջողություն ունենալով, չեն շարունակել: Հաճելի է լսել, որ BeeGraphy-ի մեջ խորանալով, նրանք կարողացել են հասնել դրական արդյունքների: Ավելի փորձառու օգտատերերը հաճախ համեմատում են BeeGraphy-ին նախկինում օգտագործած ծրագրաշարի հետ և գտնում են, որ այն ավելի հեշտ է օգտագործելը։

Առհասարակ ի՞նչ մարտահրավերների է այսօր բախվում դասախոսը/դասավանդողը։

Դասավանդման գործընթացը շատ է փոխվել։ Նախկինում այն ներառում էր դասավանդողի կողմից ուսանողներին գիտելիքների միակողմանի փոխանցումը, որին հաջորդում էր գնահատումը, թե որքանով են նրանք հասկացել նյութը: Այս մոտեցումն այլևս արդիական չէ: Մեր օրերում ուսուցումը ներառում է համատեղ ջանքեր, որտեղ և՛ ուսուցիչները, և՛ ուսանողները միասին աշխատում են բարդ խնդիրներ լուծելու համար: Որպես դասավանդող իմ դերն է ուղղորդել ուսանողներին, նրանց հետ կիսվել գիտելիքներով, արագացնել գործընթացը և ուսումնասիրել լուծումների տարբեր ուղիներ: Այնուհետև յուրաքանչյուր ուսանող գծագրում է իր գործողությունների ընթացքը: Դա գործնական, ակտիվ ուսուցման մոտեցում է, որտեղ ուսանողները սովորում են կատարելու միջոցով: Որպես դասավանդողներ մենք զգալի ջանքեր ենք ներդնում յուրաքանչյուր դասին պատրաստվելու համար՝ կանխատեսելով տարբեր սցենարներ և հարցեր: Մենք պետք է կարողանանք պատասխանել հարցերի մեծ մասին, ցույց տալ, որ մենք էլ ուսանողների հետ միասին ակտիվորեն ներգրավված ենք լուծումներ գտնելու գործընթացին, ոչ թե պարզապես դասախոսություններ ենք կարդում: Արդյունքը երկկողմանի է. նախ՝ մենք ցույց ենք տալիս, որ յուրաքանչյուր խնդրի համար կան բազմաթիվ ողջամիտ լուծումներ, և երկրորդ՝ ուսանողներին ներգրավում ենք հետազոտության վրա հիմնված գործընթացում, որն սկսվում է խորաթափանց հարցեր տալով:

Վերջերս Ձեր հրապարակած ուսումնական ուղեցույցում BeeGraphy-ի միջոցով ցուցադրել եք արեգակնային ուղին՝ որպես մոդել քաղաք նշելով Երևանը: Կարո՞ղ եք մի փոքր ավելին պատմել դրա մասին:

Արեգակնային ուղու հայեցակարգը BeeGraphy-ն ուսումնասիրելու շահեկան  հնարավորություն է՝ սկսնակների համար: [Արեգակնային ուղին այն հետագիծը կամ ճանապարհն է, որով արևն անցնում է երկնքով՝ ողջ օրվա կամ ամբողջ տարվա ընթացքում: Այս ուղու վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրի պտույտը, դրա թեքությունն իր առանցքի շուրջը և ուղեծիրը Արեգակի շուրջը։ Արեգակնային ուղիների ուսումնասիրությունը ներառում է պատկերացումները, թե ինչպես է փոխվում Արեգակի դիրքը երկրի վրա որոշակի վայրի նկատմամբ օրվա տարբեր ժամերի և տարվա տարբեր ժամանակներում]: Ալգորիթմ մշակելու համար ուսանողները պետք է սովորեն, թե ինչպես աշխատել և կառավարել տվյալները՝ կիրառելով տարբեր գործիքներ, ինչպես նաև որոշակի գիտելիքներ ունենան եռանկյունաչափությունից: Արեգակնային ուղիների ուսումնասիրությունը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են կողմնորոշվել հնավայրերը՝ դարձնելով դրանք արժեքավոր հնագիտության և ժառանգության պահպանման համար: Այն շատ ակտուալ  է  ժամանակակից ճարտարապետության մեջ, որտեղ ճարտարապետներն օգտվում են արեգակնային ուղիների մասին գիտելիքներից՝ կայուն շենքերի նախագծման համար: Հաշվի առնելով Հայաստանի հարուստ ժառանգությունը և ժամանակակից շինությունները՝ այս գիտելիքները առանձնահատուկ նշանակություն ունեն երկրի համար:

Հաշվի առնելով Հայաստան-Ֆրանսիա բարեկամական կապերը, BeeGraphy ընկերության հայկական «ծագումը» ազդեցություն ունեցե՞լ  է ուսումնական ծրագրում այն ներառելու Ձեր որոշման վրա

Ես չգիտեի, որ նրանք Հայաստանից են։ Երբ առաջին անգամ հայտնաբերեցի BeeGraphy-ն, նկատեցի, որ ամերիկյան բյուրո (գրասենյակ) էր նշված, ինչն ինձ ստիպեց ենթադրել, որ դա ամերիկյան ընկերություն է, գուցե հայկական արմատներով, բայց միանշանակ ամերիկյան: Կարծում էի, որ դա հայկական ծագում ունեցող տղաների մի խումբ է, որը հավաքվել է ԱՄՆ-ում նորարարական նախագիծ իրականացնելու համար: Ես  ստեղծեցի իմ առաջին ուսումնական ուղեցույցը և այն հրապարակեցի LinkedIn հարթակում, Լեռնիկը [BeeGarphy-ի պրոդուկտների գծով գլխավոր տնօրեն Լեռնիկ Միրզախանյանը] նկատել էր նյութս և կապ հաստատեց ինձ հետ: Մեր նամակագրության ընթացքում ես իմացա, որ թիմն իսկապես Հայաստանում է գործում:

Մինչ այդ որևէ առնչություն ունեցե՞լ էիք Հայաստանի կամ հայերի հետ:

Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր՝ ֆրանսիացիներիս սրտերում։ Մենք հիացած ենք Հայաստանի բազմաթիվ մեծանուն արվեստագետներով և քաղաքական գործիչներով: Այս տարին հատկապես նշանակալից է, քանի որ Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունն ամփոփվեց Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում։ Ես շատ հպարտ եմ, որ իմ երկիրը պատվել է օտարերկրյա պարտիզանի, հատկապես Մանուշյանի սխրագործությունները։ 

Անձամբ ես միշտ երազել եմ Հայաստան այցելելու մասին, իսկ իմ որդիները հնարավորություն են ունեցել մեկնել այնտեղ և հիացած էին թե՛ երկրով, թե ՛ մարդկանցով։ Բացի դրանից՝ շուրջ մեկ տարի է ունեմ մի հրաշալի ասպիրանտ, Արփի Մանգասարյանը՝ Երևանից: Մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի ստանանք Ֆրանսիայի  մշակույթի նախարարության դրամաշնորհը: Արփին բացառիկ տաղանդավոր և հմուտ անձնավորություն է։ Այս ամառ Երևան կատարած այցի ընթացքում նա հնարավորություն է ունեցել հանդիպելու BeeGraphy-ի թիմի հետ: 

Ծրագրու՞մ եք արդյոք այցելել Հայաստան՝ հանդիպելու BeeGraphy-ի թիմին կամ պարզապես տեսնելու երկիրը

Այո՛, հենց կարողանամ, անպայման կայցելեմ: Անհամբեր սպասում եմ այդ օրվան։ Գուցե այս ամառ։


 
 
 
 
  • Արխիվ