Instagram-ում մի շարք օգտակար գործառույթներ են ավելացել

6 մարտի, 2024  16:06

Instagram-ի մշակողները հավելվածում մի շարք օգտակար գործառույթներ են ավելացրել, որոնք էլ ավելի հարմարավետ կդարձնեն այս սոցցանցի օգտագործումը, հայտնում է The Verge-ը։

Մասնավորապես, օգտատերերն այսուհետ կկարողանան խմբագրել հաղորդագրությունները դրանք ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում։ Դա անելու համար հարկավոր է սեղմել ուղարկված հաղորդագրության վրա և այնուհետև բացվող ընտրացանկից ընտրել «Խմբագրել» (Edit) հրահանգը: Մինչ այս թարմացումը օգտատերերը ստիպված էին ջնջել ամբողջ հաղորդագրությունը։

Բացի դրանից՝ հավելվածում ավելացվել է չատերն ամրացնելու (pin) և անհատականացնելու գործառույթը։ Նաև օգտատերերն այժմ կարող են սթիքերները պահել Favorites-ում, ինչպես նաև միացնել կամ անջատել հաղորդագրությունների ընթերցված լինելու վերաբերյալ ծանուցումները:

Նշենք, որ մարտի 5-ին մի շարք սոցցանցերում և կայքերում լայնամասշտաբ խափանում էր տեղի ունեցել։ Տարբեր երկրներում միլիոնավոր օգտատերեր չէին կարողանում մուտք գործել Facebook-ի իրենց օգտահաշիվ, Instagram-ի լրահոսը չէր թարմանում, խնդիրներ կային նաև YouTube-ի, Google-ի և այլ ծառայությունների ու կայքերի, այդ թվում՝ Discord-ի և TikTok-ի հետ։

Ավելի ուշ պարզվեց, որ խնդիրը կիբեռհարձակման հետևանք չէ․ Եմենի հութիների հարձակման հետևանքով Կարմիր ծովում ստորջրյա չորս մալուխ էր վնասվել։


 
 
 
 
  • Արխիվ