8800 մԱ/ժ մարտկոց, 2.4K IPS էկրան, ջերմային պատկերիչ։ Blackview-ն նոր գերամուր սմարթֆոն է ներկայացրել

26 ապրիլի, 2024  21:29

Գերամուր սարքերի հայտնի արտադրող Blackview ընկերությունը ներկայացրել է նոր հզոր սմարթֆոն՝ BL9000 Pro-ն: Այն ոչ միայն հուսալիորեն պաշտպանված է մեխանիկական վնասներից և շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից, այլև ունի 2.4K կետայնությամբ էկրան՝ թարմացման փոփոխական հաճախականությամբ, ջերմային պատկերիչ, տարողունակ մարտկոց և հինգերորդ սերնդի կապի ցանցերի (5G) աջակցություն։

Մշակողները BL9000 Pro-ն համալրել են 6,78 դյույմանոց IPS էկրանով, որն ապահովում է 2460x1080 պիքսել կետայնություն և 120 Հց դինամիկ թարմացման հաճախականություն: Էկրանն ապահովում է 16,7 միլիոն գունային երանգ և 600 քդ/մ² առավելագույն պայծառություն, ունի TUV SUD հավաստագրում, որը հաստատում է աչքերի համար վնասակար կապույտ լույսի ցածր մակարդակը և թարթման բացակայությունը: Մեխանիկական վնասվածքներից էկրանը պաշտպանում է Corning Gorilla Glass-ը:

Էկրանի վերին հատվածում տեղադրված է 50 ՄՊ դիմային տեսախցիկ։ Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է տեսախցիկի բլոկը, որը համատեղում է երկու սենսոր՝ 50 ՄՊ Samsung ISOCELL GN5՝ պատկերի օպտիկական կայունացման աջակցությամբ և 13 ՄՊ գերլայնանկյուն սենսոր: Հեռախոսն ունի է 4K ձևաչափով տեսանկարահանման աջակցություն:

Blackview BL9000 Pro   2.jpg (256 KB)

BL9000 Pro-ն աշխատում է ութ միջուկանոց MediaTek Dimensity 8020 միկրոպրոցեսորով (չորս Cortex-A78 միջուկ՝ մինչև 2,6 ԳՀց հաճախականությամբ և չորս Cortex-A55 միջուկ՝ մինչև 2,0 ԳՀց հաճախականությամբ): Գրաֆիկայի համար պատասխանատու է Mali-G77 արագացուցիչը։ Այս կոնֆիգուրացիան լրացվում է 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ Սմարթֆոնն ստացել է 8800 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ մինչև 120 Վտ հզորությամբ արագ լիցքավորման աջակցությամբ:

Այս հեռախոսը կարող է աշխատել -20 C°-ից +60 C° ջերմաստիճանի պայմաններում: Այն չի վնասվում մինչև 1,2 մ բարձրությունից ընկնելու (պաշտպանությունը՝ ըստ MIL-STD-810H ստանդարտի), ինչպես նաև ջրի մեջ մինչև 1,5 մ խորությամբ ընկղմվելու դեպքում (պաշտպանությունը՝ ըստ IP68 և IP69K ստանդարտների):  Էկրանի վրա գործողություններ հնարավոր է անել նաև ձեռնոց հագած վիճակում: Սմարթֆոնը ներառում է նաև NFC չիպ և ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն։ BL9000 Pro-ն ունի նաև նորագույն ջերմային պատկերիչ, որը թույլ է տալիս բարձրորակ պատկերներ ստանալ:

Նոր սմարթֆոնն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով և DokeOS 4.0 միջերեսով: Blackview BL9000 Pro սմարթֆոնն արդեն հասանելի է գնման համար, գնահատված արժեքը մոտ 565 դոլար է։


 
 
 
 
  • Արխիվ