Facebook-ը չի աշխատում. խնդիրը նկատվում է աշխարհի շատ երկրներում

5 մարտի, 2024  19:47

Facebook սոցիալական ցանցը չի աշխատում. րոպեներ առաջ օգտատերերի մեծամասնությանը «դուրս նետեց» իրենց օգտահաշիվներից, եւ այժմ նրանք չեն կարողանում նորից մուտք գործել։ Խնդիրն արդիական է սոցիալական ցանցի ինչպես վեբ, այնպես էլ բջջային տարբերակի համար։

Ըստ Downdetector.com-ի՝ վերջին 20 րոպեների ընթացքում ավելի քան 500 հազար օգտատեր ամբողջ աշխարհից հայտնել է սոցիալական ցանցի հետ կապված խնդիրների մասին՝ ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական և այլ երկրներից: Հայաստանում նույնպես խնդիրը առկա է՝ շատ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ։

Երբ փորձում եք մուտք գործել, սոցցանցը պնդում է, որ սխալ գաղտնաբառ եք մուտքագրում։ Երբ փորձում եք վերականգնել ձեր գաղտնաբառը, այն խոստանում է ուղարկել կոդ ձեր էլ.փոստին, հեռախոսահամարին կամ WhatsApp-ին, սակայն հաղորդագրություններից ոչ մեկը, ի վերջո, չի հասնում:

Խնդրի պատճառը դեռ հայտնի չէ, ընկերության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել։ Սակայն, ըստ տեղեկությունների, խնդիրներ կան նաեւ Meta-ի մեկ այլ սոցիալական ցանցի՝ Instagram-ի մոտ, որտեղ լուրերի հոսքը չի թարմացվում:


 
 
 
 
  • Արխիվ