Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

19 փետրվարի, 2024  09:50

Telegram մեսենջերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել, այս մասին տեղեկացնում են Downdetector և «Сбой.рф» ծառայությունները։

Ըստ Downdetector-ի՝ խնդիրներն սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում), երբ օգտատերերն սկսել են հայտնել ալիքների և չատերի թարմացման, ինչպես նաև հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված դժվարությունների մասին: Խնդիրներ են արձանագրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում։

«Сбой.рф» ծառայությունը գրանցել է ավելի քան 10,000 բողոք։ Ամենից հաճախ մեսենջերի հետ կապված խնդիրների մասին հայտնել են Մոսկվայից (38%) և Սանկտ Պետերբուրգից (12%) օգտատերերը:

Ծառայության խափանման պատճառները դեռևս անհայտ են։ Որոշ օգտատերեր, սակայն, նշել են, որ խնդիրներ չեն ունեցել՝ համապատասխան մեկնաբանություններ թողնելով «Сбой.рф» ծառայության կայքում։

Այս պահին խնդիրների մեծ մասը լուծված է։ 


 
 
 
 
  • Արխիվ