Ինչպե՞ս Facebook-ը փոխեց համացանցը․ սոցցանցը 20 տարեկան է

7 փետրվարի, 2024  14:21

Facebook սոցցանցն այս տարի դառնում է 20 տարեկան։ Ստորև ներկայացվող լուսանկարում կարող եք տեսնել, թե ինչպիսի տեսք ուներ Facebook-ը կամ The Facebook-ը, ինչպես այն հայտնի էր այդ ժամանակ, երբ Մարկ Ցուկերբերգն ու նրա մի քանի ընկերներ այն գործարկեցին 20 տարի առաջ:

Այդ ժամանակից ի վեր աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցը տասնյակ անգամ վերափոխվել է: Բայց դրա նպատակը նույնն է մնացել՝ մարդկանց առցանց հաղորդակցելու հնարավորություն տալ: Եվ, իհարկե, հսկայական գումարներ աշխատել գովազդից։

Հարթակի 20-ամյա տարեդարձի առթիվ BBC-ը ներկայացրել է, թե ինչպես է Facebook-ը փոխել աշխարհը:

Facebook.JPG (50 KB)

1. Facebook-ը փոխեց սոցիալական մեդիայի աշխարհը

Այլ սոցիալական ցանցեր, ինչպիսին է MySpace-ը, գոյություն ունեին մինչև Facebook-ը, սակայն Մարկ Ցուկերբերգի կայքն ակնթարթորեն սկսեց աճել, երբ այն գործարկվեց 2004-ին՝ ապացուցելով, թե որքան արագ կարող է առաջ գնալ այս տեսակի առցանց կայքը:

Մեկ տարուց պակաս ժամանակում այն ուներ արդեն մեկ միլիոն օգտատեր, և չորս տարվա ընթացքում առաջ անցավ MySpace-ից՝ ինչին նպաստեցին նորարարություններ, ինչպիսիք են լուսանկարներում մարդկանց «պիտակելը» (tag) հնարավորությունը: Մշտապես փոփոխվող ակտիվության հոսքը նույնպես մեծ գրավիչ նորարարություն էր այդ վաղ շրջանի օգտատերերի համար:

faxebook-likes-free.jpg (44 KB)

2012-ին Facebook-ը գերազանցել էր ամսական մեկ միլիարդ օգտատերերի թիվը, և, բացի 2021-ի վերջում օգտատերերի թվի կարճատև նվազումից հարթակը շարունակել է աճել: Ընդլայնվելով համացանցի քիչ տարածում ունեցող երկրներում և առաջարկելով անվճար ինտերնետ՝ ընկերությունը պահպանել և ավելացրել է Facebook-ի օգտատերերի թիվը։ 2023-ի վերջին Facebook-ը հայտնել էր, որ օրական 2,11 միլիարդ օգտատեր ուներ:

Իհարկե, այսօր արդեն Facebook-ը երիտասարդների շրջանում ավելի քիչ տարածված է, քան նախկինում: Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցը և սկիզբ է դրել առցանց սոցիալական գործունեության նոր դարաշրջանի:

2. Facebook-ը մեր անձնական տվյալները դարձրեց արժեքավոր… և ավելի պակաս անձնական

Facebook-ն ապացուցեց, որ մեր հավանումներն ու չհավանումների մասին ինֆորմացիան հավաքելը չափազանց եկամտաբեր է։ Այսօր Facebook-ի մայր ընկերությունը Meta-ն գովազդային հսկա է, որը Google-ի նման ընկերությունների հետ միասին ստանում է համաշխարհային գովազդային գումարների առյուծի իր բաժինը:

Փետրվարի 1-ին Meta-ն հայտարարեց, որ ավելի քան 40 միլիարդ դոլարի եկամուտ է ունեցել 2023-ի վերջին եռամսյակի համար՝ հիմնականում գովազդատուներին բարձր թիրախայնությամբ գովազդային ծառայություններ առաջարկելուց: Ընկերությունը նշել է, որ մոտ 14 մլրդ դոլար շահույթ է ունեցել։

Cambrige Analytica.jpg (103 KB)

Սակայն Facebook-ը նաև ցույց է տվել, թե տվյալների հավաքումը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Meta-ն բազմիցս տուգանվել է անձնական տվյալների սխալ օգտագործման համար։ Ամենասկանդալային դեպքը Cambridge Analytica-ի հետ կապված միջադեպն էր 2014-ին, որի հետևանքով Facebook-ը 725 միլիոն դոլար վճարեց դատական հայցը կարգավորելու համար՝ անձնական տվյալների կոպիտ խախտման պատճառով:

2022-ին Facebook-ը նաև 265 միլիոն եվրոյի տուգանք է վճարել՝ կայքից անձնական տվյալների կորզումը թույլ տալու համար: Իսկ անցյալ տարի Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը ընկերությանը տուգանել է ռեկորդային՝ 1,2 միլիարդ եվրո՝ եվրոպացի օգտատերերի տվյալները իրավասության սահմաններից դուրս փոխանցելու համար: Facebook-ը ներկայումս բողոքարկում է տուգանքի դեմ։

3. Facebook-ը քաղաքականացրեց համացանցը

Թիրախային գովազդ առաջարկելով՝ Facebook-ը դարձել է նախընտրական քարոզարշավի հիմնական հարթակ ամբողջ աշխարհում: Օրինակ՝ 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին նախորդող հինգ ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփի թիմը Facebook-ի գովազդի վրա ծախսել էր ավելի քան 40 միլիոն դոլար՝ համաձայն Statista-ի հետազոտության:

Trump.jpg (76 KB)

Facebook-ն իր դերն է ունեցել նաև քաղաքական հարցերում շարքային քաղաքացիների մասնակցության առումով՝ օգտատերերի տարբեր խմբերին հնարավորություն տալով հավաքվել, քարոզչություն իրականացնել և պլանավորել գործողություններ համաշխարհային մասշտաբով: Օրինակ՝ Facebook-ը և Twitter-ը վճռորոշ նշանակություն ունեն Արաբական գարնան ժամանակ՝ օգնելով համակարգել բողոքի ցույցերը և տարածել լուրերը, թե ինչ է կատարվում տեղում:

Սակայն քաղաքական նպատակներով Facebook-ի կիրառումը քննադատության է ենթարկվել դրա որոշ հետևանքների, այդ թվում՝ մարդու իրավունքների վրա ունեցած ազդեցության համար: 2018-ին Facebook-ը համաձայնել է ՄԱԿ-ի զեկույցին, որում ասվում էր, որ սոցցանցը չի կարողացել կանխել Մյանմարում ռոհինջա ժողովրդի դեմ «բռնություն հրահրելու համար» հարթակն օգտագործելու փորձերը։

4. Facebook-ը սկիզբ դրեց Մետայի գերիշխանությանը

Facebook-ի հսկայական հաջողությամբ Մարկ Ցուկերբերգը ստեղծեց սոցիալական ցանց և տեխնոլոգիական կայսրություն, որն աննախադեպ է մնում օգտատերերի և դրա հետևանքային հզորության առումով:

Սոցցանցը գնեց ու սկսեց առաջ մղել մի շարք հարթակներ, այդ թվում WhatsApp-ը, Instagram-ը և Oculus-ը, իսկ 2021-ին փոխեց ընկերության անունը Meta-ի: Այժմ Meta-ն պնդում է, որ ավելի քան երեք միլիարդ մարդ ամեն օր օգտագործում է իր արտադրանքից առնվազն մեկը:

Meta 1.jpg (96 KB)

Իսկ այն դեպքերում, երբ Meta-ն չի կարողացել գնել իր մրցակիցներին, ընկերությունը կրկնօրինակել է մրցակիցներին, որպեսզի պահպանի իր գերակայությունը։ Օրինակ՝ Facebook-ի և Instagram-ի անհետացող Stories գործառույթը նման է Snapchat-ում առկա հիմնական գործառույթին. Instagram Reels-ը ընկերության պատասխանն է TikTok-ի կողմից առաջադրված մարտահրավերին։ Իսկ Threads սոցցանցն ստեղծելով՝ Meta-ն ընդօրինակել X սոցցանցին, որը նախկինում հայտնի էր որպես Twitter:


 
 
 
 
  • Արխիվ