iPhone-ները «կակտուսի կաշվից» պատրաստված էկոլոգիապես մաքուր նոր պատյաններ կստանան

10 հունվարի, 2024  22:20

Սմարթֆոնների աքսեսուարների հայտնի արտադրող OtterBox ընկերությունը Լաս Վեգասում ընթացող հանրահայտ CES 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրել է iPhone-ի նոր պատյաններ՝ պատրաստված տատասկաթզենուց (կակտուսի տեսակ է

Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, նոր պատյանների շարքը կոչվում է Symmetry: Դրանք ունեն ամուր պոլիմերային շրջանակ՝ ամրացված անկյուններով, տեսախցիկի բլոկի և էկրանի հատվածում կա որոշակի ելուստ՝ հեռախոսի ընկնելու դեպքում հարվածներից և քերծվածքներից լրացուցիչ պաշտպանության համար: Պատյանների մակերեսի ծածկույթը պատրաստված է տատասկաթզենու հատվածներից ստացված հյուսվածքից։

Ըստ OtterBox-ի՝ կակտուսի կաշվի արտադրելու համար պահանջվում է ավելի քիչ հող, ջուր և այլ ռեսուրսներ, քան ավանդական կաշվի դեպքում: Ավելին, այս պատյանների պատրաստման համար օգտագործվում են տատասկաթզենու միայն հասուն բարձիկները, ուստի այդ ծածկույթների համար հումքի հավաքումը բույսին չի վնասում։

MacRumors-ի ներկայացուցիչները փորձարկել են նոր պատյանները CES 2024-ի ժամանակ և եզրակացրել, որ նոր նյութն ավելի լավն է, քան FineWoven-ը, որից շատերը դժգոհ էին:

Symmetry աքսեսուարները հասանելի կլինեն 2024-ի գարնանը 60 դոլարով:

Հիշեցնենք, որ վերջերս բջջային սարքերի շքեղ աքսեսուարների ոլորտում մասնագիտացած ռուսական Caviar ընկերությունը ներկայացրել էր iPhone 15 Pro/Pro Max-ի անհատական պատյանների նոր շարք։ Դա FineWoven պատյանների թարմացված տարբերակն էր. Apple-ի ստանդարտ վերամշակված նյութերը (ընկերությունը հրաժարվել է բնական կաշվից բրենդի էկոլոգիապես ավելի պատասխանատու լինելու մտադրության շրջանակում) փոխարինվել են իսկական Hermes Togo և Epsom կաշվով: Այս շքեղ նյութերը սովորաբար օգտագործվում են Hermes Birkin պայուսակներ ստեղծելու համար:


 
 
 
 
  • Արխիվ