50 տարում առաջին անգամ տիեզերք է արձակվել ամերիկյան լուսնային սարք, սակայն վառելիքի կորստի պատճառով առաքելությունը կարող է ձախողվել

9 հունվարի, 2024  12:27

Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի ԱՄՆ տիեզերական ուժերի բազայից ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ տիեզերք է արձակվել ամերիկյան լուսնային վայրէջքի սարք։ Թեև Peregrine-ի արձակումը հաջող է ընթացել, կարծես թե, առաքելության հետագա հաջողությունը հարցականի տակ է, քանի որ Astrobotic Technology-ը՝ մոդուլի մշակող ընկերությունը, հայտարարել է «վառելիքի կրիտիկական կորստի» մասին, որը տեղի է ունեցել, երբ մասնագետները փորձել են լուծել տարածության մեջ մոդուլի կողմնորոշման խնդիրը։

«Ցավոք, կարծես, շարժիչային համակարգի խափանումը վառելիքի կրիտիկական կորստի է հանգեցրել: Թիմն աշխատում է, որպեսզի փորձի կայունացնել կորուստը, սակայն, հաշվի առնելով ներկա իրավիճակը, մենք առաջնահերթություն ենք տվել գիտական ​​տվյալներն առավելագույնի հասցնելուն, որոնք կարող ենք ձեռք բերել: Մենք ներկայումս գնահատում ենք, թե այս պահին առաքելության որ այլընտրանքային պրոֆիլները կարող են իրականացվել»,- ասվում է Astrobotic-ի տարածած հայտարարությունում։

Ըստ ոլորտի վերլուծաբանների՝ այս հաղորդագրությունը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ ընկերությունը չի փորձի Peregrine-ն իջեցնել Լուսնի մակերես: Ի սկզբանե նախատեսվում էր, որ մոդուլն իր ճանապարհորդության ավարտին կհասնի փետրվարի 23-ին:

Ըստ առկա տվյալների՝ Peregrine-ն ուղեծիր դուրս գալուց հետո նրա հետ կապ է հաստատվել, և սկսել են ստացվել հեռաչափության տվյալներ։ Սակայն հետագայում սարքը չի կարողացել շրջվել դեպի Արեգակը, ինչի պատճառով դրա մարտկոցները չեն լիցքավորվել։ Ըստ Astrobotic-ի՝ հավանական պատճառը եղել է «շարժիչային սարքի անոմալիան», որը հաստատվելու դեպքում կվտանգի Լուսնի մակերեսին տիեզերանավի փափուկ վայրէջք կատարելու հնարավորությունը։

Peregrine.jpg (205 KB)

Ավելի ուշ Astrobotic-ը հայտնել է, որ անոմալիայի պատճառով սարքը չի կարող զբաղեցնել անհրաժեշտ դիրքը, որպեսզի այն ուղղվի դեպի Արեգակը, և ընկերության ինժեներներն աշխատում են դա շտկելու ուղղությամբ։ Ըստ ընկերության՝ առաքելության կարգավարները կարողացել են «մշակել և կատարել հանպատրաստից մանևր՝ արևային մարտկոցները դեպի արևը վերաուղղելու համար»: Մանևրն իրականացնելուց հետո այն հաջողված է համարվել։ «Թիմի հանպատրաստից մանևրը հաջող էր և թույլ տվեց Peregrine-ի արևային վահանակը վերաուղղել դեպի արևը: Այժմ մենք լիցքավորում ենք մարտկոցը»,- ասվում է Astrobotic-ի հաղորդագրությունում։

Այնուամենայնիվ, ընկերությունը դեռ պետք է շտկի շարժիչային համակարգի խնդիրը, քանի որ Լուսնի մակերեսին վայրէջք կատարելու համար անհրաժեշտ է սարքի շարժիչների օգտագործումը: Դեռ պարզ չէ, թե արդյոք Astrobotic-ը կկարողանա Peregrine-ին իջեցնել Լուսնի վրա: Ըստ առկա տվյալների՝ մոդուլը նախատեսված է ուղեծրում երեք մանևր կատարելու համար, բայց ոչ ավելին։ Եթե ​​չափազանց շատ վառելիք սպառվի մանևների ժամանակ, ապա սարքը կարող է չունենալ բավարար հզորություն վերահսկվող վայրէջք կատարելու համար:

Եթե ​​ներկայիս առաքելությունը ձախողվի, դա կարող է լուրջ վնաս հասցնել Astrobotic-ի բիզնեսին և ընկերության ապագա ծրագրերին: Բացի այդ, Peregrine-ի ձախողումը կորուստ կլինի NASA-ի և մի քանի այլ գործակալությունների համար տարբեր երկրներից, որոնց օգտակար բեռները գտնվում են մոդուլի վրա: Peregrine-ին այսքան վաղ փուլում կնշանակի նաև, որ Astrobotic-ը չի կարողանա ստուգել լուսնային մակերեսին փափուկ վայրէջք կատարելու մոդուլի կարողությունը:


 
 
 
 
  • Արխիվ