Telegram-ի ամենահայտնի ալիքը. քանի՞ բաժանորդ ունի այն և ի՞նչ բովանդակություն է առաջարկում

27 դեկտեմբերի, 2023  20:28

Telegram Tips պաշտոնական ալիքը, որն ստեղծվել է մեսենջերի մշակողների կողմից, դարձել է Telegram-ի առաջին ալիքը, որն ունի արդեն 10 միլիոն բաժանորդ:

Telegram-ի «Редакция вещает» ալիքի խմբագիրների փոխանցմամբ՝ Telegram Tips-ը հայտնի է Telegram-ի նոր գործառույթների իր հակիրճ նկարագրություններով, որոնք հրապարակվում են թարմացումների թողարկումից անմիջապես հետո: Ալիքը գործարկվել է 2021 թվականի հունվարի 11-ին և գրավել է մեծ թվով բաժանորդներ՝ մասամբ պայմանավորված պաշտոնական հավելվածների ցանկում «Telegram Features» կոճակի առկայությամբ, որը տանում է հենց այս ալիք: Մինչ Telegram-ում Stories-ի ներդրումը, Telegram Tips ալիքը նույնպես պարբերաբար հիշատակվում էր Telegram համակարգի հաշվից յուրաքանչյուր թարմացումից հետո ուղարկվող նամակներում։

Նմանատիպ ալիքներ կան տարբեր լեզուներով, ինչպիսիք են իսպաներենը, պորտուգալերենը, ֆրանսերենը և այլն, բայց դրանցից ոչ մեկը չունի նույն թվով բաժանորդներ:

Նշենք, որ Telegram-ը, որը մշակվել է ռուս ծրագրավորող և ձեռնարկատեր Պավել Դուրովի կողմից, հայտնի ակնթարթային մեսենջեր է, որն ամսական սպասարկում է ավելի քան 800 միլիոն օգտատերերի:


 
 
 
 
  • Արխիվ