Prelaunch. հայկական հարթակն օգնում է նախապես պարզել, թե արդյոք ձեր ապրանքը հաջողություն կունենա

17 դեկտեմբերի, 2023  12:24

Ձեզ մոտ բուռն ցանկություն կա սկսել նոր ապրանք արտադրել, և ձեր ընկերներն ու մայրը միաբերան պնդում են, որ ձեր գաղափարն իսկապես հիանալի է և կանխատեսում են, որ ձեր ապրանքը կարող է իսկական հեղափոխություն անել: Ավաղ, սա դեռ պատճառ չէ, որպեսզի շտապեք սկսելու դրա արտադրությունը․ մեծ է հավանականությունը, որ իրականում ոչ ոքի պետք չի լինի ձեր ապրանքը, բայց չէ՞ որ գովել են այն ... դե զուտ որպեսզի ձեզ չնեղացնեն։

Այս ճակատագիրն, ըստ էության, սպասում է շուկա մտնող ապրանքների մոտ 80%-ին։ Դրանց վրա հսկայական ռեսուրսներ ու ժամանակ են ծախսվում, սակայն դրանք հաջողություն չեն ունենում և հսկայական վնասներ են պատճառում իրենց արտադրողներին։

Այսպիսով, ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե արդյոք ձեր վակուումային նորարարական սրճեփը կամ արևային էներգիայով աշխատող խոտհնձիչն իսկապես հաջողություն կունենա շուկայում: Այս հարցին համարժեք և վստահելի պատասխան կարող է տալ հայ մասնագետների մշակած Prelaunch հարթակը։

Prelaunch.com-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ հարթակն օգնում է ընկերություններին և հետաքրքիր գաղափարներ ունեցող մարդկանց հասկանալ, թե որքան հեռանկարային են իրենց գաղափարները և արդյոք դրանք պահանջարկ կունենան, եթե/երբ մուտք գործեն շուկա։ Ո՞վ է ձեր արտադրանքի հիմնական թիրախային սպառողը: Ի՞նչ ծավալներով իմաստ ունի այն արտադրել: Ի՞նչ գույնի այն պետք է լինի: Ի՞նչ հատկություններ պետք է ունենա այլն:

narek-vardanyan-tcf-prelaunch.png (262 KB)

Prelaunch-ը կարող է պատասխաններ տալ այս և շատ այլ հարցերի, որոնք խորհուրդ է տրվում հասկանալ, նախքան արտադրության մեջ ռեսուրսներ և ժամանակ ներդնելը:

Ինչպե՞ս է դա աշխատում

Prelaunch-ում, ինչպես պատմեց Նարեկ Վարդանյանը, օգտագործվում է այն մեթոդաբանությունը, որն ի սկզբանե կիրառվել է The Crowdfunding Formula-ում` հասկանալու համար, թե արդյոք ներուժ ունեն այն ապրանքները, որոնք իրենց խնդրել են գովազդել քրաուդֆանդինգի հարթակներում:

Այս մեթոդաբանությունը հիմնված է ոչ միայն մարդկանց կարծիքների, այլև նրանց վարքագծի վրա: Հնարավոր թիրախային լսարանին ցուցադրվում է ապրանքն իր բոլոր յուրահատություններով և առաջարկվում է դրա համար փոքր դեպոզիտ կատարել (օրինակ՝ $1), իսկ դրա դիմաց, եթե/երբ ապրանքը հայտնվի շուկայում, նրանք կարող են ակնկալել, որ զեղչ կստանան, նվերներ կամ այլ հաճելի բոնուսներ։

«Հարյուրավոր տարիներ անցկացված հետազոտությունների խնդիրն այն է, որ մարդկանց ուղղակի հարցրել են՝ կգնե՞ն ապրանքը, թե՞ ոչ: Ոմանք պատասխանում են՝ այո, մյուսները՝ ոչ։ Սակայն այս մարդկանց արձագանքները որևէ ընդհանուր բան չունեն իրենց իրական վարքագծի հետ. ապրանքը կարող է շուկա մտնել, և հնարավոր է, որ խոսքի մակարդակում դրանով հետաքրքրվածներից ոչ մեկը չգնի այն։ Ուստի մեր մեթոդաբանությունը հիմնված է ոչ թե կարծիքների, այլ վարքագծի վրա. եթե մարդն իսկապես պատրաստ է վճարել նույնիսկ ընդամենը մեկ դոլար, դա արդեն իսկ վկայում է, որ նա լուրջ է տրամադրված և իսկապես հետաքրքրված է այս ապրանքով»,- պարզաբանեց Նարեկ Վարդանյանը։

prelaunch-1.jpg (47 KB)

Ընդորում՝ ապրանքի համար փոքր դեպոզիտ կատարած մարդիկ ոչինչ չեն վտանգում և ոչինչ չեն կորցնում. ցանկացած պահի կարող են փոխել իրենց կարծիքը և հետ ստանալ ծախսած գումարը։ Նրանք կարող են հետ ստանալ գումարը նույնիսկ եթե արտադրողը հրաժարվի արտադրել խոստացված ապրանքը։

Ապրանքը «փորձարկելու» համար թիրախային լսարանը որոնվում է սոցիալական ցանցերում իրականացվող ճիշտ նպատակային գովազդի միջոցով: Բացի դրանից, նախագիծն արդեն ունի մեկ միլիոնից ավելի էնտուզիաստներից բաղկացած մի ամբողջ համայնք, որոնք ամեն շաբաթ տեղեկություն են ստանում Prelaunch-ից նոր ապրանքների մասին և կարող են իրենց հետաքրքրվածությունը հայտնել դրանց նկատմամբ արդեն հայտնի ձևով:

Prelaunch-ը գործում է մոտ մեկ տարի, և դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. հարթակն այսօր աշխատում է ինչպես մի շարք մասնավոր ձեռնարկատերերի, այնպես էլ խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Bosch-ը, Haier-ը և Epson-ը, որոնք նույնպես ցանկանում են նախքան թողարկումը պարզել, թե արդյոք իրենց նոր արտադրանքը հաջողություն կունենա։ Այս գիտելիքը, ինչպես նաև ապրանքի բարելավման մասին պատկերացումները կարող են հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր դոլարներ խնայել:

Ապրանքներ, որոնք զարմացրել են բոլորին

Այսպիսով, Prelaunch-ն օգնում է հուսալիության բարձր աստիճանով հասկանալ, թե արդյոք ապրանքը հաջողություն կունենա: Իսկ հետազոտության արդյունքները, ինչպես խոստովանեց Նարեկ Վարդանյանը, հաճախ չեն համընկնում Prelaunch թիմի կանխատեսումների ու կարծիքների հետ։

prelaunch-2.jpg (100 KB)

Օրինակ՝ եղել է դեպք, երբ մարդիկ TCF-ին ներկայացրել են մի գաղափար, որն առնվազն տարօրինակ է թվացել ընկերության մասնագետներին․ խոսքը դիմակների արտադրության մասին է, որոնք թաքցնում են մարդու դեմքը փողոցի տեսախցիկներից: Թվում էր, թե արտադրանքը չունի հաջողություն ունենալու պոտենցիալ, սակայն գաղափարի հեղինակները պնդել են, որ այն փորձարկվի Prelaunch-ում: Պարզվել է, որ այս ապրանքի նկատմամբ մեծ պահանջարկ կա ասիական երկրներում։ Եվ երբ այդ դիմակները թողարկվել են, առաջին մի քանի շաբաթվա ընթացքում 0,5 միլիոն դոլարի վաճառք է եղել։

«Իրականում նման դեպքերը շատ են, ուստի մենք վաղուց դադարել ենք զարմանալ որևէ բանից։ Եթե ​​ինչ-որ բան ինձ դուր է գալիս կամ դուր չի գալիս, դա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը չի վկայում այն մասին, որ թե արդյոք տվյալ ապրանքը կունենա իրական պահանջարկ։ Անձամբ ինձ համար ապրանքը միգուցե հասկանալի չէ, սակայն այլ երկրներում, այլ պայմաններում ապրող շատերը կարող են չափազանց հետաքրքրված լինել այդ ապրանքով,- նշեց Նարեկ Վարդանյանը,-  Մենք նույնիսկ խաղ ենք ստեղծել, որտեղ մարդկանց խնդրում ենք գուշակել, թե երկու ապրանքներից որն է հաջողություն ունեցել։ Հետաքրքիր է, որ 90% դեպքերում մարդիկ չեն կարողանում ճիշտ գուշակել»:

Ամեն ինչ կախված է նրբություններից

Լինում են նաև դեպքեր, երբ թվում է, թե փորձարկման համար հարթակին առաջարկվող ապրանքը միանշանակ հաջողություն կունենա։ Սակայն իրականում պարզվում է, որ դրա մեջ կա մի բան, որը չի համապատասխանում իր թիրախային լսարանին։ Դա կարող է լինել ապրանքի գինը, դրա բնութագրերը, առանձնահատկությունները կամ այլ նրբություններ։

Նարեկ Վարդանյանը հիշեցրեց մոտոցիկլետների ոլորտում լեգենդ համարվող Harley-Davidson ընկերության նախկին գլխավոր ինժեներ Էրիկ Բյուելի նախագծած էլեկտրական մոտոցիկլետի դեպքը։ Թվում էր, թե նրա ստեղծած նոր մոտոցիկլետը անպայման հաջողություն կունենա:

Byke.jpg (59 KB)

«Սակայն Prelaunch-ի հետազոտությունը ցույց տվեց, որ հնարավոր գնորդների համար շատ կարևոր է, որ էլեկտրական մոտոցիկլետը «սովորական» մոտոցիկլետի նման ձայն հանի: Հնարավոր գնորդների համար խնդիր էր նաև բեռնախցիկի չափը: Նման մոտոցիկլետների թիրախային լսարանը կոնկրետ մարդիկ են, որոնք սովոր են ճամփորդել որոշակի տարածություն, և նրանք պետք է բեռնախցիկում տեղավորեն կոնկրետ իրեր, ինչը մշակողները, պարզվում է, հաշվի չէին առել։ Եթե ​​նրանք իրենց մոտոցիկլետը շուկա մտցնեին իր սկզբնական տեսքով, ապա միանգամայն հնարավոր է, որ այն հաջողություն չունենար։ Սակայն Prelaunch-ից հետո մոտոցիկլետին արհեստական ​​ձայն ավելացրին, մի փոքր փոխեցին բեռնախցիկի դիզայնը, որպեսզի ավելի լավ համապատասխանի գնորդների կարիքներին, և այն հսկայական հաջողություն ունեցավ․ առաջին իսկ օրը մի քանի միլիոն դոլարի վաճառք եղավ»,- պատմեց Նարեկ Վարդանյանը։

Նոր հնարավորություն բոլոր ստեղծագործ մարդկանց համար

2024-ի հունվարին Prelaunch-ը կառաջարկի նոր լուծում, որը բոլոր ցանկացողներին թույլ կտա փորձարկել իրենց գաղափարները. նրանք պարզապես պետք է նկարագրեն արտադրանքը, որից հետո արհեստական բանականության միջոցով կստեղծվի դրա մոդելը, որի օգնությամբ հնարավոր կլինի բավականին արագ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, պարզել, թե որքանով է այս գաղափարը խոստումնալից: Եթե ​պարզվի, որ ​պահանջարկը շատ է, ապա կարելի է արտոնագրել գաղափարը և նաև պարզել, թե որքան կարժենա դրա արտադրությունը:

«Սա շատ մեծ տարածում ունեցող լուծում կլինի, քանի որ այն բոլոր ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա իրագործել իրենց գաղափարները: Սա մեր առաքելության մի մասն է. մենք ցանկանում ենք ստեղծել տարբեր գործիքներ և հարթակներ, որպեսզի ստեղծագործ միտքը չմեռնի և դրա իրականացումը հասանելի դառնա ստեղծագործ գաղափարներ ունեցող բոլոր մարդկանց համար»,- նշեց Վարդանյանը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ