OpenAI-ը ներկայացրել է GPT-4o անվճար ԱԲ մոդելը. այն նախորդներից ավելի խելացի է, գիտի 50 լեզու, այդ թվում՝ հայերեն

14 մայիսի, 2024  12:00

OpenAI ընկերությունը ներկայացրել է մուլտիմոդալ գեներատիվ արհեստական ​բանականության (ԱԲ) նոր մոդել՝ GPT-4o-ն, որի անվան «o»-ն նշանակում է omni (համապարփակ)։ Նոր մոդելում բարելավվել են տեքստի մշակման և պատկերի վերլուծության գործառույթները, ավելացվել են իրական ժամանակում խոսքի ճանաչման և մշակման ունակությունը: Մշակողների և սպառողների համար լուծումներում նոր մոդելը կներդրվի առաջիկա շաբաթների ընթացքում և հասանելի կլինի անվճար:

Open AI-ի տեխնիկական հարցերով տնօրեն Մուրի Մուրատիի խոսքով՝ նոր մոդելի մտավոր հնարավորությունները շատ ավելի բարձր են, քան GPT-4-ինը, հատկապես ծրագրավորման ոլորտում։ Բացի դրանից՝ նոր մոդելը հասկանում և տիրապետում է 50 լեզվի, այդ թվում՝ հայերենին։ Թե որքանով է այն կարողանում հասկանալ հայերենի պես բարդ լեզուն և արդյոք այն գերազանցել է ChatGPT-3.5-ին, կիմանանք առաջիկա շաբաթների ընթացքում։

Կա նաև բազմալեզու ձայնային օգնական, որը կարող է թարգմանել խոսքը հընթացս և ունի մարդկային խոսքի հատկություններ. այն կարող է կատակել և «ծիծաղել»:

Ինչպես գրում է TechCrunch-ը, GPT-4o-ի հիմնական նորամուծություններից մեկը անմիջապես տեսախցիկի միջոցով լուսանկարներն իրական ժամանակում հասկանալու կարողությունն է, ինչը ԱԲ-ի հետ փոխգործակցությունը դարձնում է ավելի ինտուիտիվ և բնական: Նախկինում չատբոտը կարող էր տեսնել միայն վերբեռնված պատկերները:

Նոր մոդելի թողարկումը տեղի կունենա փուլերով։ Որոշ օգտատերեր արդեն ստացել են այն, իսկ մյուսները կստանան մոտակա շաբաթների ընթացքում:

Անվճար օգտատերերի համար որոշակի սահմանափակումներ կլինեն GPT-4o-ին արվող հարցումների առումով: Այդ քանակը կախված կլինի ընթացիկ օգտագործումից և պահանջարկից: Եթե ​​GPT-4o-ն անհասանելի լինի, անվճար տարբերակի օգտատերերը կուղղորդվեն GPT-3.5:

Հարկ է նաև նշել, որ անվճար օգտվողները սահմանափակ հասանելիություն կստանան նաև առաջադեմ գործիքներին, ինչպիսիք են տվյալների վերլուծությունը, ֆայլերի ներբեռնումը և այլն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ