Ի՞նչ ազդեցություն կարող է ականջակալի հաճախակի օգտագործումն ունենալ օրգանիզմի վրա

15 նոյեմբերի, 2023  12:16

Ականջակալի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել ականջում բակտերիաների քանակի ավելացմանը, ինչը հետագայում կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների: Այս մասին հայտնում է BBC Science Focus պարբերականը՝ վկայակոչելով Հնդկաստանի Մանիպուլի համալսարանի և ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքի Ռազմածովային գիտահետազոտական բժշկական ինստիտուտի գիտնականների հետազոտությունները։

Առաջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ականջակալը մեծացնում է ստաֆիլոկոկի՝ մաշկի տարածված բակտերիաների, տարբեր շտամների պոպուլյացիան ականջներում: Երկրորդ դեպքում գիտնականները պարզել են, որ մեկ ժամ ականջակալ կրելուց հետո ականջակալի վրա բակտերիաների թիվը 11 անգամ ավելացել է։ Հետազոտությունն իրականացվել է ստերիլ ականջակալի վրա, որն օգտագործում են ավիաընկերությունները ինքնաթիռներում:

Ըստ BBC Science Focus-ի՝ չկա որևէ ապացույց, որ ականջակալ օգտագործելու հետևանքով բակտերիաների աճը կապ ունի ականջում ինֆեկցիաների առաջացման հաճախականության հետ: Այնուամենայնիվ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ականջակալի հաճախակի կիրառման հետևանքով ականջի մաշկը կարող է վնասվել: Ստացված քերծվածքների միջոցով բակտերիաները կարող են ներթափանցել օրգանիզմ և առաջացնել վարակիչ բորբոքում։

Չափազանց բարձր ձայնը վտանգավոր է

Ականջակալով ցանկացած բան չափազանց բարձր ձայնով լսելը վտանգավոր է լսողության համար և կարող է վնասել ներքին ականջում գտնվող մազանման բարակ կառուցվածքները (կիլիա),  որոնք շատ կարևոր են լսողության համար․ դրանք օգնում են ընդունել ձայնային ալիքները և վերածել էլեկտրական ազդանշանների, որոնք ուղեղը կարող է «կարդալ և հասկանալ» որպես ձայն։

Չափազանց բարձր աղմուկի ազդեցությունը կարող է վնասել այդ կառուցվածքների բջիջները՝ հանգեցնելով լսողության կորստի: Դա կարող է տեղի ունենալ աստիճանաբար բարձր ձայների երկարատև ազդեցության դեպքում (ինչպես հաճախ լինում է լսողական սարքերի դեպքում), կամ կարող է տեղի ունենալ հանկարծակի բարձր ձայնի, հանկարծակի աղմուկի դեպքում: Երկու դեպքում էլ պատճառված վնասը կարող է հանգեցնել լսողության կորստի և լսողական համակարգի այլ խնդիրների:

Ականջակալները, որոնք տեղադրվում են անմիջապես արտաքին ականջում հաճախ համարվում են էլ ավելի վտանգավոր և կարող են վնասել լսողությունը, եթե դրանք երկար ժամանակ օգտագործվեն բարձր ձայնով, քանի որ դրանք էլ ավելի մոտ են ականջի մազանման կառուցվածքներին և կարող են ավելի շատ վնաս հասցնել դրանց։


 
 
 
 
  • Արխիվ