Պավել Դուրովը 10,000 Telegram Premium բաժանորդագրություն կնվիրի. դրա համար նա $200,000 է հատկացրել

7 նոյեմբերի, 2023  14:17

Telegram սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ հատուկ ակցիա է սկսում, որի շրջանակում վեց ամսով 10,000 Telegram Premium բաժանորդագրություն կնվիրի օգտատերերին։ Նրա խոսքով՝ այս մրցույթի անցկացման համար ծախսվել է $200,000:

«Ի պատիվ մեր նոր գործառույթի, ես 10,000 Telegram Premium բաժանորդագրության խաղարկություն եմ կազմակերպում: Մեկ շաբաթից իմ ալիքի 10,000 պատահական բաժանորդներ վեց ամսով կստանան Telegram Premium բաժանորդագրություն»,- գրել է նա։

Խաղարկության արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին։ Հաշվի առնելով, որ Պավել Դուրովի ալիքի բաժանորդների թիվը կազմում է մոտ 1 միլիոն մարդ, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար մրցանակ ստանալու հավանականությունը մնում է բավականին բարձր: Ստացվում է, որ այս պահին նրա բաժանորդներից յուրաքանչյուր հարյուրերորդը կարող է դառնալ պրեմիում բաժանորդագրության երջանիկ սեփականատեր։ Սակայն հնարավոր է, որ մրցույթի մասին պաշտոնական հայտարարելուց հետո Դուրովի ալիքի բաժանորդների թիվը զգալիորեն ավելանա։

Ի՞նչ նոր գործառույթի մասին է խոսքը

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Դուրովը, այժմ կարելի է վիճակահանությամբ արդար խաղարկություններ անցկացնել Telegram-ի յուրաքանչյուր ալիքում։ Բավականին հաճախ են անցկացվում խաղարկություններ, որոնց հեղինակները խոստանում են մրցանակներ հանձնել ալիքի պատահական բաժանորդներին: Սակայն հետո պարզվում է, որ նման նախաձեռնություններից շատերը խարդախություն են, և սովորաբար ոչ մի կերպ հնարավոր չէ ապացուցել, որ հաղթողն արդար է ընտրվել։

Telegram-ն առաջին սոցցանցն է, որն աջակցում է խաղարկություններ՝ երաշխավորված պատահական ընտրությամբ և մրցանակային միջոցների կանխավճարով: Կարծես թե 10,000 պրեմիում բաժանորդագրությունների նվերը նախատեսված է նոր գործառույթի հնարավորությունները ցուցադրելու համար:


 
 
 
 
  • Արխիվ