Ի՞նչ նոր սարքեր է Apple-ը նախատեսում ներկայացնել հոկտեմբերի 31-ի միջոցառմանը

30 հոկտեմբերի, 2023  16:33

Հոկտեմբերի 31-ի գիշերը Apple-ը պատրաստվում է առցանց շնորհանդես անցկացնել, որի ընթացքում կներկայացնի իր վերջին մշակումները, այդ թվում՝ երկար սպասված iMac և MacBook Pro համակարգիչները։ Ակնկալվում է, որ միջոցառման ժամանակ, որը շատ տեղին անուն է ստացել՝ Scary Fast (սարսափելի արագ - անգլ․), կներկայացվեն նոր սերնդի M3 չիպերը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ շնորհանդեսին Apple-ը կներկայացնի iMac-ի վերջին տարբերակը, որն ի սկզբանե թողարկվել է 2021-ին Apple M1 չիպով: Ենթադրվում է, որ գալիք մոդելը կունենա բարելավված M3 չիպ, որը խոստանում է զգալի արդյունավետություն ինչպես պրոցեսորի, այնպես էլ GPU-ի աշխատանքում: Բացի դրանից, ակնկալվում է, որ նոր iMac-ը կունենա ավելի շատ օպերատիվ հիշողություն և ավելի տարողունակ կոշտ կրիչներ՝ օգտատերերին առաջարկելով հաշվողական ավելի հուսալի և արդյունավետ փորձառություն:

Միջոցառմանը կցուցադրվի նաև MacBook Pro նոութբուքների նորացված շարքը 14 և 16 դյույմանոց էկրաններով՝ հիմնված ժամանակակից Apple M3 Pro և M3 Max չիպերի վրա: Ակնկալվում է, որ M3 Pro-ն կներկայացվի երկու տարբերակով՝ մեկը 12-միջուկանի պրոցեսորով և 18 միջուկանի գրաֆիկական պրոցեսորով, իսկ մյուսը՝ 14 միջուկանի պրոցեսորով և 20 միջուկանի գրաֆիկական պրոցեսորով: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ M3 Max տարբերակը կունենա 16 միջուկանի պրոցեսոր և 32 միջուկանի GPU, մինչդեռ ավելի առաջադեմ տարբերակը կունենա ապշեցուցիչ՝ 40 միջուկանի գրաֆիկական պրոցեսոր:

Տեղեկություններ կան նաև, որ Apple-ը կներկայացնի նորացված աքսեսուարներ, այդ թվում՝ Magic Mouse, Magic Trackpad և Magic Keyboard հարմարավետ USB Type-C պորտերով:

Scary Fast շնորհանդեսը կսկսվի հոկտեմբերի 31-ին Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4:00-ին: Միջոցառմանը հնարավոր է հետևել Apple-ի կայքի, ընկերության պաշտոնական YouTube ալիքի կամ Apple TV հավելվածի միջոցով, ինչպես նաև NEWS.am Tech-ում։


 
 
 
 
  • Արխիվ