X սոցիալական ցանցը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, տեսա և լսազանգեր կատարելու նոր գործառույթ է գործարկել։ Օգտատերերը նորարարության մասին ծանուցումն ստացել են հավելվածը բացելիս։
Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, կարգավորումների բաժնում հայտնվել է նոր հրահանգ, որը թույլ է տալիս միացնել այս գործառույթը և ընտրել, թե ում հետ է օգտատերը ցանկանում կատարել տեսա կամ լսազանգը։
Տեսա և լսազանգերի միջոցով շփվել հնարավոր է օգտատիրոջ կոնտակտների, բաժանորդների և ստուգված օգտատերերի հետ կամ թվարկված բոլոր կատեգորիաների հետ միանգամից: Զանգերը կարելի է կատարել անձնական հաղորդագրությունների պատուհանից՝ էկրանի վերին աջ անկյունում ընտրելով հեռախոսի նկարով համապատասխան պատկերակը:
Ուշագրավ է, որ նոր գործառույթի մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն X-ի սեփականատեր Իլոն Մասկը նախկինում ակնարկել էր նման գործառույթ ներդնելու հնարավորության մասին՝ որպես հարթակը սուպեր հավելվածի վերածելու ռազմավարության մաս:
Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք նոր գործառույթը հասանելի կլինի պրեմիում բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար։
ամիս
շաբաթ
օր