Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» 4-րդ համաժողովը

8 սեպտեմբերի, 2023  14:53

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը, որն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը և արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

DataFest Yerevan 2 (1).JPG (359 KB)

«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ խոսնակների շուրջ մեկ երրորդը հրավիրված են աշխարհի առաջատար ընկերություններից և գիտական խմբերից: Այս տարվա զեկույցների հիմնական թեմաներն են մեծ լեզվական մոդելները և դիֆուզիոն մոդելները: Առաջին անգամ համաժողովի մի հատվածը նվիրված էր կենսաբանության և բժշկության մեջ մեքենայական ուսուցման կիրառություններին, իսկ մեկ այլ հատված՝ մեքենայական ուսուցման միջոցով ռոբոտների կառավարման խնդիրներին»,- ասել է «Դատաֆեստ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, և այլն։

DataFest Yerevan 3.JPG (220 KB)

Դատաֆեստ Երևան 2023-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich և այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

DataFest Yerevan 2 (2).JPG (296 KB)

Միջոցառման հովանավորներն են Cognaize (Քոգնայզ), Digitain (Դիջիթեյն), Intent AI (ԻնթենթԷյԱյ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Adobe (Ադոբ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat.AI (Պլատ.ԷյԱյ), SDG (ԷսԴիՋի) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Համաժողովի կազմակերպիչն է «Դատաֆեստ Երևան» հասարակական կազմակերպությունը։

DataFest Yerevan cover  .JPG (286 KB)


 
 
 
 
  • Արխիվ