Apple-ը բյուջետային նոութբուքներ կարտադրի ուսանողների համար

6 սեպտեմբերի, 2023  10:28

Apple ընկերությունը մտադիր է թողարկել նոր նոութբուք, որը կմրցի բյուջետային Google Chromebook-ի հետ։ Այս մասին հայտնում է DigiTimes պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ Apple-ի բյուջետային նոութբուքը կունենա մետաղական կորպուս և կարժենա 1000 դոլարից պակաս, ինչը թույլ կտա ընկերությանը ներգրավել հաճախորդների կրթական ոլորտից և միջին բիզնեսից, որոնք հուսալի և մատչելի համակարգիչների կարիք ունեն: Ընկերությունը ներկայումս iPad-ները հատուկ գնով է առաջարկում կրթական հաստատություններին։

DigiTimes-ը նշում է, որ Apple-ն արդեն պատվիրել է նոր նոութբուքի բաղադրիչները իր հիմնական մատակարարներից՝ Quanta Computer-ից և Foxconn-ից։ Սպասվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի 2024-ի երկրորդ կեսին։

Այս պահին Apple-ի նոութբուքները ներկայացված են երկու շարքով՝ MacBook Air և MacBook Pro: Դրանց գները սկսվում են համապատասխանաբար 999 դոլարից և 1299 դոլարից։ Եթե Chromebook-ի մրցակցի մասին տեղեկությունը ճիշտ է, այսինքն՝ այն 1000 դոլարից պակաս արժենա, ապա Apple-ի նոր նոութբուքը կարող է դառնալ ընկերության տեսականու մեջ ամենավաճառվողը:

Ի դեպ, Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Այն կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:

Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

Նշենք, որ ԵՄ-ն բջջային սարքեր արտադրողներից պահանջել է մինչև հաջորդ տարվա վերջ արդեն անցնել USB-C ստանդարտին։ Ըստ Bloomberg-ի լրագրող և վերլուծաբան Մարկ Գուրմանի՝ Apple-ը չի սպասի այդ ժամկետի ավարտին և արդեն iPhone 15 շարքում լիցքավորման Lightning համակարգից կանցնի USB-C-ի, սակայն սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ դա կգովազդի որպես նորարարություն և նույնիսկ չի հիշատակի ԵՄ պահանջները։


 
 
 
 
  • Արխիվ