Բիթքոյնը, NFT CryptoPunks-ը և Սալվադորը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում

26 հոկտեմբերի, 2022  10:14

Բիթքոյնը և բլոկչեյնի հետ կապված մի շարք իրադարձություններ ու երևույթներ ներառվել են Գինեսի ռեկորդների գրքի վերջին հրատարակությունում։ Այս տարի Գրքում ավելացել է նոր կատեգորիա՝ «Կրիպտոմանիա», որը ներառում է կրիպտոաշխարհի համար նշանակալի նվաճումները։

Ինչպես հայտնում է Cointelegraph-ը, Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից կրիպտոարժույթի ճանաչումը ցույց է տալիս, որ բլոկչեյնը և թվային ակտիվները վերջին մի քանի տարիների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից են եղել, և որ այդ երևույթների դերը հասարակության մեջ աճում է։

Այսպիսով, կոնկրետ ի՞նչ է ներառվել այս տարի Գինեսի ռեկորդների գրքում և ի՞նչ ձեռքբերումների համար:

Բիթքոյն

Բիթքոյնը ռեկորդների գիրք մտավ որպես աշխարհի առաջին ապակենտրոնացված կրիպտոարժույթը. առաջին բլոկը և առաջին 50 բիթքոյնները ստեղծվեցին 2009 թ․ հունվարի 3-ին, իսկ առաջին գործարքը տեղի ունեցավ 2009 թ․ հունվարի 12-ին՝ Սատոշի Նակամոտոն (բիթքոյնի զարգացման հետևում կանգնած մարդ կամ մարդկանց խումբ) Հալ Ֆիննիին 10 բիթքոյն ուղարկեց:

Բիթքոյնը նաև ճանաչվեց որպես ամենաարժեքավոր կրիպտոարժույթը՝ 816,69 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիայով (2022 թ․ մարտի 24-ի դրությամբ):

«Բիթքոյնը մշակվել է որպես թվային արժույթի խնդրի կարգավորման լուծում՝ առանց որևէ կենտրոնացված կազմակերպության կամ «վստահելի երրորդ կողմի» ներգրավման՝ գործարքները վերահսկելու համար»,- ասվում է Գինեսի ռեկորդների գրքում:

Նաև նշվում է, որ ֆինանսական նման գործիք ստեղծելու նախկին փորձերի դեպքում ենթադրվում էր նաև «վստահելի երրորդ կողմի» առկայություն:

NFT CryptoPunks

Ethereum բլոկչեյնի թոքենների հավաքածուն՝ NFT CryptoPunks-ը, Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես «ամենաթանկ NFT հավաքածուն»: CryptoPunk #5822 թոքենը այս տարվա փետրվարի 12-ին գնել է ձեռներեց Դիփակ Տապլիալը՝ 23,7 միլիոն դոլարով (կամ 8000 ETH):

Հետաքրքիր է, որ նկարիչ Բիփլի 69,3 միլիոն դոլար արժողությամբ NFT աշխատանքը չի ներառվել ռեկորդների գրքում, քանի որ ցանկը կազմողները NFT հավաքածուն նկարագրել են որպես «նախապես մշակված կաղապարներից ստեղծված արվեստի գործերի սահմանափակ հավաքածու», իսկ Բիփլի նկարները չեն համապատասխանում այս չափանիշներին։

Երկրպագուների թոքենները

Երկրպագուների ստեղծած թոքենները նույնպես ներառվել են Գինեսի գրքում որպես առանձին կատեգորիա: «Manchester City» թոքենը, որը Socios-ի միջոցով թողարկվել է 2021 թ․ հունիսին, ճանաչվել է որպես «երկրպագուների ամենաարժեքավոր թոքեն»՝ 47,1 միլիոն դոլար շուկայական կապիտալով (2022 թ․ մարտի 24-ի դրությամբ):

Սալվադոր

Սալվադորն ընդգրկվել է Գինեսի գրքում որպես «առաջին երկիր, որն ընդունել է բիթքոյնը որպես օրինական վճարամիջոց»՝ ավանդական փողի հետ մեկտեղ: Դա տեղի է ունեցել 2021 թ․ հունիսին, և այժմ Սալվադորում կարող եք կրիպտոարժույթով վճարել բոլոր ապրանքների և ծառայությունների համար: Համաշխարհային բանկը, ի դեպ, դատապարտել է այս որոշումը։

Նշենք, որ Binance կրիպտոարժույթների փոխանակման ծառայությունն անցյալ շաբաթ նույնպես հայտարարեց, որ գերազանցել է Գինեսի համաշխարհային ռեկորդը և անցկացրել է կրիպտոարժույթի թեմայով մինչ օրս անցկացված ամենամեծ դասը՝ հոկտեմբերի 7-ին Blockchain Land Nuevo Leon դասին մասնակցել է 289 մարդ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ