Binance կրիպտոբորսայի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչում բոլոր մեղադրանքներում և կլքի պաշտոնը, իսկ Binance-ը $4,3 մլրդ տուգանք կվճարի

22 նոյեմբերի, 2023  10:31

Binance կրիպտոբորսայի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն իրեն մեղավոր կճանաչի փողերի լվացման գործով նրան ներկայացված մեղադրանքներում և կհեռանա գործադիր տնօրենի պաշտոնից՝ որպես ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համաձայնագրի մաս, իսկ ընկերությունը 4,3 միլիարդ դոլար տուգանք կվճարի:

Երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Չանգպեն Չժաոն պետք է ներկայանա Սիեթլի դաշնային դատարան և ընդունի մեղքը, ասվում է դատարանի հրապարակված փաստաթղթերում: Չժաոն և գործով անցնող մյուսները մեղադրվում են ԱՄՆ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը խախտելու մեջ: Նրանք նաև մեղադրվում են ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները դիտավորյալ խախտելու մեջ՝ «դիտավորյալ և հաշվարկված փորձելով շահույթ ստանալ ԱՄՆ շուկայից՝ առանց ԱՄՆ օրենսդրությամբ պահանջվող հսկողություն իրականացնելու»:

Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համաձայնագրի՝ Binance-ի նախկին գործադիր տնօրենն անձամբ իրեն է մեղավոր ճանաչում, որ իր ղեկավարած ֆինանսական հաստատությանը դրդել է խախտել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը։ Արդարադատության նախարարությունը նաև դատարանին առաջարկում է 50 միլիոն դոլարի չափով տուգանք կիրառել Չժաոյի նկատմամբ։ Binance-ը նույնպես իրեն մեղավոր կճանաչի և կհամաձայնի վճարել 4,3 միլիարդ դոլար ընդհանուր տուգանք՝ ներառյալ կարգավորող մարմինների կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը լուծելու համար գումարները։

Binance-ին ներկայացված է երեք քրեական մեղադրանք, այդ թվում՝ չարտոնագրված փողերի փոխանցման բիզնես վարելը, «Միջազգային արտակարգ իրավիճակների տնտեսական լիազորությունների մասին» օրենքը խախտելը և հանցավոր դավադրությունը: Այս մեղադրանքները հաջորդել են այս տարվա սկզբին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի և ապրանքների ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի կողմից ներկայացված քաղաքացիական հայցերին: Դրանք կապված են ոչ միայն անօրինական գործունեությունում ներգրավվածությանը, ինչպիսիք են փողերի լվացումը և արժեթղթերի գործարքներում խարդախությունը, այլ նաև այն, որ ընկերությունը մտնում է որոշակի շուկաներ՝ չունենալով դա անելու լիազորություն:

Հունիսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը լայնածավալ դատական ​​հայց ներկայացրեց Binance-ի դեմ՝ պնդելով, որ ընկերությունը գործել է որպես արժեթղթերի անօրինական բորսա և սխալ կառավարել հաճախորդների միջոցները:Հանձնաժողովի կողմից Binance-ի դեմ ներկայացված 13 մեղադրանքներում գործակալությունը կրիպտոբորսային մեղադրում է հաճախորդներին պատկանող միլիարդավոր դոլարների գումարները Binance-ի սեփական միջոցների հետ «խառնելու» մեջ, ինչը նման է FTX կրիպտոբորսայի դեմ ներկայացված մեղադրանքներին: Հանձնաժողովի նախագահ Գարի Գենսլերը բացատրել է. «Չժաոն և Binance-ի կազմակերպությունները ներգրավված էին խաբեության, շահերի բախման, տեղեկատվությունը չբացահայտելու և օրենքից հաշվարկված ձևով խուսափելու մեջ»:

2017-ին չինացի ձեռներեցի կողմից հիմնադրված Binance-ը մի քանի շաբաթվա ընթացքում համեմատաբար անհայտ ապրանքանիշից դարձել է կրիպտոարժույթների շուկայում խոշոր խաղացող: Մինչ օրս Binance-ը շարունակում է մնալ կրիպտոարժույթների աշխարհի ամենամեծ բորսան՝ տարեկան ունենալով միլիարդավոր դոլարների շրջանառություն։


 
 
 
 
  • Արխիվ