Աստղի ծնվելուց հետո գոյացած միգամածություն և Դիդիմ-Դիմորֆ համակարգի գիսաստղակերպ կրկնակի պոչ. Hubble-ի նոր լուսանկարները

24 հոկտեմբերի, 2022  18:40

Hubble աստղադիտակը մի քանի նոր ու հետաքրքիր լուսանկարներ է արել, որոնք ցույց են տալիս աստղի ծնվելու հետևանքով առաջացած միգամածությունը։ Նոր լուսանկարներում նաև երևում է Դիդիմ-Դիմորֆ համակարգի պոչը, որը կրկնակի գիսաստղի է նմանվում:

NGC 1999-ը արտացոլող միգամածություն է Օրիոնի (Հայկ) համաստեղությունում

Աստղադիտակի այս լուսանկարում կարելի է տեսնել NGC 1999-ը, որն արտացոլող միգամածություն է Օրիոնի համաստեղությունում: Այն գտնվում է Երկրից մոտ 1350 լուսատարի հեռավորության վրա և մոտ է Օրիոնի միգամածությանը, որը աստղերի զանգվածային ձևավորման՝ Երկրին ամենամոտը գտնվող հատվածն է:

hubble-Cosmic-Keyhole

Ինքը՝ NGC 1999-ը, նույնպես վերջերս տեղի ունեցած աստղաձևավորման գործընթացի մնացուկ է. այն կազմված է նորածին աստղի ձևավորումից մնացած բեկորներից:

Անդրադարձվող միգամածությունները, ինչպիսին NGC 1999-ն է, կարելի է համեմատել փողոցի լամպի շուրջն առկա մառախուղի հետ. դրանք փայլում են միայն ներքին աղբյուրից ստացված լույսի շնորհիվ: NGC 1999-ի դեպքում այդ աղբյուրը վերոհիշյալ նորածին V380 Orionis աստղն է, որը կարելի է տեսնել այս պատկերի կենտրոնում։ NGC 1999-ի ամենահետաքրքիր առանձնահատկությունը նրա կենտրոնում նկատվող անցքն է, այն բանալու մուգ սև անցք է հիշեցնում, պարզապես տիեզերական չափերի։

Նախկինում աստղագետները կարծում էին, որ NGC 1999-ի կենտրոնում առկա այդ մութ կետը գազի, մոլեկուլների և տիեզերական փոշու խիտ, սառը ամպ է (Bok Globule), որը ստվերում է ֆոնային լույսը: Այնուամենայնիվ, հետագա դիտարկումները ցույց են տվել, որ այդ մութ կետն իրականում տիեզերքի շրջանաձև դատարկ տարածություն է: NGC 1999-ի անմիջապես սրտում գտնվող այս անբացատրելի բացվածքի ծագումը մինչ այժմ մնում է անհայտ:

Դիդիմ-Դիմորֆ համակարգի կրկնակի գիսաստղակերպ պոչը

Hubble-ի այս լուսանկարում երևում է Դիդիմ-Դիմորֆ աստերոիդների համակարգի փոշուց կազմված կրկնակի պոչը, որը ձևավորվել է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին NASA-ի DART առաքելության զոնդի հարվածից հետո

didimus-dimorphus.jpg (61 KB)

Դիմորֆ աստերոիդը պտտվում է Դիդիմի շուրջը, և մինչև DART-ի զոնդի հետ բախումը այն մեկ պտույտը կատարել է 11 ժամ 55 րոպեում։ Սեպտեմբերի 26-ին NASA-ի թռչող սարքը բախվեց Դիմորֆին, ինչի հետևանքով աստերոիդի պտույտի ժամանակը կրճատվեց 32 րոպեով և այժմ տևում է 11 ժամ 23 րոպե, չնայած գիտնականները սկզբում կարծում էին, որ այն կփոխվի մոտ 73 վայրկյանով:

Hubble դիտարկումները ցույց են տվել, թե ինչպես են իրենց պահում աստերոիդի՝ հարվածից հետո պոկված բեկորները։ Փոշուց և բեկորներից կազմված ամպը ժամանակի ընթացքում ընդլայնվեց և կորցրեց իր պայծառությունը, սակայն պոչի ի հայտ գալը (որը տեղի է ունեցել 2022 թ․ հոկտեմբերի 2-8-ը) զարմացրել է մասնգետներին, քանի որ սովորաբար նման բան նկատվում է գիսաստղերի և ակտիվ աստերոիդների մոտ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ