Apple-ը հրաժարվել է iPhone 15 Pro Max-ից․ այն այլ կերպ կկոչվի

22 օգոստոսի, 2023  18:09

iPhone 15 սերիայի սմարթֆոնների ամենաավագ մոդելը կստանա Ultra ինդեքսը՝ Pro Max-ի փոխարեն։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով լրագրող և ինսայդեր Էնդրյու Օ'Հարային։

Տեղեկություններն այն մասին, որ Apple-ը ցանկանում է հրաժարվել Pro Max-ից՝ հօգուտ Ultra-ի, սկսեցին լրատվամիջոցներում շրջանառվել արդեն 2022-ին: Այս մասին, ինչպես նշում է MacRumors-ը, գրել են այնպիսի հեղինակավոր ինսայդերներ, ինչպիսիք են Մարկ Գուրմանը, Մինգ-Չի Կուոն և այլք։ Այնուամենայնիվ, 2023-ի սկզբից այդ խոսակցությունները մարեցին։ Եվ հիմա, փաստացի Apple-ի սեպտեմբերյան շնորհանդեսի նախօրեին, դրանք նորից վերսկսվել են։

Օ'Հարան ռեբրենդինգի մասին այլ մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ այս տեղեկությունն իրեն հաստատել են մի քանի տարբեր աղբյուրներ։ Ըստ MacRumors-ի՝ Օ'Հարան ունի ինսայդերների փոքր, բայց ճշգրիտ ցուցակ: Օրինակ՝ 2022-ին նա առաջինն էր, որ հրապարակեց AirPods Pro 2 ականջակալի ռենդերները։

Կայքը նշում է, որ Apple-ը հաճախ է փոխում իր արտադրանքների անվանումը դրանց մշակման ընթացքում, ուստի զարմանալի չէ, որ iPhone 15 Ultra-ի մասին լուրերը հայտնվում ու անհետանում են: Օրինակ՝ մինչև AirPods Max-ի թողարկումը բոլորը հավատացած էին, որ ականջակալը կկոչվի AirPods Studio, իսկ Vision Pro-ի օպերացիոն համակարգը՝ xrOS, սակայն AirPods Max-ի շնորհանդեսից առաջ այն վերանվանվեց visionOS-ի:

iPhone 15 սերիայի շնորհանդեսը տեղի կունենա 2023-ի աշնանը։ Ըստ լուրերի՝ Ultra տարբերակը մոդելներից կտարբերվի հիմնականում վեցանգամյա օպտիկական խոշորացումով պերիսկոպի ոսպնյակով։

Ի դեպ, արդեն տեղեկություն կա այն մասին, որ iPhone 15 սերիայի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։

Նշենք, որ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում, իսկ մինչ այդ արդեն հայտնի է դարձել, որ Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել։ Բացի դրանից, հայտնի է, որ iPhone 15-ը կստանա Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենաարագ լիցքավորումը։


 
 
 
 
  • Արխիվ