Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում. սմարթֆոնը պաշտոնապես կհայտարարվի շատ շուտով

17 օգոստոսի, 2023  10:19

Թեև Apple-ը պաշտոնապես չի հայտարարել iPhone 15-ի մասին, Foxconn-ն արդեն սկսել է արտադրությունը Հնդկաստանի իր գործարանում: Ընկերությունն այսպիսով փորձում է դիվերսիֆիկացնել իր սմարթֆոնների արտադրությունը և նվազեցնել կախվածությունը չինական արտադրությունից։

Ըստ Bloomberg-ի՝ վերջին մի քանի տարիներին Apple-ն աստիճանաբար ավելացնում է արտադրությունը Հնդկաստանում։ Նոր iPhone 15 սմարթֆոնները կհավաքվեն Foxconn-ի գործարանում, որը գտնվում է Թամիլնադ նահանգի Սրիպերումբուդուր քաղաքում։

Հետաքրքիր է, որ հնդկական գործարանը սմարթֆոնների մատակարարումը կսկսի Չինաստանում արտադրությունը սկսելուց ընդամենը մի քանի շաբաթ անց։ iPhone-ի նախորդ մոդելների թողարկման ժամանակ ամեն ինչ այլ էր․ Հնդկաստանում արտադրությունն սկսվում էր Չինաստանից 6-9 ամիս հետո։

Սա նաև առաջին դեպքն է, երբ Հնդկաստանում iPhone-ի կոնկրետ մոդելը զանգվածաբար է արտադրվելու մինչև դրա պաշտոնական մեկնարկը: Անցյալ տարի iPhone 14-ը, օրինակ, Հնդկաստանում սկսեց հավաքվել միայն սեպտեմբերի վերջին՝ թողարկումից որոշ ժամանակ անց։

Հնդկաստանում iPhone 15-ի արտադրության ծավալները կախված կլինեն ներմուծվող բաղադրիչների առկայությունից և արտադրական գծերի ընդլայնումից։ Ակնկալվում է, որ Pegatron և Wistron գործարանները նույնպես շուտով կսկսեն iPhone 15-ի նոր մոդելների հավաքումը։

Բացի դրանից, ըստ DigiTimes-ի, Foxconn-ը նաև նախատեսում է մինչև 2024-ի վերջ Հնդկաստանում սկսել AirPods-ի արտադրությունը: Այս քայլը հաստատում է Apple-ի ձգտումը՝ ընդլայնելու իր ներկայությունը այս երկրում և դիվերսիֆիկացնելու իր արտադրական գործառնությունները:

Ի՞նչ է հայտնի նոր iPhone 15 շարքի մասին

Վերջին 3 նմ Apple A17 Bionic չիպերը, ամենայն հավանականությամբ, կստանան միայն iPhone 15 Pro-ն և Pro Max-ը, մինչդեռ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան Apple-ի հին՝ A16 չիպը, որն օգտագործվում էր iPhone 14 Pro-ում և Pro Max-ում: Հայտնի է նաև, որ iPhone 14 Pro-ի պես iPhone 15 Pro մոդելները կունենան ընդամենը 6 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Նախորդիվ լուրեր էին տարածվել, որ նոր սմարթֆոնները, հատկապես հին մոդելները, կարող են ստանալ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն:

iPhone 15 Pro-ն 30%-ով ավելի հզոր կլինի, քան իր նախորդը, իսկ USB-C-ն՝ 40 անգամ ավելի արագ, քան iPhone 15-ը։

Հիշեցնենք, որ iPhone 15 սերիայի սմարթֆոնների շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերի 12-ին։ Այնուամենայնիվ, շատերը գուցե չցանկանան անմիջապես գնել դրանք. որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս սպասել մինչև 2024-ի գարուն:


 
 
 
 
  • Արխիվ