Apple-ն արդեն աշխատում է A19 Bionic և M5 չիպերի վրա, որոնք կթողարկվեն 2025-ին

21 օգոստոսի, 2023  18:09

Apple ընկերությունն սկսել է բջջային սարքերի և համակարգիչների համար նախատեսված A19 Bionic և M5 չիպերի մշակման աշխատանքները, որոնք կթողարկվեն 2025-ից ոչ շուտ։ Այս մասին հայտնում է WCCFtech պորտալը՝ հղում անելով @_orangera1n ինսայդերին։

Վերջինս X-ի (նախկին Twitter) իր էջում տեղադրել է նույնացուցիչներով մի քանի պրոցեսորների լուսանկար, որոնք, ըստ @_orangera1n-ի, ապագա Apple A19 Bionic և Apple M5 չիպերն են։

Ըստ WCCFtech-ի՝ Apple-ը մի քանի տարի առաջ է սկսել նոր չիպերի մշակման աշխատանքները, որպեսզի առաջ անցնի մրցակիցներից։

Այս տարվա սեպտեմբերի 12-ին Apple-ը կներկայացնի iPhone 15 շարքի իր սմարթֆոնները, այդ թվում՝ Pro մոդելը, որի կատարողականի համար պատասխանատու կլինի A16 Bionic չիպը։ Փաստացի մինչև ապագա սմարթֆոնների համար նախատեսված A19-ի թողարկումը դեռ երեք տարի կա։

Խոսվում է նաև, որ Apple M3-ի վրա հիմնված համակարգիչները կթողարկվեն այս աշնանը կամ 2024-ի սկզբին:

Ակնկալվում է, որ Apple A19 Bionic և M5 չիպերը կառուցված կլինեն TSMC-ի 2 նմ տեխպրոցեսի վրա: Այս պրոցեսորների մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Նշենք, որ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում, իսկ մինչ այդ արդեն հայտնի է դարձել, որ Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել։ Բացի դրանից, հայտնի է, որ iPhone 15-ը կստանա Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենաարագ լիցքավորումը։


 
 
 
 
  • Արխիվ