Հանրահայտ WhatsApp հավելվածի Android տարբերակը ստացել է բետա 2.23.17.8 թարմացումը, որն իր մեջ ներառում է մեկ հեռախոսում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու երկար սպասված հնարավորությունը:
Ըստ WABetaInfo-ի՝ WhatsApp-ի օգտատերերն այժմ կարող են նոր հաշիվ ավելացնել հավելվածին՝ սեղմելով QR կոդը կոճակի կողքին գտնվող սլաքի պատկերակին: Հաշիվների միջև անցման գործընթացը նույնպես հեշտությամբ կատարվում է նույն հատվածում:
Ավելացված նոր հաշիվները կմնան կապված WhatsApp հավելվածի հետ, և օգտատերը ստիպված չի լինի նորից մուտք գործել հաշիվներից յուրաքանչյուրը: Այս նորամուծությունը թույլ կտա նաև միաժամանակ մի քանի աքաունթներից նամակագրել և պատասխանել հաղորդագրություններին։
Այս նորամուծությունը հատկապես օգտակար կլինի այն օգտատերերի համար, ովքեր ունեն մեկից ավելի WhatsApp հաշիվ և օգտագործում են երկու սարք՝ դրանք կառավարելու համար։ Այս թարմացումը մեծապես կհեշտացնի մի քանի հաշիվների հետ աշխատելու գործընթացը. դա կարելի կլինի անել մեկ հեռախոսից:
Գործառույթը ներկայումս գտնվում է բետա փորձարկման փուլում և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար: Ուստի հնարավոր են որոշակի ճշգրտումներ և բարելավումներ դրա աշխատանքում։
ամիս
շաբաթ
օր