WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել. ի՞նչ է հայտնի դրա մասին

20 հուլիսի, 2023  10:07

WhatsApp հանրահայտ հավելվածի աշխատանքում գիշերը գլոբալ խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ երկրների օգտատերեր խնդիրների են բախվել։ Դա հաստատել է նաև Downdetector ծառայությունը, որը վերահսկում է աշխարհի տարբեր ռեսուրսների հասանելիության հետ կապված խնդիրները։

Ծառայության տվյալներով՝ խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում, որտեղ  օգտատերերը չեն կարողացել հաղորդագրություններ ուղարկել և ստանալ, խնդիրներ են առաջացել առհասարակ հավելվածի ընդհանուր աշխատանքի հետ կապված։

Բողոքների 52%-ը վերաբերել է հավելվածի հետ կապված խնդիրներին, ևս 44%-ը չի կարողացել հաղորդագրություն ուղարկել, իսկ 4%-ը հայտնել է կայքի հետ կապված խնդիրների մասին: Հետաքրքիր է, որ խնդիրներն ի հայտ են եկել հավելվածի ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակում։

Խափանման պատճառն անհայտ է, սակայն մի քանի ժամ անց մեսենջերի աշխատանքը վերականգնվել է, իսկ խնդիրների մեծ մասը շտկվել է։

Մեսենջերի թվիթերյան էջում հայտնվել է հաղորդագրություն. «Մենք նորից այստեղ ենք, վայելեք շփումը»:

Այս պահին մեսենջերի աշխատանքում լուրջ խնդիրներ այլևս չկան։

Նշենք, որ WhatsApp-ի վերջին խոշոր խափանումը գրանցվել է 2022-ի հոկտեմբերին, ինչի հետևանքով մի շարք երկրների օգտատերեր հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու հետ կապված խնդիրներ էին ունեցել:

Իսկ ամենամասշտաբային խափանումը տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերի 4-ին. այդ ժամանակ մի քանի ժամ շարունակ տասնյակ հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհում չէին կարողանում միանալ սերվերներին և հաղորդագրություններ ուղարկել։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ