Apple-ը հուլիսի վերջին կփակի իր հայտնի ծառայություններից մեկը. ի՞նչ անել, որպեսզի չկորցնեք կարևոր ֆայլեր

26 հուլիսի, 2023  10:20

Apple-ը նախատեսում է մինչև այս տարվա հուլիսի վերջ փակել լուսանկարների առցանց պահպանման իր հայտնի My Photo Stream ծառայությունը։ TechRadar-ի տեղեկություններով՝ ծառայությունը կփակվի հուլիսի 26-ին:

My Photo Stream-ը գործարկվել է 2011-ին, և այդ ժամանակվանից այն Apple-ի օգտատերերի համար դարձել է լուսանկարների ժամանակավոր պահման հիմնական հարթակներից մեկը։ Ծառայությունն ավտոմատ կերպով ներբեռնում էր iPhone-ի վերջին 1000 լուսանկարները, որոնց օգտատերը հասանելիություն էր ստանում իր բոլոր Apple սարքերից:

Սակայն My Photo Stream-ի փակվելուց հետո դրանում պահված բոլոր լուսանկարները կջնջվեն կամ կտեղափոխվեն ընկերության մեկ այլ ծառայություն՝ iCloud Photos: Հարկ է նշել, որ iCloud Photos-ին լուսանկարների փոխանցումը հասանելի կլինի միայն այս ծառայության բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։

TechRadar-ը խորհուրդ է տալիս համոզվել, որ My Photo Stream-ը արժեքավոր ֆայլեր չի պարունակում: Դա անելու համար կարող եք հետևել հետևյալ ընթացակարգին.

  1. Բացե՛ք Photos հավելվածը ձեր iPhone-ում,
  2. Գնացե՛ք Albums բաժին,
  3. Բացվող էջում գտե՛ք My Photo Stream թղթապանակը
  4. Ընտրե՛ք բոլոր լուսանկարները, որոնք ցանկանում եք պահպանել,
  5. Սեղմե՛ք Save Photos հրահանգը:

Այս կերպ ընտրված լուսանկարները կպահպանվեն ձեր սմարթֆոնի հիշողության մեջ և չեն ջնջվի My Photo Stream-ի փակվելուց հետո:

Ըստ TechRadar-ի՝ այս ծառայությունը փակելու Apple-ի որոշումը պայմանավորված է նրանով, որ My Photo Stream-ի գործառույթները կան նաև ավելի հայտնի iCloud Photos առցանց հարթակում: Ամենայն հավանականությամբ, ընկերությունը որոշել է իր ջանքերը կենտրոնացնել վերջինիս զարգացման վրա, որպեսզի օգտվողներին տրամադրի ավելի հարմար և կատարյալ ծառայություն՝ իրենց թանկարժեք պահերն ու լուսանկարները Apple-ի բոլոր սարքերում պահելու և սինքրոնացնելու համար։ 


 
 
 
 
  • Արխիվ