Ձայնի կայուն բարձրություն․ YouTube-ում նոր ու հարմարավետ գործառույթ է հայտնվել

18 հուլիսի, 2023  12:21

YouTube-ում նոր գործառույթ է հայտնվել, որը կոչվում է Stable Volume (Ձայնի կայուն բարձրություն): Ընկերության ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն հայտարարել այս նորամուծության մասին, սակայն այն նկատել է հայտնի տեխնոբլոգեր Բրենդոն Լին։

Ինչպես տեղեկացնում է Android Authority-ն, տրամադրված սքրինշոթների համաձայն, ձայնի ավտոմատ կառավարման անջատիչը հայտնվել է կարգավորումների բաժնում` Backlight ֆունկցիայի ներքո: Ստուգելու համար, թե արդյոք ձեզ մոտ արդեն կա այս հնարավորությունը, անհրաժեշտ է այցելել կարգավորումներ՝ տեսանյութ դիտելու ժամանակ:

Stable-Volume-YouTube-app

Օգտատերերը, որոնք արդեն փորձարկել են նոր գործառույթը, նշում են, որ անջատիչը հավասարեցնում է տեսանյութերի ձայնի մակարդակը: Դա նշանակում է, որ այն հարթեցնում է չափազանց բարձր պահերը բղավոցի կամ ֆոնային հնչյունների ժամանակ, ինչպես նաև ուժեղացնում է չափազանց ցածր հատվածները տեսանյութերում: Նոր գործառույթը թույլ է տալիս ապահովել ավելի հարմարավետ և հավասարակշռված աուդիո փորձառություն YouTube հարթակում՝ առանց նվագարկման ընթացքում ձայնը ձեռքով կարգավորելու:

Այս պահին Steady Volume ֆունկցիան հասանելի է միայն YouTube հավելվածի որոշ օգտատերերի համար. Android և iOS օպերացիոն համակարգերի օգտատերերի մեծամասնությանը այս գործառույթը դեռ հասանելի չէ: Սպասվում է, որ նորամուծությունը կներդրվի YouTube-ի հաջորդ թարմացման շրջանակում և հասանելի կլինի բոլոր օգտատերերին բջջային երկու հարթակներում։

Հիշեցնենք, որ վերջերս YouTube-ը դադարեցրել էր կարճ տեսանյութերի՝ Stories-ի աջակցությունը:


 
 
 
 
  • Արխիվ