YouTube-ն ընդմիշտ կանջատի իր հայտնի գործառույթներից մեկը

26 մայիսի, 2023  22:05


YouTube-ը հայտարարել է, որ դադարեցնում է Stories կարճ տեսանյութերի աջակցությունը։ Օգտատերերը, հունիսի 26-ից սկսած, այլևս չեն կարողանա նոր տեսանյութեր հրապարակել, իսկ Stories բաժնում առկա գրառումները կանհետանան հրապարակման օրվանից յոթ օր հետո, հայտնում է The Verge-ը։

Stories-ը գործարկվել է 2017-ին Reels անվամբ, կարճ տեսանյութերի այս ֆունկցիան հասանելի էր այն օգտատերերին, որոնց լսարանը գերազանցում էր 10,000-ը: Բովանդակության հեղինակը կարող էր փոքրիկ տեսանյութ հրապարակել նկարահանումների կամ իր կյանքի մասին, կիսվել դրանով բաժանորդների հետ, իսկ որոշ ժամանակ անց այդ տեսանյութերն անհետանում էին առանց վերականգնման հնարավորության։

Այնուամենայնիվ, Stories-ը բլոգերների շրջանում լայն տարածում չգտավ. նույնիսկ YouTube-ն ինքը բավարար ուշադրություն չդարձրեց դրա առաջխաղացմանը: Stories-ի անջատվելուց հետո բովանդակություն ստեղծողները կարող են կարճ տեսանյութերով շփվել իրենց հետևորդների հետ Community ներդիրում, ինչպես նաև Shorts ձևաչափի միջոցով:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Google-ը գովազդային նոր ձևաչափ է գործարկում, որի շրջանակում այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ։ Ընդորում, 30 վայրկյան տևողությամբ գովազդները կցուցադրվեն երկու՝ միմյանց հաջորդող 15 վայրկյանանոց հոլովակների փոխարեն։

Ավելի վաղ YouTube-ը հայտարարել էր, որ թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված լինի գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ