Մեկնարկել է Diablo IV խաղի փակ բետա-թեստավորումը. առաջին կադրերն արդեն հայտնվել են ցանցում

20 հոկտեմբերի, 2022  13:38

Blizzard Entertainment ընկերության Diablo IV էքշն դերային խաղի փակ բետա-թեստավորումն արդեն մեկնարկել է։ Թեստավորմանը մասնակցելու են հրավիրվել այն խաղացողները, որոնք նախկինում շատ ժամանակ են անցկացրել Diablo II: Resurrected և Diablo III խաղերում: Նրանք բոլորը ստորագրել են խաղի մանրամասները չհրապարակելու մասին պայմանագիր, սակայն, չնայած դրան, խաղից արդեն բազմաթիվ կադրեր ու տեսանյութեր են հայտնվել համացանցում։

Ահա այսպիսի տեսք ունի խաղը։

Խաղից արված սքրինշոթերը նույնպես բավականին հետաքրքիր են երևում։

Diablo-IV

Ի՞նչ է հասանելի խաղի բետա տարբերակում

Բետա-թեստավորման մասնակիցներին հասանելի են հետևյալ իրադարձությունները և վայրերը․

  • «Դժոխային հարձակում» տարածաշրջանային միջոցառում (այն հասանելի է միայն «Մղձավանջ»-ի դժվարության մակարդակում, իսկ ուժեղացված հրեշներին հաղթելու դիմաց կարող եք ստանալ մոխիր «Դժոխային հարձակման» սնդուկները բացելու համար, որոնք լավ պարգևներ են խոստանում)։
  • «Ատելության դաշտեր» PvP գոտիներ, որտեղ կարող եք հավաքել ատելության սերմեր, որոնք կարող են վերամշակվել և դառնալ կարմիր փոշի՝ դեկորատիվ պարգևներ գնելու համար։
  • Շշնջացող ծառի առաջադրանքները, որոնց շնորհիվ կարող եք ձեռք բերել փորձ, ոսկի և մռայլ նվերներ, որոնք կարող են փոխանակվել այլ արժեքավոր պարգևներով։
  • Դժվարության «Մղձավանջ» մակարդակում զնդաններ, որոնք բացվում են մղձավանջի առաջին խորհրդանիշը գտնելուց հետո:

Diablo-IV2

Խաղում հասանելի կլինեն նաև, այսպես կոչված, կատարելագործման աղյուսակները։ Սա  առավելագույն մակարդակի կերպարների զարգացման համակարգ է, որի մասին Blizzard-ը խոսում էր դեռևս 2021 թ․ դեկտեմբերին: Խաղացողներին հասանելի կլինի նաև, այսպես կոչված, cross-play ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս խաղի առաջընթացը սինխրոնացնել տարբեր հարթակներում:  

Diablo-IV3

Ինչպես տեղեկացնում է GlassCannon պորտալը, խաղի բետա տարբերակը աջակցում է.   

  • HDR,
  • Ճառագայթային հետագծում,
  • խելացի DLSS, FSR և XeSS մասշտաբավորում,
  • DirectStorage ներբեռնման արագացման տեխնոլոգիա:

Diablo IV խաղի բետա տարբերակի ծավալը 69,8 գիգաբայթ է:

Ի՞նչ է հայտնի Diablo IV-ի մասին

Diablo շարքի նոր խաղի մասին հայտարարվել է 2019 թ. նոյեմբերի 1-ին BlizzCon 2019 ամենամյա համաժողովում, որտեղ մշակողները խոստացել են վերադառնալ խաղի երկրորդ մասի մռայլ ոճին։ Խաղում կհայտնվի նաև Լիլիթը` մարդկության նախամայրը, Մեֆիստոյի դուստրը և սուկուբուսների թագուհին, որն առաջին անգամ հանդիպել է Diablo II-ում: Ամենայն հավանականությամբ, հենց նա է պատկերված խաղի շապիկին։

Diablo IV-ում իրադարձությունները տեղի են ունենում երրորդ մասի իրադարձություններից 60 տարի անց։ Խաղացողներին կներկայացվի բաց աշխարհ՝ բաժանված հինգ յուրօրինակ վայրերի.

  • Քեջիստան,
  • Չոր տափաստաններ,
  • Սկոսգլեն,
  • Փշրված գագաթներ,
  • Հավեզար։

Diablo-IV-faces

Ինչպես խոստացել էին խաղի մշակողները, տեղանքներն այժմ 10-20 անգամ ավելի մեծ են, քան նախորդ մասում, և դրանց միջև տեղաշարժվել հնարավոր կլինի նաև գրաստով։

Չնայած խաղը կունենա ընդհանուր խաղային աշխարհին բնորոշ տարրեր, սակայն այն չի պատկանում MMO ժանրին, պատահական գեներացված տեղանքներ և բովանդակություն չի լինի: Այդուամենայնիվ, կլինեն PvP գոտիներ, որտեղ խաղացողները կկարողանան պայքարել միմյանց հետ՝ և՛ մենակ, և՛ թիմով:

Diablo IV character customisation

Առայժմ հայտնի է հինգ դասերի մասին, որոնք հասանելի կլինեն խաղում.

  • Գող
  • Բարբարոս
  • Հրաշագործ
  • Դրուիդ
  • Նեկրոմանտ

Ե՞րբ է սպասվում Diablo IV-ի թողարկումը

Blizzard-ը նախատեսում է Diablo IV-ի բաց թեստավորում անցկացնել հաջորդ տարվա սկզբին, և թեստավորումն ավարտելուց որոշ ժամանակ անց սպասվում է, որ խաղը թողարկվի: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2023 թ. կեսերին։ Խաղը կթողարկվի սեղանի համակարգիչների, PS4, PS5, Xbox One, Xbox Series X և S խաղային կոնսոլների համար։


 
 
 
 
  • Արխիվ