Intel-ը դուրս է գալիս համակարգիչների շուկայից․ այն այլևս չի արտադրի Next Unit of Computing շարքի մինի PC-ներ

12 հուլիսի, 2023  12:23

Ամերիկյան Intel ընկերությունն այլևս չի արտադրի Next Unit of Computing (NUC) շարքի PC  տեսակի մինի համակարգիչներ և հեռանում է համակարգչային շուկայից։ Այս մասին հայտնում է VideoСardz կայքը։

«Մենք որոշել ենք դադարեցնել ուղղակի ներդրումները Next Unit of Compute (NUC) բիզնեսում և փոխել մեր ռազմավարությունը՝ թույլ տալու մեր էկոհամակարգի գործընկերներին շարունակել նորարարությունները և զարգացնել NUC-ն»,- ասվում է ընկերության հայտարարությունում, որն ուղարկվել է գործընկերներին:

Այս որոշումը, ինչպես հավաստիացնում են ընկերության ներկայացուցիչները, չի ազդի Intel-ի այլ ստորաբաժանումների վրա, ինչպիսիք են Client Computing Group-ը (CCG) և Network and Edge Computing-ը (NEX):

«Բացի դրանից, մենք աշխատում ենք մեր գործընկերների և հաճախորդների հետ՝ ապահովելու սահուն անցումը և մեր բոլոր ընթացիկ պարտավորությունների կատարումը»,- ասված է հայտարարությունում:

VideoCardz-ի տվյալներով՝ NUC ստորաբաժանումը պատասխանատու է եղել նաև նոութբուքների և մինի համակարգիչների մայր պլատաների նախագծման համար։ Ներքին փաստաթղթի համաձայն՝ ընկերությունն ակնկալում է, որ երրորդ կողմի արտադրողները կշարունակեն զարգացնել NUC էկոհամակարգը:

Նշենք, որ NUC շարքի առաջին համակարգիչը թողարկվել է 2013-ին։ Intel NUC-ները, որպես կանոն առաքվում էին առանց հիմնական բաղադրիչների, ինչպիսիք են օպերատիվ, ներկառուցված հիշողությունը և օպերացիոն համակարգը: Օգտագործողները կարող են հարմարեցնել NUC-ը՝ ավելացնելով իրենց նախընտրած բաղադրիչները, որպեսզի այն համապատասխանի իրենց հատուկ պահանջներին: NUC փաթեթները սովորաբար ներառում են մայր պլատան, պրոցեսորը և ինտեգրված վիդեո քարտը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ