Perseverance-ը Մարսի վրա վարար գետի հետքեր է հայտնաբերել

12 մայիսի, 2023  16:07

Վերջին տվյալներով՝ Մարսի վրա իսկապես վարար գետեր են հոսել։ Թեև Կարմիր մոլորակի վրա հեղուկ ջրի շատ հետքեր կան, դրանք հիմնականում կապված են օվկիանոսների, լճերի և համեմատաբար փոքր առուների հետ, օրինակ՝ նման առուների հնագույն հուներ Curiosity մարսագնացը հայտնաբերել է Գեյլ խառնարանում։ Հիմա Perseverance մարսագնացը Ջեզերո խառնարանում գտել է վաղուց ցամաքած գետի հետքեր, որոնք կառուցվածքով տարբերվում են նախորդ գտածոներից:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ցամաքած գետի հունում հայտնաբերվել են սալաքարեր և բավականին խոշոր այլ կառույցներ, որոնք չէին կարող տեղաշարժվել ջրի թույլ ու բարակ հոսքի պարագայում։ Ըստ NASA-ի ներկայացուցչի՝ դա ցույց է տալիս, որ գետը եղել է շատ վարար և շատ բեկորներ է տեղափոխել. որքան ուժեղ է ջրի հոսանքը, այնքան ավելի հեշտ կարող է տեղափոխել նյութերի մեծ բեկորներ:

Մարսի Skrinkle Haven կոչվող տեղանքում հայտնաբերվել են շերտավոր ժայռերի կոր «ժապավեններ», որոնք գրեթե անկասկած ձևավորվել են ջրի հզոր հոսանքի հետևանքով: Այնուամենայնիվ, գիտնականները դեռևս միակարծիք չեն այս գետի ծագման վերաբերյալ: Դա կարող է լինել կա՛մ ոլորապտույտ գետ, որի ափերը ժամանակի ընթացքում փոխվել են, կա՛մ բազմաթիվ վտակներով գետ:

Ամեն դեպքում, քարե «ժապավենները» ի սկզբանե զգալիորեն ավելի բարձր են եղել, սակայն հետագայում մարսյան քամին մեծ քանակությամբ ավազ է բերել և գրեթե ամբողջությամբ փակել դրանք։ Գիտնականների կարծիքով՝ նմանատիպ կառույցներ կան նաև Երկրի վրա, սակայն դրանք հնարավոր չէ ուսումնասիրել այնպես, ինչպես Մարսի վրա, քանի որ Երկրի վրա  բուսականությունը ծածկում է դրանք։

Skrinkle Haven-ից 0,45 կմ հեռավորության վրա Perseverance մասրագնացը նաև հայտնաբերել է 20 մ բարձրությամբ բլուր, որը կոչվում է Pinestand: Գիտնականները կարծում են, որ նստվածքային շերտերը, որոնք գտնվում են մեկը մյուսի վրա, կարող էին գոյանալ արագ հոսանք ունեցող մեծ գետի շնորհիվ։ Ջեզերո խառնարանում, որի տարածքը 45 կմ է, նախկինում եղել է և՛ մեծ լիճ, և՛ գետի դելտա։ Perseverance-ը կշարունակի ուսումնասիրել միջավայրի մնացորդները, որը ժամանակին գուցե հնարավորություն է ունեցել աջակցել կյանքի գոյությանը։

Pinestand.JPG (48 KB)

Ինչպես տեղեկացնում է NASA-ն, գիտնականները հասել են Ջեզերո խառնարանի պատմության հերթական էջին․ առաջին անգամ Մարսի վրա այսպիսի ռելիեֆ է հայտնաբերվել՝ թույլ տալով նորովի գնահատել Կարմիր մոլորակի գետերը, որոնք ժամանակին հոսել են այստեղ։

Perseverance-ը Ջեզերո լճի տարածքում սկսել է աշխատել 2021-ի փետրվարից՝ Ingenuity ուղղաթիռի հետ միասին։ Դրանք հավաքում են տեղի հողի նմուշներ, փնտրում են Մարսի վրա կյանքի հետքեր, որոնք կարող էին գոյություն ունենալ անցյալում, և ուսումնասիրում են տեղի ընդերքը։

 


 
 
 
 
  • Արխիվ