Apple Watch-երը «կանաչում» են, ադապտերներից մեկը խափանվել է. օգտատերերը դժգոհ են Apple-ի վերջին թարմացումներից

23 մայիսի, 2023  17:03

Apple-ի ծրագրային վերջին թարմացումները օգտատերերի համար մի շարք խնդիրներ են առաջացրել. Apple Watch-ի սեփականատերերը նկատել են, որ watchOS 9.5-ի թարմացումից հետո իրենց խելացի ժամացույցների էկրաններն սկսել են կանաչել, իսկ iOS 16.5-ի և iPadOS 16.5-ի թարմացումների պատճառով iPhone-ներն ու iPad-ները դադարել են աշխատել Apple Lightning to USB 3 Camera Adapter-ի հետ:

Apple Watch ժամացույցները «կանաչել են»

Որոշ օգտատերեր Reddit հարթակում և առցանց ֆորումներում բողոքել են, որ նրանք, ովքեր թարմացրել են իրենց Apple Watch-ի ծրագրաշարը watchOS 9.5-ով, նկատել են, որ ինտերֆեյսի որոշ տարրեր մուտք գործելիս (գաղտնաբառի մուտքագրման էկրան, «Կառավարման կենտրոն» մուտք գործելիս և ծանուցումներ ցուցադրելիս) ժամացույցի էկրանը խորհրդավոր կերպով «կանաչում է»:

Բողոքները հիմնականում վերաբերում են Apple Watch Series 8 և ավելի հին մոդելներին, ընդ որում Apple Watch SE և Apple Watch Ultra ժամացույցների վրա խնդիրն ավելի քիչ է ազդել:

watchos-9-5

Macrumors.com-ի փոխանցմամբ՝ որոշ օգտատերեր կարծում են, որ Apple-ը միտումնավոր կանաչ երանգ է ավելացրել էկրանին։ Այնուամենայնիվ, մեծամասնությունը էկրանի կանաչելը համարում է «անբնութագրելի տգեղ և անտեղի»: Օգտատերերից մեկն ասել է, որ ժամացույցի էկրանն այժմ ավելի շատ «լղոզված LCD էկրան» է հիշեցնում, քան մաքուր սև OLED-ը, որը նա սովոր էր տեսնել իր ժամացույցի վրա:

Որոշ օգտատերերի մոտ հեռախոսի վերագործարկումից հետո էկրանի «կանաչելու» խնդիրը վերացել է, սակայն այս մեթոդը ոչ բոլորի դեպքում է աշխատել։ Եթե ​​Apple-ն իսկապես դիտմամբ էկրանը կանաչավուն չի դարձրել, ապա միգուցե խնդիրը կլուծվի ծրագրային ապահովման հաջորդ թարմացումների շրջանակում։

iPhone-ն ու iPad-ը չեն աշխատում Apple Lightning-ի USB 3 Camera Adapter-ի հետ

iOS 16.5-ի և iPadOS 16.5-ի թարմացումները մի քանի նոր ֆունկցիաներ են ավելացրել և շտկել անվտանգության որոշ խոցելիություններ: Այնուամենայնիվ, օգտատերերը սկսեցին բողոքել, որ թարմացումը տեղադրելուց հետո iPhone-ն ու iPad-ը դադարել են աշխատել Apple-ի ֆիրմային Lightning to USB 3 Camera Adapter-ի հետ, որը թույլ է տալիս iPhone կամ iPad Lightning պորտի միջոցով միացնել USB-A պորտով աքսեսուարներ, ինչպիսիք են տեսախցիկը կամ խոսափողը։

Օգտատերերի խոսքով՝ օպերացիոն համակարգի թարմացումը խախտել է համատեղելիությունը ադապտերի երկու պորտերի հետ: Այս խնդիրը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ծրագրային ապահովման սխալի պատճառով և կարող է շտկվել ապագա iOS-ի թարմացումով: 


 
 
 
 
  • Արխիվ