Ինչո՞ւ է Apple-ն աշխատակիցներին արգելել ChatGPT-ից օգտվելը

19 մայիսի, 2023  18:10

Apple ընկերությունն իր աշխատակիցներից պահանջել է դադարեցնել ChatGPT չատբոտի կիրառումն իրենց աշխատանքում, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Աշխատակիցներին արգելվել է նաև օգտագործել MicrosoftCopilot ծրագիրը, որն ավտոմատացնում է ծրագրավորման կոդի ստեղծումը և նույնպես հիմնված է արհեստական բանականության վրա, ինչպես GhatGPT-ն։

Apple-ի ղեկավարությունը մտահոգված է, որ արհեստական բանականության վրա հիմնված ծառայությունները կարող են հավաքել զգայուն տեղեկություններ, որոնք Apple-ի աշխատակիցները կարող են վերբեռնել այդ ծառայությունների սերվերներ: Բանն այն է, որ չատբոտերը որոշ տվյալներ են ուղարկում իրենց մշակող ծրագրավորողներին, որոնք վերջիններս օգտագործում են հարթակի ֆունկցիոնալությունը բարելավելու համար։

Մարտին ChatGPT-ում հայտնաբերվել էր ծրագրային սխալ, որի պատճառով օգտատերերը կարող էին տեսնել չատբոտից այլ մարդկանց օգտվելու վերաբերյալ տվյալները։ Այդ ժամանակից ի վեր ChatGPT-ի ստեղծողները ծառայությանն ավելացրել են գործառույթ, որը թույլ է տալիս անջատել տեղեկամատյանների (log) պահպանումը:

Այնուամենայնիվ, Apple-ը պատրաստ չէ ռիսկի ենթարկել իր գաղտնի մշակումները, ուստի չատբոտերի օգտագործումն աշխատանքում այժմ ամբողջությամբ արգելված է։

Ավելի վաղ ChatGPT-ից օգտվել իրենց աշխատակիցներին արգելել էին JPMorgan Chase-ը և Verizon-ը, իսկ Amazon-ն իր աշխատակիցներին խորհուրդ էր տվել օգտագործել միայն արհեստական ​​բանականության վրա հիմնված ներքին գործիքներ՝ արտահոսքից խուսափելու համար։

Ըստ լուրերի՝ Apple-ը մշակում է արհեստական ​​բանականության սեփական մոդելը, որը կկարողանա աշխարհին ներկայացնել մոտ ապագայում։

Նշենք, որ OpenAI ընկերությունն արդեն թողարկել է ChatGPT չատբոտ iOS-ի անվճար բջջային հավելված։ Ծրագրակազմն աջակցում է ձայնի մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ: Թեև հավելվածը ներկայումս պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում դրա գործարկումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում։ 


 
 
 
 
  • Արխիվ