Աշխատաշուկա, սպամ և նույնիսկ ընտրություններ. ի՞նչ վնաս կարող է հասցնել մարդկությանը արհեստական բանականությունը

4 մայիսի, 2023  22:13

Եթե ​​արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակող հստակ կանոններ չլինեն, դրանք անխուսափելիորեն մեծ վնաս կհասցնեն մարդկությանը։ Ժնևում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել Microsoft-ի գլխավոր տնտեսագետ Մայքլ Շվարցը։

Նա նաև նշել է, որ ԱԲ-ի օգտագործման կանոնները սահմանելիս կարևոր է «չանցնել չափը», այլապես ԱԲ-ից չի լինի նաև համարժեք օգուտ։

Microsoft կորպորացիան, որտեղ աշխատում է Շվարցը, մեծ ներդրումներ է անում ChatGPT չատբոտն ստեղծած OpenAI ընկերությունում։ Այս չատբոտի վրա հիմնված տեխնոլոգիան ներդրվել է նաև Microsoft Bing որոնողական համակարգում։

Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչները վերջերս կարծես սկսել են մտածել ԱԲ-ի ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի և դրանք նվազագույնի հասցնելու ուղիների մասին։ Microsoft, Alphabet և OpenAI ընկերությունների ղեկավարության հետ այս հարցը վերջերս քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը։

Microsoft-ն արդեն աշխատում է ԱԲ-ի անվտանգ օգտագործումը կարգավորող կանոնների վրա։

«Սկզբունքը պետք է լինի պարզ՝ հանրային օգուտը պետք է լինի ավելի մեծ, քան հնարավոր վնասը»,- ասել է Մայքլ Շվարցը:

Նրա կարծիքով՝ ԱԲ-ն անխուսափելիորեն կհայտնվի չարագործների ձեռքում, իսկ հետո այն կկարողանա իրական վնաս հասցնել։ Խոսքը և՛ սպամի, և՛ ապատեղեկատվության տարածման, և՛ ընտրություններին միջամտելու, և՛ դրա հետևանքով առաջացող բազմաթիվ այլ խնդիրների մասին է։

Ընդորում, Microsoft-ում կարծում են, որ իշխանությունները չպետք է ուղղակիորեն միջամտեն և ազդեն որոշումների վրա, թե որ տվյալների հավաքածուները կարող են օգտագործվել ԱԲ համակարգերի ուսուցման համար։ Օրենսդիրների նման միջամտությունը, ըստ Շվարցի, «աղետալի հետևանքներ» կունենա ողջ ոլորտի համար:

Ընկերության ներկայացուցիչը նաև համաձայն է, որ երկարաժամկետ հեռանկարում ԱԲ-ի զարգացումն արմատապես կփոխի բազմաթիվ ոլորտների աշխատանքային պայմանները։

«Ես սիրում եմ ասել, որ ԱԲ-ն ոչինչ չի փոխում կարճաժամկետ հեռանկարում, բայց այն կփոխի ամեն ինչ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է նա՝ հավելելով, որ մյուս կողմից դա ճիշտ է մարդկության կողմից ստեղծված ցանկացած տեխնոլոգիայի համար։

Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ելույթ ունեցած փորձագետների կարծիքով՝ ԱԲ-ը իսկապես լուրջ ազդեցություն կունենա համաշխարհային աշխատաշուկայի վրա. այն կազդի առկա աշխատատեղերի ավելի քան մեկ քառորդի վրա:

Այս կարծիքը կիսում են նաև Համաշխարհային բանկի փորձագետները։ Նրանց զեկույցում ասվում է, որ ChatGPT-ի նման տեխնոլոգիաների ի հայտ գալը հնարավորություն կտա ավտոմատացնել կամ այդ տեխնոլոգիաներով փոխարինել հիմնականում կապի և գործընթացների համակարգման հետ կապված աշխատատեղերը:

Ավելին, այս գործընթացը կարծես արդեն սկսվել է։ IBM ընկերությունը, օրինակ, նախատեսում է դադարեցնել մի շարք պաշտոններում նոր աշխատակիցների աշխատանքի ընդունելու գործընթացը. նրանց աշխատանքը կկատարի ԱԲ-ը։ Ակնկալվում է, որ ԱԲ-ն կփոխարինի ընկերության 26,000 աշխատակիցներից մոտ 7800-ին։


 
 
 
 
  • Արխիվ