Արհեստական բանականությունն առաջիկա 5 տարում կփոխի աշխատատեղերի 25%-ը ողջ աշխարհում

2 մայիսի, 2023  12:14

Առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական ​բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում։

Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ մարդկանց կողմից կատարվող աշխատանքում արհեստական ​բանականության ներդրումը սկզբում կհանգեցնի աշխատանքի շուկայի խաթարմանը։ Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարիներին նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունն աշխատաշուկայում դրական կլինի, տեղեկացնում է Bloomberg-ը։

Ըստ բանկի վերլուծաբանների՝ կիբեռանվտանգության, մեծ տվյալների և կայուն կառավարման տեխնոլոգիաների ոլորտներում մասնագետների կարիքը կլինի աշխարհում զբաղվածության աճի հիմնական շարժիչ ուժը։

Զեկույցում ասվում է, որ ChatGPT-ի նման տեխնոլոգիաների հայտնվելը թույլ կտա ավտոմատացնել կամ այդ տեխնոլոգիաներով փոխարինել այն աշխատատեղերը, որոնք կապված են հաղորդակցության և գործընթացների համակարգման հետ:

world bank AI jobs.JPG (39 KB)

Համաշխարհային բանկի անցկացրած հարցումը պարզել է, որ 800 ընկերությունների մոտ 75%-ը պատրաստվում է արհեստական բանականությունը ներդնել իրենց աշխատանքում առաջիկա հինգ տարում: Նրանց հաշվարկներով՝ դա կբերի մինչև 26 միլիոն աշխատատեղերի կրճատման։ Կրճատումները կանդրադառնան վարչական և հաշվապահական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին, այդ թվում՝ գանձապահներին և հաշվապահներին:

Համաշխարհային բանկն ամփոփել է, որ զբաղվածության համար այժմ մեծ վտանգ են ներկայացնում մակրոտնտեսական գործոնները՝ տնտեսական աճի դանդաղում, առաջարկի պակաս և գնաճ: Բանկի վերլուծաբանները կարծում են, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն մաքուր տեխնոլոգիաներին անցնելու ուղղությամբ կատարվելիք ներդրումների, ինչպես նաև համաշխարհային մատակարարման շղթաների լայն վերակողմնորոշման շնորհիվ։

Ավելի վաղ Goldman Sachs-ի արած ուսումնասիրությունը պարզել էր, որ առաջիկա տարիներին արհեստական բանականությունը կարող է այս կամ այն ​​կերպ փոխարինել 300 միլիոն աշխատակցի ամբողջ աշխարհում: Ամենաքիչն այդ փոփոխությունները կազդեն զարգացող երկրների և այն մարդկանց վրա, որոնք ձեռքի աշխատանք են անում։

Business Insider կայքի փորձագետներն իրենց հերթին կազմել էին 10 հայտնի մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ամբողջովին անհետանալ արհեստական բանականության զարգացման հետևանքով։ Դրանք են՝ ծրագրավորողներ, լրագրողներ, իրավախորհրդատուներ, մարկետոլոգներ, ուսուցիչներ, ֆինանսական վերլուծաբաններ, թրեյդերներ, գրաֆիկ դիզայներներ, հաշվապահներ և աջակցության ծառայության աշխատակիցներ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ