WhatsApp-ում նոր ֆունկցիա կավելանա․ ի՞նչ հնարավորություն այն կընձեռի օգտատերերին

28 ապրիլի, 2023  20:01

WhatsApp-ի Android-ի համար նախատեսված բետա տարբերակում (կոդային համարը՝ 2.23.9.19) նկատվել է նոր գործառույթ, որն օգտատիրոջը թույլ կտա տեղափոխել իր նամակագրությունը մի սարքից մյուսը՝ առանց Google Drive-ում դրանց պատճենները պահելու։

«Տեղափոխեք ձեր նամակագրության պատմությունը մեկ այլ Android սարք: Ապահով կերպով փոխանցեք ձեր նամակագրությունը և վայելեք վերջին հաղորդագրությունները՝ առանց Google Drive-ի օգտագործման: Նոր սարքին միանալու համար ձեզ անհրաժեշտ են մի շարք թույլտվություններ»,- ասվում է ֆունկցիայի նկարագրությունում։

Ինչպես տեղեկացնում է WABetaInfo կայքը, նոր գործառույթը կարող եք միացնել մեսենջերի «Կարգավորումներ» (Settings) բաժնում՝ անցնելով Chats ներդիր: Փոխանցման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է սկանավորել QR կոդը:

Նոր գործառույթը կհեշտացնի և կարագացնի նամակագրության փոխանցումը, քանի որ այն այլևս չի պահանջի նախապես ստեղծել ձեր տվյալների կրկնօրինակը, այնուհետև վերականգնել դրանք:

Հայտնի է, որ նոր գործառույթը հասանելի է դեռ միայն ընտրված բետա փորձարկողներին: Առայժմ չի նշվում, թե երբ այն հասանելի կլինի բոլորին։

WhatsApp-ն ավելի վաղ գործարկել էր մեկ այլ ֆունկցիա, որը թույլ է տալիս մեսենջերի նույն օգտահաշիվ մուտք գործել միաժամանակ մի քանի սարքից։

Մեսենջերը վերջերս Android սմարթֆոնների համար գործարկել է ևս մեկ նոր ֆունկցիա, որը հեշտացնում է նավիգացիան համայնքներում (Communities)։


 
 
 
 
  • Արխիվ