Whatsapp-ի նոր գործառույթը կհեշտացնի օգտատերերի փորձառությունը համայնքներում

27 ապրիլի, 2023  19:31

WhatsApp մեսենջերի` Android սմարթֆոնների համար վերջին թարմացումում հայտնաբերվել է նոր գործառույթ, որը հեշտացնում է նավիգացիան համայնքներում (communities)։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

«WhatsApp-ը ներկայացնում է համայնքների կազմակերպման բարելավված համակարգ: Այս թարմացումով օգտատերերը կկարողանան ընդլայնել համայնքի ներդիրը, որպեսզի տեսնեն չատի ցանկում առկա բոլոր ենթախմբերը»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ նոր հնարավորությունը օգտատերերին թույլ կտա պարզեցնել նավիգացիան և բարելավել աշխատանքը «Չատեր» ներդիրում։ Նոր գործառույթը ներկայումս հասանելի է միայն որոշ բետա փորձարկողներին:

Դատելով համացանցում հրապարակված սքրինշոթերից՝ որոշ օգտատերերի համար համայնքները կարող են տարբեր կերպ հայտնվել չատի ցանկում: Նավիգացիոն նոր գործառույթի շնորհիվ համայնքի ենթախմբերը կխմբավորվեն չատի ցանկում մեկ վայրում՝ հեշտացնելով որոնումը։

Մասնագետները կարծում էին, որ թարմացումն անհրաժեշտ է, քանի որ կարող են լինել նույն անունով մի քանի խմբեր, բայց դրանք կարող են պատկանել տարբեր համայնքների։

whatsapp community navigation 1 .jpg (220 KB)

NEWS.am Tech-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ մի քանի սարքերից WhatsApp մեսենջերի մեկ օգտահաշիվ միաժամանակ մուտք գործելու հնարավորությունը, որը նախկինում բաց էր միայն ծառայության բետա տարբերակի օգտատերերի համար, այժմ հասանելի է բոլորին:

Նույն օգտահաշիվ սայլ սարքից նորից մուտք գործելու համար անհրաժեշտ է լրացուցիչ սարքի տեսախցիկով սկանավորել հիմնական սմարթֆոնի էկրանին բացված հատուկ QR կոդը։ Նույնականացման նմանատիպ համակարգ աշխատում է WhatsApp-ի վեբ տարբերակում։

WhatsApp-ն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ մշակում է չատերում անիմացիոն էմոջիների օգտագործման նոր գործառույթ, որը նպատակ ունի բարելավել օգտատերերի փորձառությունը՝ նամակագրությունը դարձնելով «ավելի զվարճալի», իսկ զգացմունքները՝ «պայծառ»:


 
 
 
 
  • Արխիվ