WhatsApp-ի խոստացված նոր գործառույթն արդեն հասանելի է բոլորին

26 ապրիլի, 2023  20:03

Մի քանի սարքերից WhatsApp մեսենջերի մեկ օգտահաշիվ միաժամանակ մուտք գործելու հնարավորությունը, որը նախկինում բաց էր միայն ծառայության բետա տարբերակի օգտատերերի համար, այժմ հասանելի է բոլորին: Այս մասին ասվում է WhatsApp-ի պաշտոնական բլոգում։

Companion ռեժիմի մասին WhatsApp-ը հայտարարել էր այս տարվա ապրիլի սկզբին։ Երկար ժամանակ այս ռեժիմը հասանելի էր միայն սահմանափակ թվով օգտատերերի, իսկ ավելի ուշ այն ​​հայտնվել էր WhatsApp 2.23.8.2 բետա տարբերակում՝ Android սարքերի համար։ Իսկ հիմա փաստորեն այն հասանելի է բոլորին։

Նույն օգտահաշիվ սայլ սարքից նորից մուտք գործելու համար անհրաժեշտ է լրացուցիչ սարքի տեսախցիկով սկանավորել հիմնական սմարթֆոնի էկրանին բացված հատուկ QR կոդը։ Նույնականացման նմանատիպ համակարգ աշխատում է WhatsApp-ի վեբ տարբերակում։

Նոր գործառույթը միաժամանակ հասանելի է դարձել ինչպես մեսենջերի iOS, այնպես էլ Android տարբերակում։ Այն օգտագործելու համար հարկավոր է պարզապես այցելել App Store կամ Google Play և ներբեռնել WhatsApp-ի թարմացումը:

WhatsApp-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մշակում է չատերում անիմացիոն էմոջիների օգտագործման գործառույթ, որը նկատվել է ծառայության PC համակարգիչների համար նախատեսված բետա տարբերակում: Անիմացիոն էմոջիները նպատակ ունեն բարելավել օգտատերերի փորձառությունը՝ նամակագրությունը դարձնելով «ավելի զվարճալի», իսկ զգացմունքները՝ «պայծառ»:

Վերջերս WhatsApp-ը նաև հայտարարել էր, որ վերջին տարիներին առաջին անգամ կփոխվի մեսենջերի դիզայնը Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։ Գլխավոր էջի թարմացված դիզայնը դեռ հայտնվել է Android-ի համար WhatsApp-ի 2.23.8.4 կոդով բետա տարբերակում։ WhatsApp-ի ինտերֆեյսը ավելի նման կլինի iPhone-ի տարբերակին․ մեսենջերի էկրանի ներքևում կհայտնվի նավիգացիոն պանել։ Ընթացիկ տարբերակում հավելվածի բաժինները գտնվում են էկրանի վերին հատվածում։


 
 
 
 
  • Արխիվ