Հայաստանն ԱԲ ոլորտում հիանալի էկոհամակարգ ունի, պետք է շարունակել այս լավ աշխատանքը․ AI Fund-ի գլխավոր մենեջեր

11 հոկտեմբերի, 2022  21:00

Հայաստանը, լինելով փոքր պետություն, մեկ շնչի հաշվով արհեստական բանականության ոլորտի տաղանդների առկայության առումով ունի բավական բարձր ցուցանիշ։ Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է AI Fund վենչուրային հիմնադրամի արհեստական բանականության հարցերով ավագ խորհրդատու և գլխավոր մենեջեր դոկտոր Կառլոս Ալզատեն, որը նաև ղեկավարում է հիմնադրամի՝ Կոլումբիայում հիմնած տեխնիկական կենտրոնը։

Հայաստանը մեծ ներուժ ունի ԱԲ-ում

«Կարծում եմ՝ Հայաստանն այս առումով մեծ ներուժ ունի և ավելի ու ավելի արագ տեմպերով այն կավելանա։ Ըստ իս՝ հիմնական մարտահրավերը այն է, որ պետք է բոլոր այս ջանքերը ներդնել այն ուղղություններով, որոնք իսկապես կարևոր են։ Շատ մեծ հետաքրքրություն կա արհեստական բանականությունը պատշաճ կերպով առևտրայնացնելու ուղղությամբ, լավ նպատակների համար այն օգտագործելու համար, ինչը հիմա շատ կարևոր է դառնում։ Կարևոր է, որ այս ամենը ճիշտ ուղու վրա դրվի», - ասում է նա։

Այս պոտենցիալը տեսնելու շնորհիվ է, որ AI Fund-ը ներդրում է արել հայկական երկու ընկերությունում, որոնց աշխատանքը հիմնականում արհեստական բանականության վրա է հիմնված։ Դրանցից մեկը կոչվում է 10Web, որը մասնագիտացած է վեբկայքեր պատրաստելու մեջ։ Մյուսը կոչվում է Podcastle, որի գործունեությունը կապված է փոդքաստների հետ, որը նույնպես արհեստական բանականության վրա հիմնված հավելվածներ է օգտագործում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են, օրինակ՝  խոսքը տեքստի վերածելը, տեքստը խոսքի վերածելը և այլն։

Carlos Alzate

Կառլոս Ալզատեի խոսքով՝ հայկական ընկերությունները շատ լավ են իրենց դրսևորում այս ոլորտում և պետք է շարունակեն այս տեմպերով։

«Լինելով փոքր պետություն՝ դուք արհեստական բանականության ոլորտում հիանալի էկոհամակարգ ունեք, որը լավ փոխկապակցված է, ունի արհեստական բանականության շատ պատշաճ կիրառություն։ Նաև կարծում եմ, որ հայկական ընկերությունները շատ բարդ խնդիրներ են լուծում և ապացուցել են, որ կարող են ստեղծել արտադրանք, որը կոմերցիոն առումով մեծ նշանակություն ունի։ Այնպես որ, ինձ մնում է միայն ասել, որ պետք է շարունակել այս լավ աշխատանքը»։

ԱԲ ոլորտի մարտահրավերները

Կառլոս Ալզատեի խոսքով՝ արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերությունների համար հիմնական մարտահրավերներից մեկը համաշխարհային շուկա դուրս գալ կարողանալն է։

«Արհեստական բանականության շուկան գլոբալ է։ Օրինակ՝ այդ երկու ընկերությունները, որոնցում ներդրում ենք արել, գործում են համաշխարհային շուկայում, և վստահ չեմ, որ բոլոր մյուս հայկական ընկերություններին հաջողվել է դուրս գալ համաշխարհային շուկա։ Կարծում եմ՝ հիմնական մարտահրավերը հենց այն է, թե ինչպես ներթափանցել համաշխարհային շուկաներ՝ Եվրոպա, Ամերիկա, Ասիա և այլն»,– ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանում մեծ ներուժ է տեսնում բնական լեզվի մշակման ոլորտում, և այն ամենում, ինչը կապված է լեզվի և խոսքի հետ։

Carlos Alzate at NEWS.am

Ուժեղ կապ ՏՏ ինդուստրիայի և բուհերի միջև

Կառլոս Ալզատեն ասում է, որ աշխատաշուկայի և կրթության ոլորտի միջև ուժեղ կապ պետք է լինի, որպեսզի ինժեներները պատշաճ կրթություն ստանան և համալսարանն ավարտելուց հետո արդեն պատրաստ լինեն աշխատելու հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա։

«Պետք է ուժեղ կապ լինի արհեստական բանականության կիրառման ինդուստրիայի և ակադեմիական ոլորտի միջև, քանի որ այս դաշտը աճում է չափազանց ու անկանխատեսելիորեն արագ, և կարծում ենք, որ կրթությունը նույն արագությամբ չի գնում առաջ։ Շատ դեպքերում ականատես ենք լինում, որ համալսարանները նման կադրեր չեն պատրաստում»,- ասում է նա՝ հավելելով, որ Կոլումբիայում տեխնիկական կենտրոն հիմնելու պատճառներից մեկն այն էր, որ կառավարության կողմից մեծ աջակցություն կար։

AI Fund-ը շատ նախագծեր է իրականացնում հենց կրթության ոլորտում։ Հիմնադրամի գլխավոր կառավարիչ-բաժնետեր Էնդրյու Էնգը, որը նախկինում եղել է Google Brain-ի համահիմնադիրն ու ղեկավարը, Baidu-ի գլխավոր գիտնականը, նույնպես կրթության ոլորտից է։

«Ցանկացած մարդ, որն աշխատում է արհեստական բանականության ոլորտում գիտի, թե ով է նա։ Մենք ունենք շատ ընկերություններ, որոնք մասնագիտացած են կրթական ոլորտում, ինչը, կարծում ենք, շատ կարևոր է։ Եվ ընդհանուր առմամբ, աշխատում ենք արհեստական բանականության այնպիսի կիրառման վրա, ինչը մարդկությանն օգնում է առաջ գնալ։ Օրինակ՝ նվազեցնել ածխաթթու գազի արտանետումների ծավալը ծովային տրանսպորտի ուղիների օպտիմալացման միջոցով, արհեստական բանականության միջոցով օգնել մարդկանց ավելորդ քաշից ազատվելու հարցում, նաև  առողջապահության ոլորտում այլ կիրառումներ»,- ասում է նա։

ԱԲ-ի գլոբալ միտումները

Արհեստական բանականությունը հիմա մեծ կիրառություն ունի բնական լեզվի մշակման ոլորտում, ասում է Կառլոս Ալզատեն՝ նշելով, որ արհեստական բանականության միջոցով այսօր ստեղծվում է տեքստ, որը դժվար է կռահել՝ արդյո՞ք մարդու ստեղծածն է, թե ոչ։

«Կարելի է ասել, որ այս ոլորտում հսկայական «պայթյուն» է եղել։ Վերջերս ականատես ենք եղել, թե ինչպես են բազմաթիվ ստարտափներ ստեղծվում, որոնք լուծում են այնպիսի բարդ խնդիրներ, որոնք նախկինում շատ դժվար էր լուծել։ Օրինակ՝ տեքստի ամփոփում։ Տարիներ առաջ նման բան հիմնականում կարող էր մարդը անել։ Համակարգչի համար շատ դժվար է պատշաճ կերպով տեքստ ամփոփել», - ասում է նա՝ հավելելով, որ հինգ տարի առաջ դա անհնար էր։ 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ