Samsung-ը նախատեսում է հրաժարվել է Google-ի որոնումից իր Galaxy սմարթֆոններում և այն փոխարինել Bing-ով

17 ապրիլի, 2023  15:16

Samsung ընկերությունը կարող է հրաժարվել իր Galaxy սմարթֆոններում Google որոնողական համակարգն օգտագործելուց և այն փոխարինել Microsoft-ի Bing որոնողական համակարգով,  տեղեկացնում է The New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ Google-ի աշխատակիցները «ցնցվել են»՝ իմանալով, որ  հարավկորեական ընկերությունն այլ գործընկեր է փնտրում։ Մինչև վերջերս Bing որոնողական համակարգը նույնիսկ մրցունակ չէր, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ դրան ավելացվեց արհեստական ​բանականություն և չատբոտ, որը կարող է «շփվել» օգտատերերի հետ։

Ըստ The New York Time-ի, որը հասանելիություն է ստացել Google-ի ներքին գրագրություններին, Samsung-ի մտադրությունների մասին լուրը «խուճապ է» առաջացրել Google-ում: Սմարթֆոն արտադրողի հետ այս պայմանագիրը, որը երաշխավորում է Google-ի որոնողական համակարգի տեղադրումը բոլոր Galaxy սմարթֆոններում, Google-ին տարեկան 3 մլրդ դոլար է բերում։

Մրցակիցներից հնարավոր սպառնալիքները Google-ին ստիպել են քայլեր ձեռնարկել, և ընկերությունն արդեն աշխատում է որոնողական նոր ծառայություն ստեղծելու ուղղությամբ, որը  հիմնված կլինի նորագույն տեխնոլոգիաների վրա։ Բացի դրանից, ընթացիկ որոնողական համակարգը նույնպես կարդիականացվի և հիմնված կլինի արհեստական ​​բանականության գործառույթների վրա, հայտնում է NYT-ը:

Նոր որոնողական համակարգը օգտվողներին կառաջարկի շատ ավելի անհատականացված փորձառություն, քան ընկերության ներկայիս ծառայությունը, որը կփորձի կանխատեսել օգտատերերի կարիքները:

Google-ի ներկայացուցիչ Լարա Լևինն ասել է, թե ամեն գաղափար չէ, որ իրականություն է դառնում, սակայն ընկերությունը ոգևորված է արհեստական բանականությամբ աշխատող նոր գործառույթներ ինտեգրել որոնմանը, ինչի մասին հանրությանը կտեղեկացնեն շուտով։

Ավելի վաղ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է իր որոնողական համակարգում ներդնել արհեստական բանականության գործառույթ, որն ի տարբերություն այլ ընկերությունների նմանատիպ գործիքների, կխոսի։  Ակնկալվում է, որ դա կօգնի ընկերությանը մրցել ChatGPT չատբոտի հետ, ինչպես նաև լուծել բիզնեսում առկա մի շարք այլ խնդիրներ։


 
 
 
 
  • Արխիվ