Առաջնագծում զինվորի փոխարեն արհեստական բանականությամբ օժտված մեխանիզմներ կարող են լինել. FAST-ի տնօրեն

6 հոկտեմբերի, 2022  21:09

Այսօր արհեստական բանականությունն ամենուր է՝ մեքենաներում, ինքնաթիռներում, խանութներում, առօրյայում օգտագործվող սարքավորումներում, մեր կյանքի բոլոր ոլորտներում: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը:

Սուպերմարկետներում այլեւս վաճառողներ պետք չեն. Արհեստական բանականությունը գիտի՝ դու ինչ ու ինչքան վերցրեցիր

Օրուջյանը պատմեց, որ Ամազոնի որոշ սուպերմարկետներում կիրառվում է նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս առեւտուրը կազմակերպել առանց վաճառողների եւ գանձապահների:

«Եթե դու ունես իր հավելվածը, մտնում են խանութ, ինքն արձանագրում է քո QR կոդը, ինչ ուզում՝ վերցնում ես, դուրս գալիս էլի քո QR կոդն ես անցկացնում ու գնում տուն: Ու ավտոմատ վճարվում է քո քարտից: Իսկ վերջին անգամ, երբ մտա այդ խանութ, մի ուրիշ բան էին ավելացրել: Ծրագիրը քո ափի մատնահետքն է վերցնում, ու կարող ես գնալ խանութ առանց հեռախոսի, առանց գումարի, առանց կրեդիտ քարտի, ձեռքիդ ափը սկան ես անում, գնում ես խանութ, ինչ ուզում ես, վերցնում ես, հետո դուրս գալիս էլի սկան ես անում: Հետո մի քանի ժամ հետո հեռախոսիդ կստանաս հավաստիացումը, որտեղ կարող ես տեսնել, թե ինչքան ես ծախսել: Ես թիվ չեմ տեսնում, գումար չեմ տեսնում եւ դրա համար ավելի շատ եմ ծախսում:

Արհեստական բանականությունը գիտի՝ դու ով ես, եւ արտաքին տեսքով, եւ մատնահետքերով, գիտի՝ ինչ ես վերցնում, ու չի սխալվում: Ոչ ոք չկա, որ արձանագրի քո վերցրածը, բայց արհեստական բանականությունը այդ ամենը գիտի՝ քաշով, քանակով, տեսակով:

10 տարի առաջ սա ֆանտաստիկա կարող էր համարվել, իսկ այսօր դա արդեն անցյալ է: Տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, ու դրա հիմնական լոկոմոտիվը արհեստական բանականությունն է: Ու եթե դու քո ներուժը արհեստական բանականության, գիտության ու կրթության մեջ չես դնում, ուրեմն ամեն օր հետ ես ընկնում: Կարող է մի 20 տարի հետո մի ուրիշ բան ի հայտ գա, որի մեջ արդեն պետք է ներդրում ու ժամանակ դրվի, բայց այսօր դա արհեստական բանականությունն է», - ասաց Օրուջյանը:

Orujyan

Ապագայի ներդրումը երեկ էր, վատագույն դեպքում՝ այսօր, բայց վաղը արդեն ուշ է

«Դու ամեն վայրկյան հետ ես ընկնում, եթե արհեստական բանականության, կրթության, գիտության ոլորտներում ներդրում չես անում: Դա շատ էական է: Պետք է նախ գիտակցես, որ արհեստական բանականությունն է այն լոկոմոտիվը, որ կարող է առաջ մղել քեզ: Դա պետք է նստի բոլորի մեջ՝ կառավարության, մեր գիտնականների, բոլորի: Կառավարության անդամներն էլ են դա կարեւորում, բայց այստեղ կարեւոր է խոսքից գործի անցնելը: Դու կարող ես 10 այսպիսի ֆորում ունենաս, բայց եթե այդ ոլորտում ներդրում չես անում, արդյունք չես ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը հենց դա է, որ կրթության մեջ ներդրումներ արվեն: Ապագայի ներդրումը երեկ էր, վատագույն դեպքում՝ այսօր, բայց վաղը արդեն ուշանում ես: Ես չեմ կարող ասել, որ դա մենք հասկանում ենք այն աստիճանի, որ դա իրականություն դառնա», - ասաց Օրուջյանը:

Առաջնագծում զինվորի փոխարեն կարող են արհեստական բանականությամբ օժտված մեխանիզմներ լինել. Դժվար չէ դրան հասնելը

«Մեր հարեւան երկրները կամ թշնամիները չեն ուզում, որ մենք տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության ուղղությամբ քայլեր անենք: Իրենք ուզում են, որ մենք մտածենք այն հարցերի շուրջ, որ իրենք են ուզում, որ մենք մտածենք: Մենք արդեն իրենց ռեժիմի վրա ենք, ոչ թե մեր, ու դա մեզ քաշում է ցած: Այն, ինչ պետք է անեիր երեկ, չես անում նույնիսկ վաղը: Ու ամեն օր հետ ես ընկնում, արդեն տասնյակ տարիներ մենք այդ իրականության մեջ ենք:

Եթե վերցնենք այն խնդիրները, որ ունենք մեր սահմաններին, այդ խնդիրները կարող ենք լուծել տեխնոլոգիաների, արհեստական բանականության միջոցով ու մեր զինվորներին հետ բերելով: Այսինքն առաջնագծում ոչ թե զինվոր լինի, այլ արհեստական բանականությամբ օժտված մեխանիզմներ, որոնք կպահպանեն սահմանը: Դրանով դու մարդու կյանքն ես պահպանում: Ամենացավալին այն է, որ դժվար չէ հասնել այդպիսի լուծումների»:

Հաղթանակ, ոչ թե մասնակցություն. Կրթության ու տեխնոլոգիաների ոլորտում պետք է հայտնվենք առաջին 5-յակում

«Հարցը միայն գումարի մեջ չէ, հարցը ոչ այնքան «ինչ» անելու մեջ է, որքան «ինչպես» անելու: Այսինքն ինչպես անես, որ իսկապես մրցունակ դառնաս:

Մենք չենք կարող սրան մոտենալ օլիմպիական սկզբունքով՝ մասնակցությունն արդեն հերիք է: Ոչ, մեր նպատակը պետք է լինի հաղթանակը: Եւ հաղթանակը այս ոլորտում շատ կարեւոր է:

Մենք որպես ժողովուրդ պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այս ոլորտում լավագույն 5-յակում հայտնվենք: Մենք փոքր պետություն ենք, մենք պետք է մի բան ունենանք, որ էականորեն տարբեր է մնացածից, եւ դա կարող են լինել տեխնոլոգիաները: Բնական ռեսուրսներ մենք չունենք, այդ չափանիշով 95-րդ տեղում ենք: Այդ ուղղությամբ չենք կարող առաջ գնալ: Կամ որոշենք, որ ներդրումներ ենք անելու արդյունաբերության մեջ, բայց կա՞ արդյունաբերություն: Դու չունես այն արդյունաբերությունը, որ կարողանաս մտածել, որ այն կդառնա շատ մրցունակ:

Մնում է միայն մարդկային կապիտալը: Իսկ այստեղ ներդրումներ պետք է անես կրթության ոլորտում: Այստեղ երեք ճյուղ կա. նախ, ի՞նչ ես սովորեցնում, երկրորդ, ով է սովորեցնում,  ինչ ձեւով, եւ երրորդը՝ ենթակառուցվածքներ, թե ինչ իրականության մեջ ես գտնվում: Արդյո՞ք քո ունեցած կոնտենտը երեկվա է, թե՝ վաղվանը: Օրինակ, ֆիզիկայի ասպարեզում տարիների ընթացքում շատ քիչ փոփոխություններ են լինում: Բայց ասպարեզներ կան, որտեղ փոփոխությունները լինում են օրական», - ասաց Օրուջյանը:

Orujyan

Այսօր մեր հեռախոսն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ուսուցիչը. Այսօր ուսուցչի դերը փոխվել է

«Եթե դու մի գիրք ես կարդում, որ երեք տարվա է, այն արդեն հին է. մինչեւ կարդաս, վերջացնես, ավելի հետ ես ընկնելու: Այսինքն այդ գիրքը կարդալով դու առաջ չգնացիր, ավելի հետ ընկար, քան մեկ օր առաջ էիր: Այստեղ շատ կարեւոր է, որ ամենօրյա փոփոխվող աշխարհը հասցնենք մեր երիտասարդներին:

Շատ կարեւոր է, թե ով է այդ գիտելիքը փոխանցում ուսանողին եւ ինչպես: Այն ժամանակ, երբ ես էի սովորում, ուսուցիչն ամենաշատ ինֆորմացիան ուներ: Այսօր այդպես չէ:  Այսօր ձեր հեռախոսն ամենաշատ գիտելիքն ունի: Ոչ մի ուսուցիչ չի կարող դրա հետ մրցակցել, որովհետեւ դու 30 վայրկյանում այնքան ինֆորմացիա կհավաքես, որ ուսուցիչը երբեք չի կարողանա: Հետեւաբար, ուսուցչի դերը փոխվել է, նա ավելի շատ խորհրդատու է: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք այդ ինֆորմացիան փոխանցում Ա կետից Բ կետը: Ա կետը ինֆորմացիան է իր բնական իրականության մեջ, իսկ Բ կետը մարդն է:

Այսօր մանկավարժական համալսարանն իմ նշած ուսուցման հարցերը չի կարող լուծել: Որովհետեւ մինչեւ համալսարանում ուսուցիչը երեք տարի հետո ավարտի, արդեն ինքը հին ինֆորմացիայով է: Մենք չենք կարող այսպես շարունակել ու ասել՝ վատ կլինի, եթե այդ մարդկանց աշխատանքից հանենք: Եթե դու չես կարողանում ճիշտ թիրախները ընտրել եւ դրանց հասնել, դու ամբողջ համակարգն ես լճացնում: Եթե տեսնում ես, որ համակարգն օպտիմալ չի աշխատում, ուրեմն փոփոխությունն անհրաժեշտ է», - ընդգծեց Օրուջյանը:

Orujyan

Մենք փող ունենք, երեւակայություն չունենք

«Այստեղ փողի խնդիր չկա, կա երեւակայության խնդիր: Մենք փող ունենք, երեւակայություն չունենք: Մենք կարծում ենք, որ ստեղծագործ ազգ ենք, բայց իրականությունն այդպիսին չէ: Դրա փոփոխությունը պետք է փնտրել մշակույթի մեջ: Մեր ազգը հիմար չի, խելացի է, բայց ինչքան էլ խելացի ես, չես կարողանում հասնել քո նպատակներին: Ուրեմն մի բան քեզ խանգարում է: Պետք է անկեղծ քեզ հարց տաս քեզ՝ ինչն է ինձ խանգարում: Եթե առավոտյան 10-ին ես գնում աշխատանքի, հետո էլ մի ժամ պետք է սուրճ խմես, քո ուղեղը, գիտելիքները ճիշտ չաշխատեցնես, հետո անընդհատ ասես՝ չի լինի, չեմ կարող, թող մյուսն անի, իմ մեղքը չի, ուրիշի մեղքն է, այդ մշակույթով, այդ մտածելակերպով չես կարող ինչ-որ բանի հասնել: Պետք է ամեն մեկն սկսի իրենից:

Աշխարհի լավագույն ինժեներները, որոնք զբաղվում են արհեստական բանականությամբ, միլիոն դոլարից ավելի աշխատավարձ են ստանում: Դե հիմա պատկերացրեք, որ Հայաստանում ունենաս հարյուր կամ հազար հոգի, որ այդպիսի մասնագետներ են: Դրա համար պետք է այսօր սերմերը ցանես, որ 10 տարի հետո կարողանաս այդպիսի մի բան քաղես: Եթե դու այդպիսի բանակ ստեղծես, հազար հոգի միլիոն դոլարով, դա արդեն միլիարդ դոլար է: Իսկ թե նրանք ինչ տեխնոլոգիաներ են ստեղծում, այդ տեխնոլոգիաներն ինչպես կարող ես մտցնել տնտեսության այլ ճյուղերում ու դրանք զարգացնես, անվերջ է այդ պրոցեսը: Դրանով դու կարող ես եւ քո ՀՆԱ-ն մեծացնել, եւ քո գիտական ասպարեզը առաջատար դարձնել, որ գրավիչ լինի ամբողջ աշխարհի համար», - ասաց Օրուջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ