Անցած շաբաթ Մերձավոր Արևելքում պատերազմի և գնաճային մտահոգությունների ֆոնին ԱՄՆ ֆոնդային շուկաներում անկման միտումը պահպանվել է։ Շաբաթական կտրվածքով S&P 500-ը նվազել է 1.9%-ով, իսկ Nasdaq Composite-ը և Dow Jones-ը՝ մոտ 2%-ով։ Միաժամանակ, էներգետիկ ոլորտը գրանցել է արդեն 13-րդ անընդմեջ շաբաթական աճը։


Մերձավոր Արևելքում պատերազմի սրման, նավթի բարձր գների և գլոբալ ներդրումների ոլորտում աճող ռիսկերի ֆոնին հեջ ֆոնդերը անցած շաբաթ ակտիվորեն վաճառել են ասիական բաժնետոմսերը՝ գրանցելով ամենամեծ վաճառքը 2025թ. ապրիլից ի վեր։ Goldman Sachs-ի տվյալներով՝ վաճառքները հիմնականում վերաբերել են Թայվանի, Հարավային Կորեայի և Հնդկաստանի բաժնետոմսերին, մինչդեռ Չինաստանի բաժնետոմսերի նկատմամբ ճնշումը համեմատաբար մեղմ է եղել։ Շուկաների վրա ճնշումը շարունակվել է նաև այս շաբաթվա սկզբին, երբ Taiwan Weighted Index-ը նվազել է մոտ 5%-ով, իսկ KOSPI-ը՝ շուրջ 3%-ով։


Անցած շաբաթ եվրոպական ֆոնդային շուկաներում նույնպես անկման միտումը պահպանվել է։ Շաբաթական կտրվածքով համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 3.8%-ով։ Բոլոր հիմնական ոլորտները բացասական դինամիկա են գրանցել. պաշտպանության ոլորտը նվազել է 3.2%-ով, իսկ ֆինանսական և էներգետիկ ոլորտները մոտ 2%-ով։

Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերից արձանագրվել է շուրջ 20.3 մլրդ դոլարի զուտ արտահոսք, ինչը վերջին երեք ամիսների ամենամեծ ցուցանիշն է։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ-ում՝ մոտ 24.78 մլրդ դոլար, եվրոպական ֆոնդերից արտահոսքը կազմել է 2.13 մլրդ դոլար, իսկ ասիական շուկաները հակառակը՝ ներգրավել են 5.45 մլրդ դոլարի ներդրում։


Բրիտանական սննդային հավելումներ արտադրող Applied Nutrition-ի բաժնետոմսերը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով տարածաշրջանում վաճառքների հնարավոր կրճատման կանխատեսման ֆոնին կտրուկ նվազել են՝ մինչև մոտ 18.6%–ով։ Չնայած դրան՝ ընկերությունը պահպանել է տարեկան հասույթի կանխատեսումը՝ 140 մլն ֆունտ, իսկ հունվարի 31-ին ավարտված առաջին կիսամյակում գրանցել է շահույթի մոտ 56% աճ՝ հասնելով 21.5 մլն ֆունտի։


Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Micron ընկերության բաժնետոմսերը, չնայած սպասվածից բարձր ֆինանսական արդյունքներին, կապիտալ ծախսերի կտրուկ աճի հետ կապված մտահոգությունների պատճառով նվազել են մոտ 5%-ով: Ընկերությունը հայտարարել է, որ 2026թ. կավելացնի ներդրումները ևս 5 մլրդ դոլարով՝ ընդհանուր ծախսերը հասցնելով ավելի քան 25 մլրդ դոլարի։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արբանյակային պատկերների մատակարարմամբ զբաղվող Planet Labs PBC–ը (PL)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 36.47%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $33.83)։ Հաջորդը կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Tower Semiconductor Ltd.–ն (TSEM) է՝ 31.21% աճով ($163.63)։ Եռյակը եզրափակում է հեղուկացված բնական գազի (LNG) արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող Venture Global, Inc.–ը (VG)՝ 20.69% աճով ($15.81)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է սերվերների և բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի արտադրությամբ զբաղվող Super Micro Computer, Inc.–ը (SMCI), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 33.24%–ով ($20.53)։ Հաջորդը չինական շուկայում երաժշտության սթրիմինգային ծառայություններ մատուցող Tencent Music Entertainment Group–ը (TME) է՝ 28.89% անկումով ($10.09)։ Եռյակը եզրափակում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ զբաղվող Wheaton Precious Metals Corp.–ը (WPM)՝ 18.05% անկումով ($114.62)։


Եվրոպական կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է խստացնել քաղաքականությունը՝ նավթի գների աճից բխող գնաճային ռիսկերի ֆոնին։ Շուկաները արդեն այս տարվա ընթացքում սպասում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի առնվազն երկու բարձրացում (յուրաքանչյուրը՝ 25 բազիսային կետով)։ ԵԿԲ-ի բազային սցենարով գնաճը 2026թ․ կկազմի 2.6%, սակայն շուկաները ակնկալում են մինչև 3.7% գնաճ։


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ևս պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3.50%-3.75% միջակայքում՝ միաժամանակ բարձրացնելով գնաճի կանխատեսումները և կանխատեսելով բարձր անորոշություն՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին։ ԴՊՀ-ն այս տարի դեռևս ակնկալում է ընդամենը մեկ 25 բազիսային կետով նվազեցում, սակայն շուկաները արդեն հետաձգում են տոկոսադրույքի կրճատման սպասումները մինչև 2027թ․։ ԴՊՀ-ի գնահատականով՝ գնաճը տարվա վերջում կկազմի մոտ 2.7%՝ նախկին 2.4%-ի փոխարեն, մինչդեռ գործազրկությունը կմնա շուրջ 4.4%–ի մակարդակում։


ԱՄՆ-ում արտադրական գների ինդեքսը (PPI) փետրվարին սպասվածից ավելի մեծ՝ 0.7% ամսական աճ է գրանցել (ամենաբարձրը վերջին 7 ամսում), իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը հասել է 3.4%-ի։ Աճը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և ապրանքների թանկացմամբ, ինչպես նաև նավթի գների ավելի քան 40% աճով։


2026 թվականի մարտի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հոկտեմբերի 5–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 2 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 6,3 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 96.4 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 6.9 տոկոս:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։