Անցած շաբաթ Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և նավթի գների կտրուկ աճի ֆոնին ԱՄՆ ֆոնդային շուկաներում բացասական դինամիկան շարունակվել է։ Շաբաթական կտրվածքով S&P 500-ը նվազել է մոտ 2.02%-ով, Nasdaq Composite-ը՝ 1.24%-ով, իսկ Dow Jones–ը՝ 3.01%-ով, ինչը վերջինիս համար դարձել է 2025թ. ապրիլից ի վեր ամենախոշոր շաբաթական անկումը։
Եվրոպական բաժնետոմսերը ևս շարունակել են նվազման դինամիկան։ Համաեվրոպական STOXX 600-ը երկուշաբթի առավոտյան առեւտրի ընթացքում նվազել է 0.3%-ով։ Բանկային սեկտորը շարունակել է թուլանալ՝ գրանցելով 0.6% անկում, մինչդեռ էներգետիկ ընկերություններն աճ են գրանցել՝ նավթի գնի ռեկորդային բարձր մակարդակի պատճառով։
Ներդրողները շարունակում են զգուշավոր մնալ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով նավթի բարձր գների և գնաճային ռիսկերի ֆոնին։ Brent տեսակի նավթի գինը երկուշաբթի աճել է մինչև մոտ 106.3 դոլար մեկ բարելի դիմաց՝ արձանագրելով օրական կտրվածքով 3.7% աճ։
Անցած շաբաթ արժութային շուկաներում ԱՄՆ դոլարն ամրապնդվել է՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին ներդրողների կողմից անվտանգ ակտիվների նկատմամբ պահանջարկի աճով։ ԱՄՆ դոլարի ինդեքսը շաբաթական կտրվածքով աճել է մոտ 1.5%-ով՝ հասնելով 100.35 կետի, մինչդեռ եվրոն դոլարի նկատմամբ թուլացել է 0.6%-ով։
Անցած շաբաթ ոսկու գները նվազել են, քանի որ դոլարի ամրապնդումը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ առաջիկայում անփոփոխ մնալու սպասումները նվազեցրել են թանկարժեք մետաղի պահանջարկը։ Ոսկու սփոթ գինը շաբաթական կտրվածքով նվազել է ավելի քան 2%-ով։ Այլ թանկարժեք մետաղների գները նույնպես նվազել են․ արծաթը մոտ 3.3%-ով, պլատինը՝ 4%-ով, իսկ պալադիումը՝ մոտ 2.5%-ով։
Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից գրանցվել է 7.05 միլիարդ դոլարի արտահոսք, ինչը ամենամեծ շաբաթական արտահոսքն է 2025 թվականի դեկտեմբերի կեսից ի վեր։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ ֆոնդերից՝ 7.77 միլիարդ դոլար, ինչպես նաև եվրոպական ֆոնդերից՝ 7.71 միլիարդ դոլար, մինչդեռ ասիական շուկաներն արձանագրել են 6.15 միլիարդ դոլարի ներհոսք։ Միաժամանակ համաշխարհային պարտատոմսային ֆոնդերի ներհոսքերը նվազել են մինչև տասը շաբաթվա նվազագույն մակարդակը, իսկ դրամական շուկայի ֆոնդերը ներգրավել են 6.93 միլիարդ դոլար, քանի որ ներդրողները նախընտրել են պակաս ռիսկային ակտիվներ։
Adobe-ի բաժնետոմսերն ուրբաթ օրը նվազել են ևս 6%-ով, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ընկերության երկարամյա գործադիր տնօրեն Շանտանու Նարայենը կհեռանա պաշտոնից։ Ներդրողների մտահոգությունները խորացել են նաև այն պատճառով, որ ընկերությունը դեռ նոր ղեկավարի թեկնածու չի ներկայացրել։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ամպային ենթակառուցվածքների և արհեստական բանականության հաշվարկային լուծումների ոլորտում գործող Nebius Group N.V.–ը (NBIS)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 26.44%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $112.95)։ Հաջորդը տվյալների պահպանման կրիչ սարքերի արտադրությամբ զբաղվող Sandisk Corporation–ն (SNDK) է՝ 25.47% աճով ($661.62)։ Եռյակը եզրափակում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող NIO Inc.–ը (NIO)՝ 22.59% աճով ($5.86)։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է վարկային գնահատման և վերլուծական ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Fair Isaac Corporation–ը (FICO), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 23.36%–ով ($1,131.22)։ Հաջորդը առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող Centene Corporation–ն (CNC) է՝ 21.08% անկումով ($34.45)։ Եռյակը եզրափակում է մեդիա և ժամանցային ոլորտում գործող Paramount Skydance Corporation–ը (PSKY)՝ 18.93% անկումով ($9.72)։
Մերձավոր Արևելքում պատերազմը և բենզինի կտրուկ թանկացումը բացասաբար են ազդել նաև ԱՄՆ-ում սպառողական վստահության վրա։ Սպառողների վստահության ինդեքսը նվազել է մինչև 55.5 կետ՝ փետրվարի 56.6–ի համեմատությամբ։ Միաժամանակ սպառողների գնաճային սպասումները հիմնականում կայուն են մնացել․ առաջիկա մեկ տարվա համար դրանք կազմել են 3.4%, իսկ առաջիկա հինգ տարիների համար փոքր-ինչ նվազել են՝ մինչև 3.2%։
Reuters գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետների մեծ մասը սպասում է, որ Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ այս տարվա առաջին կրճատումը կկատարի հունիսին, թեև Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով նավթի գների շուրջ 40% աճը մեծացնում է գնաճային ռիսկերը։ Միաժամանակ շուկաներում սպասումներն ավելի զգուշավոր են դարձել․ նավթի թանկացման ֆոնին 2-ամյա ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մոտ 30 բազիսային կետով։
2026 թվականի մարտի 10-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 20 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2028թ. ապրիլի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 47.14 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 102.15 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.3 տոկոս:
2026 թվականի մարտի 16-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. հունվարի 18–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 6.5 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.4 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 6.9 տոկոս:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





