Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկաներում գրանցվել է դրական դինամիկա՝ նախագահ Թրամփի սահմանած ներմուծման բարձր մաքսատուրքերը չեղարկելու՝ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ավելի ուշ Թրամփն այս որոշումն «անպատվություն» է անվանել և հայտարարել, որ ինքը, միևնույնն է, օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում 150 օրով 10% համաշխարհային մաքսատուրք կսահմանի։ Այս համեմատաբար ցածր դրույքաչափի մասին հայտարարության ֆոնին շաբաթական կտրվածքով S&P 500-ը աճել է 1.08%-ով, Nasdaq-ը՝ 1.51%-ով, իսկ Dow Jones-ը՝ 0.25%-ով։


Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը ուրբաթ օրը փակվել է ռեկորդային մակարդակում՝ աճելով 0.8%-ով։ Սա նույնպես ցույց է տալիս ներդրողների դրական արձագանքը ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որով չեղարկվեց նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու մասին որոշումը։


Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը փետրվարի 18-ին ավարտված շաբաթվա ընթցքում վերջին հինգ շաբաթվա ամենամեծ ներհոսքն են արձանագրել՝ ներգրավելով 36.3 միլիարդ դոլար, արհեստական բանականության բաժնետոմսերի շուրջ մտահոգությունների մեղմացման և ներդրումների՝ այլ սեկտորներում ակտիվ վերաբաշխման ֆոնին։ Եվրոպական ֆոնդերը ներգրավել են 17.2 միլիարդ դոլար, ԱՄՆ և ասիական ֆոնդերը նույնպես զգալի ներհոսքեր են արձանագրել։ Պարտատոմսային ֆոնդերը նույնպես յոթերորդ շաբաթն անընդմեջ ներհոսքեր են ապահովել։


Ոսկու գինը նախորդ շաբաթ կտրուկ տատանումներ է արձանագրել․ շաբաթվա սկզբին այն նվազել էր ավելի քան 2%-ով՝ ԱՄՆ–Իրան բանակցություններում առաջընթացի նշանների և դոլարի ամրապնդման շնորհիվ։ Իսկ ուրբաթ օրը ոսկու գինն աճել է ավելի քան 1%-ով՝ ԱՄՆ-ում սպասվածից թույլ ՀՆԱ տվյալների և նախագահ Թրամփի կողմից հավելյալ մաքսատուրքերի մասին հայտարարության ֆոնին։ Այժմ ներդրողները սպասում են Դաշնային պահուստային համակարգի նիստի արձանագրություններին և առաջիկա գնաճային տվյալներին։


Դիզայներական լուծումներ ստեղծելու թվային հարթակ Figma-ի բաժնետոմսերը հինգշաբթի նախաբորսայական առևտրում աճել են շուրջ 14%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը սպասվածից բարձր եկամտային կանխատեսում է ներկայացրել և հայտարարել իր արհեստական բանականության ռազմավարական ընդլայնման ծրագրի մասին։ Ընկերությունը 2026 թվականի համար կանխատեսում է 1.36–1.37 միլիարդ դոլարի հասույթ։


Պղնձի գները չորեքշաբթի օրն աճել են 2.2%-ով՝ վերականգնվելով նախորդ օրվա կտրուկ 1.8% անկումից, քանի որ ներդրողները, օգտվելով գնանկումից, ակտիվորեն գնում են կատարել, իսկ արդյունաբերական մետաղների շուկան տեխնոլոգիական բաժնետոմսերին զուգահեռ վերականգնման նշաններ է ցույց տվել։


Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են այս տարի շուկայական արժեքի զգալի կորուստներ գրանցել, քանի որ ներդրողները սկսել են կասկածել՝ արդյո՞ք արհեստական բանականության վրա կատարվող հսկայական ծախսերը կարդարացնեն բարձր գնահատումները։ Microsoft-ի բաժնետոմսերը տարվա սկզբից նվազել են մոտ 17%-ով՝ հանգեցնելով ընկերության շուկայական արժեքի 613 միլիարդ դոլարով նվազման, իսկ Amazon-ը կորցրել է մոտ 343 միլիարդ դոլար։ Նվազել է նաև Nvidia, Apple և Alphabet ընկերությունների շուկայական արժեքը։ Միևնույն ժամանակTSMC, Samsung Electronics և Walmart ընկերությունները նույն ժամանակահատվածում ավելացրել են իրենց շուկայական արժեքը, ինչը տեխնոլոգիական հսկաներից դեպի այլ ոլորտներ կապիտալի վերաբաշխման ազդակ է։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է գովազդային և մարքեթինգային ծառայություններ մատուցող Omnicom Group Inc.–ը (OMC)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 20.67%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $83.26)։ Հաջորդը վճարային տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների ոլորտում գործող Global Payments Inc.–ն (GPN) է՝ 20.43% աճով ($82.47)։ Եռյակը եզրափակում է արծաթի արդյունահանմամբ զբաղվող First Majestic Silver Corp.–ը (AG)՝ 19.99% աճով ($27.55)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ավտոպահեստամասերի մատակարարմամբ զբաղվող Genuine Parts Company–ն (GPC), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 19.77%–ով ($118.06)։ Հաջորդը ամպային ծառայությունների մատակարար Akamai Technologies, Inc.–ն (AKAM) է՝ 15.74% անկումով ($94.17)։ Եռյակը եզրափակում է նույնականացման և մուտքի կառավարման լուծումներ առաջարկող Okta, Inc.–ն (OKTA)՝ 14.86% անկումով ($74.29)։


ԱՄՆ-ում բիզնես ակտիվությունը փետրվարին վերջին 10 ամսվա աճի ամենադանդաղ տեմպն է արձանագրել։ S&P Global-ի PMI ինդեքսը կազմել է 52.3, ինչը ապրիլից ի վեր նվազագույն ցուցանիշն է։ Թե՛ ծառայությունների, թե՛ արտադրության ոլորտներում աճի տեմպերը թուլացել են։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կարող է աճել տարեկան ընդամենը մոտ 1.5% տեմպով՝ զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա երկրորդ կիսամյակի բարձր աճից։


ԱՄՆ- ում դեկտեմբերին սպասվածից ավելի բարձր գնաճ է գրանցվել՝ ուժեղացնելով շուկայի սպասումները, որ Դաշնային պահուստային համակարգը մինչև հունիս չի շտապի իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։


ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը դեկտեմբերին կտրուկ աճ է գրանցել։ Ներմուծումն աճել է  3.6%-ով՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։ Միևնույն ժամանակ ներմուծումների աճը հիմնականում բաժին է ընկել կապիտալ ապրանքներին՝ հատկապես համակարգչային սարքավորումներին և հեռահաղորդակցության տեխնիկային, ինչը կարող է աջակցել բիզնես ներդրումներին և տնտեսության աճին։ Արտահանումները դեկտեմբերին նվազել են 1.7%-ով։


2026 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունիսի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 10.2 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98.2 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 6.7 տոկոս:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։