«Ներդրողի բրիֆ» շարքի գլխավոր գործընկեր Apricot Capital ներդրումային ընկերությունը հանդես է գալիս բացառիկ ակցիայով։ Apricot Capital: Trade & Invest առևտրային նոր հարթակի գործարկման կապակցությամբ ընկերությունը հնարավորություն է ընձեռում մուտք գործել առևտրային շուկա 0% միջնորդավճարով։ Սակագինը գործելու է 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ հաճախորդ դառնալու դեպքում։ Առաջարկից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։ 0% միջնորդավճարը գործելու է հանրագումարային մինչև տասը հազար հատ գնված և վաճառված արժեթղթերի դեպքում, իսկ նշված քանակը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար կկիրառվի 0,015$-ին համարժեք ՀՀ դրամ սակագին՝ յուրաքանչյուր արժեթղթի համար։ Արշավի ամփոփաթերթին կարող եք ծանոթանալ Apricot Capital-ի պաշտոնական կայքում։
Շաբաթվա արդյունքներով ԱՄՆ ֆոնդային շուկաներում գրանցվել է խառը դինամիկա․ Dow Jones ինդեքսն աճել է 2.5%-ով՝ գերազանցելով մյուս հիմնական ինդեքսներին, մինչդեռ S&P 500-ը նվազել է 0.1%-ով, իսկ Nasdaq-ը` 1.9%-ով։ Dow-ի դրական դինամիկան պայմանավորված էր ոչ տեխնոլոգիական և պաշտպանական հատվածների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճով, մինչդեռ արհեստական բանականության գերագնահատվածության շուրջ մտահոգությունները շարունակել են ճնշում գործադրել S&P 500-ի և հատկապես Nasdaq-ի վրա։
Նախորդ շաբաթվա ընթացքում ոսկին 2% աճ է գրանցել՝ գնանկումից հետո արձանագրված ներդրումների, ԱՄՆ դոլարի թուլացման և ԱՄՆ–Իրան բանակցությունների շուրջ շարունակվող անորոշության ֆոնին։ Արծաթը շարունակել է գնանկման դինամիկան՝ շաբաթվա կտրվածքով գրանցելով 8% անկում։
Անցած շաբաթ համաշխարհային շուկաները ճնշման տակ են հայտնվել՝ արհեստական բանականության շուրջ գերծախսերի և ԱՄՆ աշխատանքի շուկայի թուլացման ազդակների ֆոնին։ Մասնավորապես, MSCI-ի գլոբալ բաժնետոմսերի ինդեքսը նվազել է 1.23%-ով, իսկ համաեվրոպական STOXX 600 ինդեքսը շաբաթն ավարտել է 1.05% անկումով։
Amazon-ի բաժնետոմսերը շաբաթվա վերջում կտրուկ՝ շուրջ 9% անկում են գրանցել ընկերության կողմից մոտ 200 մլրդ դոլարի կապիտալ ծախսերի ծրագրի մասին հայտարարությունից հետո, ինչը շուկաներում մեծացրել է մտահոգությունները խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից արհեստական բանականության ոլորտում չափազանց մեծ ներդրումների արդյունավետության շուրջ։
Novo Nordisk-ի բաժնետոմսերն ուրբաթ օրն աճել են 5.4%-ով՝ մասամբ վերականգնելով նախորդ երկու օրերի կտրուկ կորուստները, այն բանից հետո, երբ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հայտարարեց, որ պատրաստվում է արագ քայլեր ձեռնարկել չհաստատված դեղերի զանգվածային վաճառքի դեմ։
Ֆրանս-իտալական Stellantis ընկերության բաժնետոմսերն ուրբաթ օրը կտրուկ անկում են գրանցել մինչեւ 24% Միլանում և մոտ 23.9% Փարիզում, այն բանից հետո, երբ ընկերությունը երկրորդ կիսամյակում մոտ 22.2 մլրդ եվրո պարտք է հաշվագրել՝ էլեկտրական մեքենաների ծրագրերի կրճատման հետևանքով։ Stellantis-ի գլխավոր ներդրող Exor-ը նույնպես մոտ 5% անկում է գրանցել:
Շաբաթվա ընթացքում Bitcoin-ը նվազել է մոտ 8%-ով` չնայած ուրբաթ օրվա զգալի վերականգնմանը: Etherium-ը նույնպես շաբաթն ավարտել է ավելի քան 9% անկումով: Ընդհանուր առմամբ, համաշխարհային կրիպտո շուկան հոկտեմբերի սկզբից ի վեր կորցրել է մոտ 2 տրիլիոն դոլար, որից ավելի քան 1 տրիլիոն դոլարը՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ արտացոլելով շուկայի անկայունությունը:
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է օպտիկական և ֆոտոնային տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Lumentum Holdings Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 40.87%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $551.99)։ Հաջորդը լոգիստիկայի և բեռնափոխադրումների տեխնոլոգիական լուծումներ մատուցող XPO, Inc.–ն է՝ 37.47% աճով ($203.61)։ Եռյակը եզրափակում է շարժիչների, փոխանցման համակարգերի և արդյունաբերական ավտոմատացման լուծումների արտադրությամբ զբաղվող Regal Rexnord Corporation–ը՝ 31.15% աճով ($211.80)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում գործող Stellantis N.V.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 26.24%–ով ($7.28)։ Հաջորդը բիզնես խորհրդատվության և վերլուծական հետազոտությունների ծառայություններ մատուցող Gartner, Inc.–ն է՝ 25.42% անկումով ($156.33)։ Եռյակը եզրափակում է թվային վճարային և ֆինանսական ծառայություններ մատուցող PayPal Holdings, Inc.–ը՝ 23.29% անկումով ($40.42)։
ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը փետրվարին հասել է վեցամյա առավելագույնին՝ 56.4-ի։ Միևնույն ժամանակ, սպառողները դեռ մտահոգ են բարձր գների և աշխատանքից կրճատումների մասին։ Սպառողների սպասումները հաջորդ տարում գնաճի վերաբերյալ 4%-ից նվազել են 3.5%-ի, բայց 5 տարվա հեռանկարում սպասումները բարձրացել են՝ 3.3%-ից հասնելով 3.4%-ի։
Եվրոպական կենտրոնական բանկը (ECB) փետրվարի 5-ին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ չնայած դոլարի տատանումներին և գների միջնաժամկետ տատանումներին։ Տնտեսությունը կայուն աճ է ցուցաբերել՝ նվազեցնելով քաղաքականության փոփոխության ճնշումը, իսկ գնաճը շարունակում է տատանվել 2% նպատակակետի շրջակայքում։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





