ԱՄՆ հիմնական ֆոնդային բորսաներն անցած շաբաթ փակվել են խառը արդյունքներով։ S&P 500-ն աճել է 0.34%-ով, Nasdaq–ը նվազել է 0.17%–ով, Dow Jones-ը` 0.42%-ով։ Շաբաթվա վերջին շուկաների գրանցած անկման հիմնական պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն էր՝ Քևին Ուորշին առաջադրել որպես Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նախագահի թեկնածու, ինչն ընկալվեց որպես հետագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկ նվազեցումները դադարեցնելուն ուղղված քայլ։
Հունվարի 28-ին ավարտված շաբաթվա ընթացքում համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը երրորդ շաբաթն անընդմեջ շարունակել են գրանցել ներհոսք՝ այս անգամ 33.4 միլիարդ դոլարի չափով։ Պարտատոմսային ֆոնդերը նույնպես շարունակել են պահանջված մնալ՝ ներգրավելով 18.0 միլիարդ դոլար։ Ոսկու և մյուս թանկարժեք մետաղների ֆոնդերը ներգրավել են 2.25 միլիարդ դոլար՝ ապահովելով դեկտեմբերի վերջից ի վեր ամենամեծ շաբաթական ներհոսքը։ Դրամական շուկայի ֆոնդերը վերականգնվել են երկշաբաթյա արտահոսքից՝ գրանցելով 10.3 միլիարդ դոլարի ներհոսք։
Այս շաբաթվա առաջին օրը ոսկու և արծաթի գները շեշտակի նվազել են նախորդ շաբաթվա լայնածավալ վաճառքների հետևանքով։ Ոսկու գինը նվազել է մոտ 1.8%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 4,776 դոլարի, ինչը շուրջ $900–ով ցածր է հունվարի 29-ի ռեկորդային բարձր գնից, իսկ արծաթի գինը նվազել է 1.1%-ով՝ հասնելով 83.73 դոլարի, ինչը մոտ 33%-ով ցածր է վերջին բարձրակետից։ Վերլուծաբաններն այս կտրուկ նվազումը պայմանավորում են նաեւ Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում Քևին Ուորշի հնարավոր նշանակմամբ, որն ակնկալվում է, որ կարող է խստացնել ԴՊՀ քաղաքականությունը՝ ամրապնդելով դոլարը։
Անցած ուրբաթ օրը S&P 500 ինդեքսն առաջին անգամ գերազանցել է 7,000 միավորը, ինչին նպաստել են արհեստական բանականության շուրջ մեծ լավատեսությունը և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների եկամուտների վերաբերյալ լավատեսական սպասումները։ Աճը գլխավորել են ինդեքսի գրեթե կեսը կազմող տեխնոլոգիական բաժնետոմսերը՝ հատկապես Nvidia–ն, Microsoft–ը և Alphabet–ը։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ S&P 500-ի շահույթը 2026-ին կաճի 15.5%-ով, իսկ միայն տեխնոլոգիական հատվածի շահույթը՝ 27%-ով։
Apple-ն հրապարակել է խիստ լավատեսական ֆինանսական ցուցանիշներ և կանխատեսել առաջին եռամսյակի եկամուտների աճ, ինչը հիմնականում պամանավորված է iPhone-ի մեծ պահանջարկով և ասիական շուկայում ընկերության դիրքերի վերականգնումով։ Չինաստանում —-ի մեծ պահանջարկի շնորհիվ վաճառքներն աճել են 38%–ով, Հնդկաստանում նույնպես նկատվել է վաճառքի ծավալների աճ։ Դեկտեմբերի 27-ին ավարտված եռամսյակում Apple-ն ունեցել է 143.8 միլիարդ դոլար եկամուտ՝ գրանցելով տարեկան 16%-ով աճ։ Ընկերությունն ակնկալում է, որ հաջորդ եռամսյակի եկամուտները կաճեն 13%–16%-ով։
Meta-ն չորեքշաբթի օրը կտրուկ մեծացրել է 2026 թվականի կապիտալ ծախսերի պլանները՝ հայտարարելով արհեստական բանականության ոլորտում «սուպերբանականության» զարգացման վրա կենտրոնանալու մասին։ Ընկերությունը նախատեսում է այս տարի 115–135 մլրդ դոլար ներդնել՝ հիմնականում ԱԲ տվյալների կենտրոնների, ամպային ենթակառուցվածքների և հաշվողական հզորությունների ընդլայնման համար։ Ներդրողները դրական են արձագանքել այս ռազմավարությանը․ Meta-ի բաժնետոմսերը լրացուցիչ առևտրում աճել են մոտ 10%-ով։
Tesla-ի բաժնետոմսերն ուրբաթ օրը թանկացել են մոտ 5%-ով այն տեղեկությունների ֆոնին, որ SpaceX-ը Իլոն Մասկին պատկանող մյուս ընկերությունների՝ արհեստական բանականության ստարտափ xAI-ի և Tesla-ի հետ միավորման շուրջ բանակցություններ է վարում։ Tesla-ի ներդրողները վաղուց են կողմ արտահայտվում միավորմանը՝ հույս ունենալով, որ տարբեր բիզնեսները մեկ տանիքի տակ միավորելը Մասկին թույլ կտա կենտրոնանալ էլեկտրական մեքենաներ արտադրող բիզնեսի վրա, որը ձգտում է արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտի խաղացող դառնալ։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է տվյալների պահպանման կրիչ սարքերի արտադրությամբ զբաղվող Sandisk Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 21.62%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $576.25)։ Հաջորդը կոշիկի, հագուստի և սպորտային ապրանքների արտադրությամբ զբաղվող Deckers Outdoor Corporation–ն է՝ 19.36% աճով ($119.34)։ Եռյակը եզրափակում է տվյալների պահպանման սարքերի և կոշտ սկավառակների արտադրությամբ զբաղվող Seagate Technology Holdings plc–ը՝ 17.80% աճով ($407.69)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է խաղերի և ինտերակտիվ բովանդակության ստեղծման ծրագրային հարթակներ մշակող Unity Software Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 31.27%–ով ($29.10)։ Հաջորդը արծաթի և թանկարժեք մետաղների արդյունահանմամբ զբաղվող Hecla Mining Company–ն է՝ 29.20% անկումով ($22.52)։ Եռյակը եզրափակում է առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող Humana Inc.–ը՝ 26.75% անկումով ($195.20)։
2026 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. փետրվարի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 18.4 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.3 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.08 տոկոս:
ԱՄՆ-ում արտադրական գները դեկտեմբերին վերջին հինգ ամիսների ամենաարագ աճի տեմպն են գրանցել՝ բարձրանալով 0.5%-ով, ինչը գերազանցել է շուկայի սպասումները։ Աճը հիմնականում պայմանավորված է ծառայությունների թանկացմամբ՝ հատկապես առևտրի, հյուրանոցների և ավիատոմսերի ոլորտում գների հաշվին, մինչդեռ ապրանքների գները մնացել են անփոփոխ։ Տարեկան կտրվածքով արտադրական գների ինդեքսի աճը կազմել է 3.0%։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չորեքշաբթի օրը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 3.50%–3.75%-ի միջակայքում՝ նշելով, որ տնտեսությունը մնում է կայուն, իսկ գնաճի և զբաղվածության հետ կապված ռիսկերը նվազել են։ ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը ընդգծել է, որ ներկայիս դրամավարկային քաղաքականությունը «լավ դիրքում է», և առաջիկայում տոկոսադրույքների նվազեցման հարցում շտապողականություն չկա։
Նոյեմբերին ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի պակասուրդը հասել է 56.8 միլիարդ դոլարի՝ գրանցելով 94.6% աճ, ինչն ամենամեծ ամսական աճն է 1992 թվականի մարտից ի վեր։ Սա պայմանավորված էր ներմուծումների ռեկորդային աճով, հատկապես համակարգիչների և կիսահաղորդիչների ներմուծմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է արհեստական բանականության ոլորտում ներդրումային բումի հետ։ Միևնույն ժամանակ, արտահանումները նվազել են 3.6%-ով՝ հասնելով 292.1 միլիարդ դոլարի։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





