Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Oklo Inc.–ը։ Փոքր մոդուլային ատոմակայանների նախագծմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 63.50%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $135.23)։ Հաջորդը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում գործող Figure Technology Solutions, Inc.–ն է՝ 38.34% աճով ($44.96)։ Եռյակը եզրափակում է կրիպտոարժույթների բորսայական հարթակ Bullish–ը՝ 33.45% աճով ($69.18)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ֆինանսական վերլուծական տվյալներ մատակարարող FactSet Research Systems Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 20.09%–ով ($289.15)։ Հաջորդը շինանյութերի մատակարարմամբ զբաղվող Builders FirstSource, Inc.–ն է՝ 13.02% անկումով ($124.15)։ Եռյակը եզրափակում է բժշկական սարքավորումներ արտադրող DexCom, Inc.–ը՝ 11.51% անկումով ($67.45)։
ԱՄՆ խոշոր ֆոնդային ինդեքսներն այս շաբաթը ևս փակել են աճով․ Nasdaq–ը շաբաթական կտրվածքով աճել է 2.2%-ով, S&P 500–ը՝ 1.2%-ով, իսկ Dow Jones–ը՝ 1.05%–ով, ինչը հիմնականում պայմանավորված էԴաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազեցմամբ և ներդրողների շրջանում դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման վերաբերյալ սպասումներով։
Համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից նախորդ շաբաթվա ընթացքում դուրս է բերվել 38.66 միլիարդ դոլար․ սա 2020 թվականից ի վեր ամենամեծ շաբաթական արտահոսքն է։ Դրան հակառակ՝ պարտատոմսերի ֆոնդերը ներգրավել են 12.2 միլիարդ դոլար, թեև ցուցանիշը նվազել է՝ հասնելով վերջին 10 շաբաթների նվազագույն մակարդակին։ Դրամային ֆոնդերը գրանցել են 9.12 միլիարդ դոլարի արտահոսք՝ նախորդ երկու շաբաթների գրեթե 60 միլիարդ դոլարի ներհոսքից հետո։ Իսկ ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը ներգրավել են 1.69 միլիարդ դոլար։
Nvidia-ն հինգշաբթի հայտարարել է Intel ընկերությունում 5 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին։ Գործարքի արդյունքում Nvidia–ն կդառնա Intel–ի խոշորագույն բաժնետերերից մեկը՝ ստանալով մոտ 4% բաժնեմաս։ Սա հանգեցրել է Intel-ի բաժնետոմսերի 23% աճի և նոր շունչ է հաղորդել տարիներ շարունակ վերակառուցման ձախողված փորձերից հետո դժվարություններ ունեցող ամերիկյան չիպարտադրողին։
Goldman Sachs–ը բարձրացրել է S&P 500 ինդեքսի տարեվերջին կանխատեսվող մակարդակը՝ 6,600–ից հասցնելով 6,800–ի, ինչը վերջին փակման արժեքի համեմատ ենթադրում է 2.04% աճի հնարավորություն։ Բանկը նաեւ բարձրացրել է իր 6 և 12 ամիսների կանխատեսումները՝ համապատասխանաբար 5% և 8% աճիակնկալիքով, ինչը կնշանակի ինդեքսի մակարդակի աճ մինչև համապատսխանաբար 7,000 և 7,200։
2025 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունվարի 19–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 6.5 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 97.5417 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.6889 տոկոս:
Սեպտեմբերի 13–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստի նոր դիմումների թիվը նվազել է 33,000–ով՝ հասնելով 231,000-ի, ինչով էլ փոխհատուցվել է նախորդ շաբաթվա աճը։ Դրան նախորդող շաբաթվա ընթացքում հայտերի թիվը կազմել էր 264,000՝ հասնելով 2021թ. հոկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 17-ին 2025 թվականի ընթացքում առաջին անգամ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ հասցնելով այն 4.00%–4.25% միջակայքի։ Կանխատեսվում է, որ տարվա ընթացքում կլինեն ևս երկու կրճատումներ՝ պայմանավորված աշխատաշուկայի թուլացմամբ։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





