Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է տվյալների վերլուծության ծրագրային ապահովմամբ զբաղվող Palantir Technologies ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 34.38%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 111.59 դոլարի։ Հաջորդը Doximity–ն է: Բժշկական մասնագիտական ցանցի ապահովմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 34.06%–ով՝ հասնելով 79.23 դոլարի։ Եռյակը եզրափակում է Super Micro Computer ընկերությունը՝ 27.21% աճով։ Տվյալային կենտրոններ արտադրող և ամպային  լուծումներ մշակող ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 36.28 դոլար։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Skyworks Solutions–ը։ Կիսահաղորդչային բաղադրիչների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 25.99%–ով և այժմ կազմում է 65.69 դոլար։ Հաջորդը The Estée Lauder Companies–ն է։ Խնամքի միջոցներ արտադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 22.05%–ով և հասել 65.03 դոլարի։ Եռյակը եզրափակում է Neurocrine Biosciences–ը։ Դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 19.23%–ով և կազմում է 122.62 դոլար։


Ամերիկյան բաժնետոմսերն անցած շաբաթն ավարտել են անկումով, ինչը պայմանավորված է աշխատաշուկայի վերաբերյալ զեկույցի թույլ ցուցանիշերով, գնաճի եւ Թրամփի նոր մաքսատուրքերի հետ կապված մտահոգություններով, ինչպես նաեւ տեխնոլոգիական ընկերությունների եկամուտների վերաբերյալ հիասթափեցնող հաշվետվություններով։ Ներդրողները զգուշավոր են, իսկ շուկան մնում է անկայուն: Ուրբաթ Dow Jones–ը նվազել է 0,99%-ով, S&P 500-ը՝ 0,95%–ով, իսկ Nasdaq–ը՝ 1,36%–ով։ Եվրոպական և համաշխարհային բաժնետոմսերը նույնպես թուլացել են՝ STOXX 600-ը նվազել է 0,38%-ով, իսկ MSCI-ի համաշխարհային ինդեքսը՝ 0,70%-ով:

Թրամփն անցած շաբաթ հայտարարեց բազմաթիվ երկրների համար նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, ինչը էլ ավելի խորացրեց առևտրային պատերազմի մտավախությունները: Ներդրողները մտահոգված են, որ դա կարող է դանդաղեցնել տնտեսական աճը և ազդել համաշխարհային առևտրի վրա: Բացի դրանից՝ տեխնոլոգիական խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Alphabet-ը, հայտնեցին սպասվածից ավելի թույլ եկամուտների մասին, ինչը մտահոգություն է առաջացնում այդ ընկերությունների աճի դանդաղման վերաբերյալ:

Մինչ բաժնետոմսերն անկում էին ապրում, ԱՄՆ գանձապետական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացավ 4.7 բազիսային կետով՝ հասնելով 4,485%–ի: 30–ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը աճեց 3.9 կետով՝ հասնելով 4.6856%, իսկ 2-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը ավելացավ 7.7 բազիսային կետով՝ հասնելով 4,285%–ի, ինչը նշանակում է, որ Դաշնային պահուստային համակարգը կարող է ձեռնպահ մնալ տոկոսադրույքները նվազեցնելուց։ Ամերիկյան դոլարն ամրապնդվել է։ Դոլարի ինդեքսը, որը չափում է դրա փոխարժեքը արժույթների զամբյուղի նկատմամբ, ներառյալ իենը և եվրոն, աճել է 0,36%-ով՝ հասնելով 108,05-ի։ Կրիպտոարժույթներն էժանացել են. Բիթքոյնը՝ 0,86%-ով, Ethereum-ը՝ 3,73%-ով։ Ոսկու գներն աճել են՝ մինչև 2860,18 դոլար մեկ ունցիայի դիմաց, քանի որ ներդրողները շուկայի անորոշության պայմաններում ապահով ապաստարաններ են փնտրում:


Երկուշաբթի՝ փետրվարի 10–ին, ամերիկյան բաժնետոմսերի ֆյուչերսները աճել են՝ վերականգնվելով անցած շաբաթվա կորուստներից հետո։ Պատճառը Դոնալդ Թրամփի հայտարարությունն էր, որ նա մտադիր է պողպատի և ալյումինի ներմուծման 25% մաքսատուրք սահմանել բոլոր երկրների համար՝ նպատակ ունենալով պաշտպանել ամերիկյան արդյունաբերությունը։ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո կտրուկ աճել են պողպատի և ալյումինի գները։  US Steel Corp.-ն աճել է 15%-ով, Alcoa Corp.-ը՝ 5%-ով։


Ներդրողները փետրվարի 5–ին նախորդող շաբաթվա ընթացքում 10,71 միլիարդ դոլար են դուրս բերել ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից ի վեր ամենամեծ ամենշաբաթյա արտահոսքն է եւ չորրորդ արտահոսքը հինգ շաբաթվա ընթացքում,  ինչը կրկին պամանավորված է Չինաստանի նկատմամբ նախագահ Թրամփի նոր մաքսատուրքերի և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտների վատ ցուցանիշների առաջացրած մտահոգություններով։ Միեւնույն ժամանակ, որոշ ոլորտային ֆոնդեր երրորդ շաբաթն անընդմեջ շարունակել են միջոցներներգրավել Ֆինանսական ոլորտի բաժնետոմսերի ֆոնդերը 1,01 միլիարդ դոլարի ներհոսք են ունեցել, սպառողական բաժնետոմսերինը՝ 907 միլիոն դոլարի։


Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության եւս մեկ ազդեցություն՝ փետրվարի 3-ին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հեջ-ֆոնդերը ավելի շատ են դուրս եկել համաշխարհային բաժնետոմսերի շուկաներից։ Նրանք վաճառել են բաժնետոմսեր շատ ոլորտներում՝ բացառությամբ անշարժ գույքի: Անշարժ գույքի բաժնետոմսերը միակն են, որ հեջ-ֆոնդերը շարունակում են գնել՝ դրանք դիտելով որպես լավ խաղադրույք գնաճի ժամանակ, քանի որ անշարժ գույքի արժեքները և վարձավճարները միտված են աճի:


Amazon-ի բաժնետոմսերը ուրբաթ՝ փետրվարի 7-ին, նվազել են 4%-ով, այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է այս տարի արհեստականբանականության վրա ավելի քան 100 միլիարդ դոլար ծախսելու պլանների մասին։ Ներդրողների շրջանում մտավախություններ են առաջացրել ինչպես ընկերության ծախսերի աճը, այնպես էլ ընկերության վաճառքների կանխատեսումները, որոնք սպասվածից ավելի թույլ են եղել: 


Tesla-ի բաժնետոմսերը անցած շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 10%-ով: Միայն ուրբաթ օրը ընկերության բաժնետոմսերը 3,3% անկում են ունեցել, ինչի պատճառը հունվարին Չինաստանում Tesla-ի վաճառքների 11,5% անկումն էր։ Միևնույն ժամանակ, նրա չինական մրցակից BYD-ը գրանցել է վաճառքների 47% աճ։ Մյուս խնդիրը Tesla-ի՝ Model 3 և Model Y մեքենաների մատակարարումների 32,6% անկումն է դեկտեմբերից հետ։ Tesla-ի վաճառքները Գերմանիայում նույնպես հասել են 2021 թվականից ի վեր իրենց ամենացածր մակարդակին։ Չնայած վերջին անկմանը, Tesla-ի բաժնետոմսերն ընդհանուր առմամբ աճել են 40%-ով 2024 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո:


Uber-ի բաժնետոմսերն ուրբաթ օրն աճել են 7%-ով, այն բանից հետո, երբ միլիարդատեր ներդրող Բիլ Աքմանը բացահայտել է, որ իր ընկերությունը հունվարի սկզբից ձեռք է բերել Uber-ի 30,3 միլիոն բաժնետոմս: Աքմանը կարծում է, որ Uber-ի բաժնետոմսերը թերագնահատված են, մինչդեռ ինքն այն համարում է բարձրորակ բիզնես, որի բաժնետոմսերը կարելի է գնել «զանգվածային զեղչով»:


Կիսահաղորդիչներ արտադրող Qualcomm ընկերության բաժնետոմսերը փետրվարի 6-ին նվազել են մոտ 5%-ով, այն բանից հետո, երբ ընկերությունը թույլ կանխատեսումներ է հրապարակել պատենտների արտոնագրման իր բիզնեսի համար: Սա ստվերել է ընկերության եռամսյակային վաճառքների և շահույթի ուժեղ կանխատեսումները: Qualcomm-ը նախազգուշացրել է, որ իր արտոնագրման բիզնեսը, որն ապահովել է իր եկամտի 14,8%-ը, այս տարի չի աճի Huawei-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:


AMD-ի բաժնետոմսերն ընկել են 8%-ով այն բանից հետո, երբ արհեստական բանականությամբ նրա չիպերի եկամուտը սպասվածից ավելի վատն է եղել։ Ընկերության տվյալների մշակման կենտրոնների 4-րդ եռամսյակի հասույթն աճել է 69%-ով՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, սակայն պակաս է ակնկալվող 4,15 մլրդ դոլարից: Սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ Nvidia-ի հետ մրցակցության ճնշումները մեծ են։ AMD-ը շահում է պրոցեսորների շուկայում, սակայն խնդիրներ ունի գրաֆիկական քարտերի շուկայում, որտեղ առաջատարը Nvidia-ն է:


Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերը նվազել են 8%-ով, քանի որ ներդրողներին մտահոգում է ամպային ծառայության աճի դանդաղումն ու 2025թ.-ի համար նախատեսված 75 միլիարդ դոլարի ծախսերի մեծ պլանը: Google Cloud-ի վաճառքներն աճել են 30%-ով, ինչը սպասվածից քիչ էր, իսկ ԱԲ բարձր ծախսերը ներդրողներին վախեցնում են։ Ընկերությունը կենտրոնանում է ԱԲ-ի վրա, սակայն վերլուծաբանները կարծում են, որ դա ռիսկային է: 


Անցյալ շաբաթ Palantir-ի բաժնետոմսերը հասել են նոր բարձրակետի՝ 2025 թվականի ուժեղ կանխատեսումներից և Իլոն Մասկի xAI ընկերության չաթ-բոտի` Grok-ի հետ ինտեգրումից հետո։ Ընկերության բաժնետոմսերն այս տարի աճել են գրեթե 50%-ով, իսկ անցած տարվա ընթացքում՝ 370%-ով՝ պայմանավորված նրա ԱԲ ծրագրաշարի պահանջարկով: 


Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաները զգուշավորություն են ցուցաբերում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու հարցում՝ չնայած ԱՄՆ-ի աշխատատեղերի կայուն աճին: Աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն՝ հունվարին գործազրկության մակարդակը մնացել է 4 տոկոս, ավելացվել է 143 հազար նոր աշխատատեղ, ինչը թեւ սպասվածից ավելի փոքր աճ է, սակայն ցույց է տալիս աշխատաշուկայի առողջ վիճակը։ Այնուամենայնիվ, գնաճը դեռևս ավելի բարձր է, քան Դաշնային պահուստային համակարգի նպատակային 2% ցուցանիշը։ ԴՊՀ-ի պաշտոնյաները, ինչպիսիք են Ադրիանա Կուգլերը և Նիլ Կաշկարին, կարծում են, որ խելամիտ է առայժմ պահպանել տոկոսադրույքները և սպասել լրացուցիչ տեղեկությունների՝ հատկապես Թրամփի սակագների քաղաքականության ազդեցության վերաբերյալ։  Որոշ պաշտոնյաներ ենթադրում են, որ եթե գնաճը բարելավվի, և աշխատաշուկան մնա ուժեղ, ապա Դաշնային պահուստային համակարգը կարող է այս տարվա վերջին դիտարկել տոկոսադրույքների նվազեցումը:


ԱՄՆ սպառողների տրամադրությունները փետրվարին անսպասելիորեն անկում են ապրել՝ հասնելով վերջին յոթ ամսվա ամենացածր կետին, մինչդեռ գնաճային սպասումները զգալիորեն աճել են: Սպառողների վստահության ինդեքսը նվազել է մինչև 67,8՝ հունվարի 71,1-ից, և տնային տնտեսություններն այժմ ակնկալում են, որ հաջորդ տարվա ընթացքում գնաճը կավելանա 4,3%-ով, ինչը ամենաբարձրն է 2023 թվականի նոյեմբերից ի վեր։


Դեկտեմբերին ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը աճել է 24,7%-ով և կազմել 98,4 մլրդ դոլար, ինչն ամենաբարձրն է 2022 թվականի մարտից ի վեր՝ պայմանավորված ներմուծման ռեկորդային բարձր ցուցանիշով։ Ներմուծումն աճել է 3,5%-ով՝ հասնելով 364,9 մլրդ դոլարի՝ մեծապես պայմանավորված այն բանով, որ ձեռնարկությունները գնում են օտարերկրյա ապրանքներ, ինչպիսիք են մետաղները և համակարգիչները, հնարավոր մաքսատուրքերից առաջ: Արտահանումը նվազել է 2,6%-ով և կազմել 266,5 մլրդ դոլար։ Աճող առևտրային բացը հատկապես մեծ է Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի հետ, որոնք հայտնվել են նախագահ Թրամփի մաքսատուրքերի թիրախում:


Հունվարին ԱՄՆ ծառայությունների ոլորտի ակտիվությունը դանդաղել է։ PMI ինդեքսը դեկտեմբերի 54,0-ից իջել է մինչև 52,8: Սա պայմանավորված է ավելի թույլ պահանջարկով, որն օգնել է նվազեցնել գների ճնշումը: Նոր պատվերներն ու ծառայությունների ոլորտի զբաղվածությունը նույնպես սառեցման նշաններ են ցույց տվել: 


Եվրոգոտու գործարար ակտիվությունը երկամսյա անկումից հետո հունվարին նորից սկսել է աճել։ Համախմբված PMI–ը բարձրացել է մինչև 50.2։ Սա մի փոքր է բարձր 50 նիշից, որը համարվում է աճի եւ նվազման սահմանագիծը։ Եվրոգոտու գնաճը հունվարին ավելացել է՝ հասնելով 2,5%–ի, ինչը պայմանավորված է էներգակիրների ավելի բարձր ծախսերով, սակայն բազային գնաճը մնացել է կայուն՝ 2,7% մակարդակում: Չնայած աճին, ակնկալվում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կշարունակի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, հնարավոր է՝ արդեն մարտին:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։