Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ծրագրային ապահովմամբ զբաղվող Atlassian Corporation ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 15.85%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 306.78 դոլարի։ Հաջորդը Royal Caribbean Cruises–ն է: Քրուիզային ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 14.86%–ով՝ հասնելով 266.60 դոլարի։ Եռյակը եզրափակում է International Business Machines (IBM) ընկերությունը՝ 13.75% աճով։ Հաշվողական մեքենաների լուծումներ մշակող ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 255.70 դոլար։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Manhattan Associates–ը։ Առևտրային լուծումների ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 27.92%–ով և այժմ կազմում է 208.59 դոլար։ Հաջորդը Vertiv Holdings–ն է։ Էներգաարդյունավետ համակարգերի լուծումներ մշակող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 20,02%–ով և հասել 117.02 դոլարի։ Եռյակը եզրափակում է Comfort Systems USA–ը։ Շինարարական ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 19.74%–ով և կազմում է 436.75 դոլար։
Փետրվարի 3-ին համաշխարհային շուկաները, ներառյալ եվրոպականն ու ասիականը, անկում են ապրել գլոբալ առևտրային պատերազմի մտավախությունների ֆոնին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կանադայից և Մեքսիկայից ներմուծման համար 25%, իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար՝ 10% մաքսատուրքեր սահմանելու մասին: Համաեվրոպական STOXX 600-ն ընկել է 1,4%-ով, ընդ որում՝ ամենածանր հարվածը ստացել են ավտոմոբիլային և տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը: Եվրոպական շքեղ սեգմենտի ընկերությունները, ինչպիսիք են LVMH-ը և Kering-ը, որոնք կախված են Չինաստանից, նույնպես անկում են ունեցել։ Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե առևտրային լարվածությունը շարունակվի, դա կարող է վնասել շահույթին, մեծացնել ծախսերը և առաջացնել գնաճ, այդ թվում՝ տնտեսության աճի դանդաղման և գնաճի պատճառ դառնալ ԱՄՆ–ում։
Գլոբալ առեւտրային պատերազմի մտավախություններն ազդել են նաեւ ամերիկյան ֆոնդային բորսաների վրա։ Nasdaq 100–ի ֆյուչերսները նվազել են 1,7%-ով, Dow Jones–ի ֆյուչերսները (YM=F)՝ 1,3%-ով, S&P 500–ի ֆյուչերսները (ES=F), ընդհակառակը, աճել են 1,5%-ով։ Մեծ հարված են ստացել փոքր ընկերությունները և տեխնոլոգիական բաժնետոմսերը: Խոշոր ավտոարտադրողները, ինչպիսիք են Ford-ը և General Motors-ը, նույնպես արժեթղթերի անկում են ունեցել: Դոլարի ինդեքսը (DX-Y.NYB) աճել է 1 տոկոսով՝ հասնելով երկու տարվա առավելագույնին։ Փորձագետները նախազգուշացնում են՝ շարունակվող լարվածությունը կարող է նվազեցնել S&P 500 ընկերությունների եկամուտների աճը 2%-3%-ով։ Ներդրողներն այժմ նախընտրում են ավելի ապահով ակտիվներ, ինչի հետևանքով նվազել է գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը, ինչպես նաև անկում են ապրել կրիպտոարժույթների (այդ թվում բիթքոյնի և եթերիումի) հետ կապված բաժնետոմսերը։
Apple-ի բաժնետոմսերն աճել են 2%-ով iPhone-ի վաճառքի ծավալների վերականգնման հետ կապված սպասումների ֆոնին։ Apple-ը, որն արդեն աշխարհի ամենաթանկ ընկերությունն է եւ արժե 3,573 տրիլիոն դոլար, այս եռամսյակում ակնկալում է ավելացնել իր շուկայական արժեքն ավելի քան 81 միլիարդ դոլարով, եթե շահույթը պահպանվի: Այնուամենայնիվ, ընկերության համար մեծ մարտահրավեր է շարունակում մնալ Չինաստանը։ Apple-ի վաճառքները Չինաստանում նվազել են 11%-ով 2024-ի վերջին, քանի որ տեղական ընկերությունները, ինչպիսին է Huawei-ն, գնալով ուժեղանում են: Մյուս մարտահրավերը արհեստական բանականության դանդաղ ինտեգրումն է, չնայած Apple-ը վերջերս թարմացումներ է կատարել, օրինակ՝ ավելացրել է ChatGPT–ի ինտեգրումը iPhone 16-ին, ինչն օգնել է մեղմել ներդրողների մտահոգությունները:
Tesla-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 2%-ով այն բանից հետո, երբ Իլոն Մասկը խոստացել է 2025 թվականի առաջին կիսամյակում թողարկել ավելի մատչելի էլեկտրական մեքենաներ և հունիսին սկսել ինքնավար երթևեկության ծառայության փորձարկումը: Այս լուրն օգնել է ներդրողներին անտեսել Tesla-ի չորրորդ եռամսյակի թույլ արդյունքները, որոնք ցույց են տվել ավելի ցածր եկամուտներ՝ մոդելների ավելի դանդաղ թարմացումների և մրցակցության աճի պատճառով: Այնուամենայնիվ, ընկերությունն ակնկալում է մեքենաների բիզնեսի աճ 2025 թվականին։ Tesla-ի ուշադրությունը պարզապես ավտոմոբիլային ընկերություն լինելուց տեղափոխվում է ավելի լայն բիզնեսի, որը ներառում է ԱԲ և ռոբոտաշինություն: Ընկերության բաժնետոմսերն աճել են նրա ինքնավար մեքենաների ծրագրերի վերաբերյալ լավատեսության, հատկապես ԱՄՆ կառավարության կողմից հնարավոր կարգավորող աջակցության շնորհիվ:
Անցյալ շաբաթ ֆոնդային շուկան ցնցում ապրեց DeepSeek չինական ստարտափի պատճառով, որը բացահայտեց իր բարձր արդյունավետությամբ գործող ԱԲ բաց մոդելը: Սա մտավախություն առաջացրեց, որ ԱԲ ծախսարդյունավետ, էժան մոդելը կարող է նվազեցնել ամերիկյան ընկերությունների բարձրակարգ սարքավորումների պահանջարկը և ներդրումները ԱԲ ենթակառուցվածքում: Ինչպես է DeepSeek–ն ազդել ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Nvidia (NVDA)–ն՝ ԱԲ ենթակառուցվածքի խոշոր խաղացողը, ծանր հարված է ստացել: Անցած երկուշաբթի ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 17%-ով։ Ընկերության շուկայական արժեքը նվազել է գրեթե 590 միլիարդ դոլարով, ինչը պատմության մեջ ամենամեծ կորուստն է մեկ ընկերության համար: Մտավախություն կա, որ DeepSeek-ի արդյունավետ մոդելը կարող է նվազեցնել Nvidia-ի թանկարժեք չիպերի պահանջարկը։ Չնայած շաբաթվա ընթացքում որոշակի վերականգնմանը՝ Nvidia-ն շաբաթը փակել է 16% անկմամբ: Meta Platforms (META) այն սակավաթիվ ընկերություններից էր, որի բաժնետոմսերն աճել են ցնցումների պայմաններում՝ անցյալ շաբաթ դրանց գինն աճել է 6,4%–ով: Ընկերությանն օգնել է այն, որ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը շեշտել է՝ Մետայի ուշադրության կենտրոնում են բաց կոդով ԱԲ մոդելները։ Meta-ի շահույթի հաշվետվության ցուցանիշները ևս դրական էին, որը ևս նպաստել է ներդրողների վստահության բարձրացմանը: ServiceNow (NOW)– ն ունեցավ անկայուն շաբաթ՝ ավարտվելով այն 1% անկմամբ, սակայն շաբաթվա սկզբում գրանցել էր 4% աճ՝ լավատեսության պատճառով, որ DeepSeek-ի ավելի արդյունավետ ԱԲ մոդելը կարող է նվազեցնել հաշվարկների ծախսերը եւ մեծացնել ծրագրային ապահովման արտադրանքի պահանջարկը: Այնուամենայնիվ, չորեքշաբթի ընկերության հիասթափեցնող եռամսյակային արդյունքները հանգեցրին դրա բաժնետոմսերի 11% անկմանը:
2025 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. փետրվարի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 17,532 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.0388 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.5783 տոկոս
Հունվարի 30-ին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով՝ ինչը 2024 թվականի հունիսից ի վեր արդեն հինգերորդ նվազեցումն էր , ինչի արդյունքում ԵԿԲ հիմնական տոկոսադրույքը հասավ 2,75%-ի։ ԵԿԲ որոշումը արտացոլում է թույլ տնտեսական աճի եւ շարունակվող գնաճի առնչությամբ աճող մտահոգությունները: ԵԿԲ–ն նաեւ բաց է պահել դռները տոկոսադրույքի հետագա նվազեցման համար, քանի որ շուկաներն ակնկալում են ևս երկու-երեք նվազեցում այս տարվա ընթացքում:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ 4,25%-4,50%–ի միջակայքում։ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ չեն շտապում շարունակել տոկոսադրույքների նվազեցումը, քանի դեռ գնաճի և աշխատատեղերի վերաբերյալ տվյալները ցույց չտան, որ դա անհրաժեշտ է: Գնաճն ԱՄՆ–ում մնում է բարձր, սակայն վերջին շրջանում այն կայունացել է, իսկ աշխատաշուկան շարունակում է մնալ ուժեղ՝ գործազրկության ցածր մակարդակով: Դաշնային պահուստային համակարգը նաեւ սպասում է նախագահ Թրամփի վարչակազմի քաղաքականության հստակեցմանը այնպիսի հարցերում, ինչպիսիք են ներգաղթը, մաքսատուրքերը և հարկերը, որոնք կարող են ազդել տնտեսության վրա:
Ավելի ուշ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հրապարակեց գնաճի մասին զեկույցը։ 2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ գնաճն ամենաշատն է աճել վերջին ութ ամսվա ընթացքում՝ պայմանավորված սպառողական մեծ ծախսերով: Անձնական սպառողական ծախսերի (PCE) գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 0,3%-ով՝ տարեկան գնաճը հասցնելով 2,6%-ի։ Հիմնական գնաճը ( որը չի ներառում պարենամթերքն ու էներգիան) նույնպես տարեկան կտրվածքով աճել է 2,8%-ով, ինչը ցույց է տալիս, որ գնաճային ճնշումները վերջին ամիսներին առանձնապես չեն դանդաղել: Չնայած դրան, սպառողական ծախսերը մնացել են կայուն՝ դեկտեմբերին աճելով 0,7%-ով, աճը հատկապես մեծ է այնպիսի ապրանքների գծով, ինչպիսիք են ավտոմեքենաները, սննդամթերքը և բենզինը, ինչպես նաև այնպիսի ծառայությունների մասով, ինչպիսիք են բնակարանները և առողջապահությունը: Այս ուժեղ սպառողական ծախսերը օգնել են պահպանել տնտեսական աճը։ Այս զեկույցի հրապարակումից հետո տնտեսագետներն ակնկալում են, որ Դաշնային պահուստային համակարգը կհետաձգի տոկոսադրույքների կրճատումը առնվազն մինչև 2025 թվականի կեսերը, քանի որ գնաճը դեռևս գերազանցում է իրենց 2% թիրախային ցուցանիշը, և կան մտահոգություններ նախագահ Թրամփի օրոք նոր քաղաքականության հնարավոր գնաճային հետևանքների վերաբերյալ:
ԱՄՆ սպառողների վստահությունը հունվարին նվազել է երկրորդ ամիսն անընդմեջ։ Ըստ Conference Board-ի՝ զեկույցի, սպառողների վստահության ինդեքսը դեկտեմբերի համար վերանայվել է՝ 109,5-ից իջել է մինչև 104,1։ Այս անկումը պայմանավորված է աշխատաշուկայի և գնաճի հետ կապված աճող մտահոգություններով: Մասնավորապես, աշխատաշուկայի վերաբերյալ տնտեսագետների կանխատեսումները սեպտեմբերից ի վեր առաջին անգամ վատթարացել են, իսկ բիզնեսի պայմանների գնահատականները թուլացել են երկրորդ ամիսն անընդմեջ:
ԱՄՆ տնտեսությունը 2024 թվականի վերջին եռամսյակում աճել է ավելի դանդաղ տեմպերով՝ տարեկան աճը եղել է 2,3%՝ նախորդ եռամսյակի 3,1%-ի համեմատ։ Այս դանդաղումը պայմանավորված էր այնպիսի գործոններով, ինչպիսիք են Boeing-ի աշխատակիցների գործադուլը, որը վնաս է հասցրել բիզնեսի ներդրումներին և ձեռնարկություններին ստիպել է ավելի քիչ ապրանքներ պահուստավորել։ Այնուամենայնիվ, սպառողական ծախսերն աճել են 4,2%-ով՝ ամենաարագ աճը գրեթե մեկ տարվա ընթացքում։ Մարդիկ ավելի շատ ապրանքներ են գնել ակնկալվող մաքսատուրքերից առաջ, օգնել են նաեւ բարձր աշխատավարձերն ու ցածր գործազրկությունը։ Ընդհանուր առմամբ, 2024-ին ԱՄՆ տնտեսությունն աճել է 2,8%-ով, մի փոքր իջնելով 2023-ի 2,9%-ից, այն գերազանցում է այն աճի տեմպը, որը Դաշնային պահուստային համակարգը համարում է առողջ:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





